Խորհրդային տարիներից դեռ մանկական տհաճ հիշողություն է մնացել` հասարակական վայրերում, ինչպես օրինակ ճաշարաններում, պիոներական ճամբարներում, հանգստյան տներում, հանրային զուգարաններում, անգամ հյուրանոցներում օգտագործած ու համարյա հալած օճառի փոքր մնացորդները ոչ թե դեն էին նետում, այլ միացնում էին մի ընդհանուր, խայթաբղետ, տձեւ ու կեղտոտ կույտի մեջ, որը ձեռք տալ էլ զզվելի էր, ուր մնաց լվացվել դրանով: Քաղաքական ու կուսակցական խմբակներն եւ «ուժերը» Հայաստանում այսօր հիշեցնում են այդ անլվա ու զզվելի հասարակական օճառի կտորը: Ռուսաստանի կողմից ծայրաստիճան ստորացման, ստրկացման պայմաններում եւ ուղիղ կլանման վտանգի առջեւ բոլոր այդ կեղծ «նժդեհական», «համազգային», «յեղափոխական» ձեռնաշարժումները ձուլվեցին ու միացան հակահիգիենիկ գարշահոտ մի կույտի, որով Պոնտիացի Պիղատոսն անգամ կզզվեր ձեռք լվանալ խաչելության հրամանը տալուց առաջ: Մեր Հայրենիքը խաչում են, իսկ կուսակցաքաղց ու քաղաքաթույն ամբոխը էլի Բարաբային է ուզում ազատել, էլի գող ու ավազակին է ընտրում, էլի կայսրությանը ապացուցում է իր ստրուկից առավել ստրուկ լինելը...Ձվերը կարմիր ներկեք, ստրուկներ, որ արյունը չերեւա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել