Եթե ՌԴ-ն մնար հավատարիմ կոմունիզմի գաղափարախոսությանը, ապա նրան թույլ կտային հանգիստ կլանել ողջ Ուկրաինան, բայց նոր Ռուսաստանը կոմունիստական չէ ու դժվար թե որոշի վերադառնալ այդ դավանանքին: Ուկրաինական ճգնաժամի մասով կարվի հնարավորը, որպեսզի այդ երկիրը անանցանելի ռազմաքաղաքական ճահիճ դառնա Ռուսաստանի համար, իսկ մինչ օրս նրա ունեցած ձեռքբերումները վերածվեն ծանր բեռի: Ժնևյան վերջին պայմանավորվածություններն ապացույցն են այն բանի, որ Միացյալ Նահանգները, իրենց մերձավոր դաշնակիցների հետ միասին, պատրաստվում են երկարատև խաղի, որի համար ուկրաինական դեպքերը նախաբան են լոկ: Հակառակորդ կողմերի մարտավարությունը միանգամայն տարբեր է, ինչը թելադրված է առկա աշխարհայացքային, փիլիսոփայական տարբերություններով: Հենց դրանով է պայմանավորված այն իրողությունը, որ եթե Ռուսաստանի գործելակերպը հիմնված է տարածքներ վերահսկելու միջոցով մարդկանց ենթարկեցնելու սկզբունքի վրա, ապա նրա ռազմավարական հակառակորդները նախընտրում են տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել մարդկանց տիրելու միջոցով: Այդ է պատճառը, որ Ռուսաստանն իր ֆիզիկական ներկայության սահմաններից դուրս, ըստ էության, չունի դաշնակիցներ, մինչդեռ ԱՄՆ-ի և, ավելի լայն համատեքստում՝ Արևմուտքի կողմնակիցներն ու աջակիցները Ռուսաստանում և վերջինիս մերձավոր դաշնակիցների տարածքներում ամենուր ներկա են և ակտիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել