Մինչ ՄԱԿ-ի և Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության՝ սիրիական քիմիական զինանոցի զինաթափման հարցով հատուկ առաքելության կոորդինատոր, Նիդերլանդների ներկայացուցիչ Սիգրիդ Կաագն իր թվիթերյան միկրոբլոգում գրում է, որ «Մինչ այս Սիրիայից դուրս է բերվել և ոչնչացվել քիմիական զենքի մոտ 80%-ը, աշխատում ենք սեղմ ժամկետներում, գործընթացը շարունակվում է...», սիրիական հակակառավարական մի շարք աղբյուրներ շարունակում են բանակային ստորաբաժանումների կողմից քիմիական զենքի կիրառման մասին հերթական տեղեկատվական գրոհը:
Ըստ մի շարք տեղեկատվական ռեսուրսների միաժամանակյա հաղորդման՝ այս անգամ սիրիական օդուժի ուղղաթիռները քլորով լիցքավորված տակառներ են նետել այս անգամ արդեն Հոմսի Զիտա ալ-Ղարբիա շրջանի վրա. 2014 թ.-ի ընթացքում սա արդեն 14-րդ նմանօրինակ հաղորդումն էր՝ տարածված սիրիական ընդդիմադիր աղբյուրների կողմից:
Բնականաբար, այս համատեքստում իրավիճակի ողջ լրջությունը գիտակցվում է նաև սիրիական իշխանությունների կողմից, որոնք, հասկանալով թե՛ երկրում, թե՛ երկրից դուրս ծավալվող գործընթացների ազդեցությամբ իրավիճակի ողջ լրջությունը և քիմիական զենքի կիրառման շահարկումներով պայմանավորված անընդհատ աճող սադրանքների սպառնալիքը, ջանում են օր առաջ ազատվել քիմիական զենքի արսենալից՝ անգամ գերակատարելով ՔԶԱԿ-ի կողմից նախանշված ժամկետները (ըստ նույն Սիգրիդ Կաագի՝ այս տեմպերով արդեն մինչև ապրիլի 27-ը հնարավոր կլինի երկիրն ազատել ԶՈԶ-ից)՝ ձգտելով չխախտել ՄԱԿ-ի ԱԽ-ի 2118 բանաձևի դրույթները՝ ընդունված 2013-ի սեպտեմբերին՝ սիրիական քիմիական զենքի ծրագիրը միջազգային վերահսկողության ներքո տեղափոխելու և ոչնչացնելու վերաբերյալ:
Իսկ որ պաշտոնական Դամասկոսի նման մտավախությունները բավականաչափ արդարացված են, այս մասին արդեն փաստում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ ապրիլի 20-ին հնչեցրած հայտարարությունն առ այն, որ միաժամանակ մի քանի աղբյուրներից ստացված տեղեկատվություն ունեն այն մասին, որ սիրիական վարչակարգը շարունակում է քիմիական զենք կիրառել, սակայն ապացույցների դեռևս չեն տիրապետում:
Այն, որ օրեցօր լարվում է իրավիճակը հատկապես սիրիական ռազմադաշտում, ակնհայտ իրողություն է, իսկ քիմիական զենքի կիրառման օջախների վերաբերյալ հայտարարություններն էլ գրեթե կանխատեսելի են. դրանք այն շրջաններն են, որտեղ սիրիական բանակն աներկբա առաջընթաց է արձանագրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել