Միջնադարը հայտնի է մարդկությանը նրանով, որ եկեղեցին ակտիվորեն մասնակցում էր աշխարհիկ կյանքի կազմակերպմանը՝ երեխային անուն էին տալիս եկեղեցուն կնքվելուց, դպրոցներն ու համալսարանները բացվում ու գործում էին հիմնականում եկեղեցիներին կից, եկեղեցու հայրերն որոշ երկրներում ավելի մեծ իշխանություն ունեին, քան աշխարհիկ ղեկավարները, և այլն: Ավելորդ է նշել, որ այդ ամենը եկեղեցին անում էր ոչ այնքան մարդկանց հոգիների կամ հոգեկանի մասին մտահոգվելով, այլ շատ ավելի աշխարհիկ ու նյութական խնդիրներ հետապնդելով. իշխանություն և փող:

Հիմա դառնանք Հայաստանին. այսօր՝ 21-րդ դարում, եկեղեցին որոշում է, թե բնակչությունը որ օրը և տարվա մեջ քանի օր աշխատանքի չգնա: Հայաստանն առհասարակ աշխարհում այն պետություններից է, որոնցում շատ են տարվա մեջ ոչ աշխատանքային օրերը (մոտ 120 օր տարվա մեջ չենք աշխատում, իսկ եթե հաշվի առնենք, թե մնացած օրերին ինչպես ենք աշխատում...): Պետական-ազգային տոներին և հիշատակի օրերին չաշխատելը հասկանալի է՝ մարդիկ համախմբված մասնակցում են այս կամ այն միջոցառմանը, աշխատանքային կոլեկտիվները և պետական ու մասնավոր ընկերությունները կազմակերպում են երթեր, այլ նախաձեռնություններ, այսինքն՝ բոլորը մասնակցում են ազգային-պետական նշանակություն ունեցող որևէ միջոցառման: Իսկ արդեն եկեղեցական տոներին չաշխատելը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, քանի որ չկա հենց այդ համախմբվածությունը՝ ընդհանուր առիթի շուրջ, բացակայում է օրվա խորհրդի համընդհանուր նշանակությունը:

Հանգամանք 2. Եկեղեցին կարճ ժամանակ առաջ դուրս եկավ խաղատների դեմ՝ պատճառաբանելով, որ խաղամոլությունը մեղք է: Սա կեղծ դատողություն է, իսկ կեղծ դատողությունը ճշմարիտի տեղ ընդունելու դեպքում դրանից բխում են անհեթեթություններ: Առաջին անհեթեթությունն այն է, որ ստացվեց այնպես, որ Երևանում խաղամոլությունը մեղք է, իսկ Երևանից դուրս՝ մեղք չէ, իսկ երկրորդ անհեթեթությունն այն է, որ եթե խաղամոլությունը մեղք է, քանի որ մեղք է ցանկացած մոլություն (սա էր եկեղեցու դիրքորոշումը), ապա նույնքան մեղք է եկեղեցաշինության մոլությունը, որով տառապում է մեր եկեղեցին: Երբ նաև եկեղեցու «օգնությամբ» Երևանում փակվեցին բոլոր խաղատները, խաղամոլության դեմ այդկերպ պայքարող եկեղեցականները գոնե մի պահ մտածեցի՞ն, որ խատատները փակվելուն պես Հայաստանում իրենց աշխատանքը կորցրեց շուրջ 4000 մարդ: 4000 ընտանիք զրկվեց եկամտից: Ես չեմ ասում, որ կառավարությունը, մի կողմից, հռչակում է աշխատատեղեր ստեղծելու իր ռազմավարության մասին, իսկ մյուս կողմից միաժամանակ փակում աշխատատեղեր: Մեր կառավարությունն էլ դեռ 4000 աշխատատեղ չի ստեղծել, բայց կարողացավ մեկ որոշմամբ այդքան աշխատատեղ փակել: Դե, որ կառավարությունը տգետ որոշումներ կայացնելու վարպետ է, բոլորս գիտենք: Բայց որ եկեղեցին էլ է այդպես «սիրում» Հայաստանի բնակիչներին՝ թողնելով նրանց առանց աշխատանք, եկամուտ և ապագա, դա լավ չէ, քանի որ այդպես էր վարվում եկեղեցին միջնադարում, և, ուրեմն, մարդկանց նկատմամբ եկեղեցու վերաբերմունքը դեռ չի փոխվել, մնացել է նույն միջնադարյան սկզբունքը՝ «մարդն ինչքան վատ ապրի, այնքան մեծ է հավանականությունը, որ կդառնա հավատացյալ»:Բոլորն էլ հասկանում են, որ եկեղեցին ու կառավարությունն այդ որոշմամբ սպասարկեցին որոշ օլիգարխներին և կրիմինալ եկեղեցական գործիչների ոչ-երկնային, այլ խիստ երկրային շահերը: Սա այլ հարց է, կարևորն այս պահին այն է, որ խաղատների հարցում նույնպես եկեղեցին խառնվեց պետության և մարդկանց գործերին և, ինչպես հաճախ, այն անգամ նույնպես նպաստեց ոչ ճիշտ որոշման կայացնամը: Ստացվում է, որ եկեղեցին ու կառավարությունն այս հարցում գործեցին միասին՝ ընդդեմ երկրի բնակչության և հանուն ոմանց շահերի:

Հանգամանք 3. Եկեղեցին դպրոց է մտել գիտության և աշխարհիկ կրթության հետ կապ չունեցող առարկայով՝ եկեղեցու պատմություն: Եկեղեցին սոցիալական ինստիտուտ է, որի պատմությունը Հայաստանում գիտական, կրթական և մանկավարժական աշխարհիկ համակարգում որևէ նշանակություն չունի: Իսկ եթե եկեղեցին մտահոգված է հոգևոր կրթությամբ, ապա դրա համար պետությունը տվել է իրավունք ճեմարաններ ստեղծելու: Ուրեմն, դպրոցն աշխարհիկ կրթության համար է, իսկ հոգևորի համար կա ճեմարան: Մեկը մյուսին խառնել չի կարելի, դրանով խառնվում է (անորոշ է դառնում) մարդու աշխարհայացքը՝ սրանցի բխող հայտնի և անհայտ բոլոր հետևանքներով:

Այնպես որ, պետք է իմանալ, որ կրոնապետությունը հանրային կյանքի կազմակերպման արխայիկ ձև է, որն իրեն պատմականորեն չի արդարացրել: Արդարացներ՝ կմնար ու կշարունակվեր ամբողջ աշխարհում:

Ցավոք, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում եկեղեցի-պետություն հարաբերություններում, վկայում է այն մասին, որ եկեղեցու դերը սոցիալական հարաբերություններում գնալով մեծանում է, իսկ դա ուղիղ ճանապարհ է դեպի հետ՝ միջնադար:

Հ.Գ. Պատմությունը կրկնվում է, գիտենք: Բայց առաջին անգամ պատմական իրավիճակը հանդես է գալիս որպես դրամա, իսկ երկրորդ անգամ կրկնվելուց՝ արդեն որպես ֆարս: Ինչպես ասում են՝ բարի գալուստ, Հայկական Նոր Միջնադար, չունենամ քեզ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել