Ժնևյան համաձայնությունը, ցավոք սրտի, կարծես ոչ մի կերպ չի հանդիսանում Ուկրաինայի արևելքում առկա ճգնաժամի կարգավորման համար վստահելի և ազդեցիկ գործոն: Դրա հիմնական պատճառը, թերևս, այդ համաձայնության ընդհանրական ձևակերպումներն ու մեխանիզմներն են, որոնք տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս: Սրան ի հավելումն` չմոռանանք, որ զուգահեռ բոլոր գործընթացների, ընթանում է ակտիվ քարոզչական պատերազմ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, որն իր հերթին խեղաթյուրում է միջազգային հանրության և առհասարակ սովորական քաղաքացիների պատկերացումներն այդ համաձայնության վերաբերյալ: Ռուսաստանն ու ռուսական մեդիան մեկնաբանում է այդ համաձայնությունը մի կերպ, Արևմուտքն ու համապատասխանաբար արևմտյան մեդիան՝ տրամագծորեն այլ կերպ: Իսկ արդյունքում ձգձգվում կամ էլ ընդհանրապես անհեռանկարային է դառնում վերը նշված ճգնաժամի լուծումը:

Տեսեք, ռուսական կողմը սա ներկայացնում է որպես համաձայնություն, որը պետք է դառնա առանցք Ուկրաինայում սահմանադրական փոփոխությունների և այդ երկրի դաշնայնացման համար: Կարճ ասած՝ ներկայացվում է որպես ռուսական հաղթանակ: Մինչդեռ արևմտյան կողմը մեկնաբանում է սրա բովանդակությունն ու նշանակությունը շեշտակիորեն այլ տեսանկյունից: Ըստ նրանց՝ Ռուսաստանը մեծ հաշվով գնացել է լուրջ զիջման` հրաժարվելով Ուկրանայի դաշնայնացման գաղափարից: Նրանց ներկայացմամբ Ռուսաստանը համաձայնել է արևելյան շրջանների համար որոշակի լիազորությունների ընդլայնման գաղափարին, բայց փոխարենը հրաժարվել է սահմանադրական փոփոխությունների գաղափարից և առավել ևս երկրի դաշնայնացման իր համառ մոտեցումից:

Այս համատեքստում, սակայն, հարկ է նշել, որ ռուսական կողմը ո´չ պաշտոնական, ո´չ էլ մամուլի մակարդակով նման ուղերձ աշխարհին չի հղել: Ասեմ ավելին, տեղի է ունեցել ճիշտ հակառակը: Ապրիլի 17-ին՝ Ժնևում տեղի ունեցած քառակողմ (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, ԵՄ) հանդիպումից հետո` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ իրենց ամերիկացի գործընկերները ռուսական կողմին հավաստիացրել են, որ Ուկրաինայում անպայման պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ:

Մի խոսքով, կրկին հայտնվում ենք կոտրած տաշտակի առջև: Կրկին չկա ընդհանուր ըմբռնում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությամբ: Սա, թերևս, հենց այսպես էլ պետք է լիներ: Ի վերջո, այդ համաձայնությունից հետո մի շարք փորձագետներ նախազգուշացնում էին, որ քառակողմ համաձայնությունը չափազանց ընդհանրական դրույթներ է իր մեջ պարունակում, և խնդրի կարգավորման համար համապատասխան հստակ մեխանիզմները բացակայում են: Իսկ դրա արդյունքը եղավ այն, ինչն այսօր մենք ունենք: Առկա է միջազգային հանրության կողմից աջակցություն ստացած համաձայնություն, որը, ով ինչպես ցանկանում, մեկնաբանում է, իսկ արդյունքում չի լուծվում Ուկրաինայում ճգնաժամը` հավելյալ տառապանքներ բերելով այդ երկրի ժողովրդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել