Newsbook.am-ը գրում է.

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու Հեղինե Բիշարյանը, զայրացել է, բորբոքվել ահավոր գրգռվել ու իր ֆեյսբուքյան էջից սպառնալիքներ է տեղում բոլոր նրանց, ովքեր համդգնել են քննադատել ՕԵԿ-ին: Բիշարյանից չի կամեցել հեռու մնալ նաև կուսակցության խոսնակ Արթուր Միսակյանը, ում ՕԵԿ-ում համարում են Բիշարյանի ստվերը: Սա էլ իր հերթին է սպառնում բոլորին մեկ առ մեկ անդրադառնալ՝ միաժամանակ հիշատակելով, թե ինչ օրենքներ է գրել ՕԵԿ-ը, ինչ նախաձեռնություններով է հանդես եկել: Եվ այստեղ հանկարծ բացահայտվում է մի բան, որ «Թատրոնի և թատերական գործունեության մասին» օրինագծի հեղինակը «Օրինաց երկիրն» է: Երևի չկա առավել զավեշտական մի բան, քան այն, որ ՕԵԿ-ականներն են գրել այս օրինագիծը, նրանք, ովքեր երբևէ թատրոն չեն մտել, թատերական գործունեության առանձնահատկությանը ծանոթ չեն, իսկ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ոչ երևանյան թատրոնների անունները գիտի, ոչ էլ կարողանում է հիշատակել, թե իր կյանքում վերջին անգամ երբ է թատրոն մտել: Բայց սա դառնում է ածանցյալ այն սպառնալիքների կողքին, որոնք տեղում է ԱԺ պատգամավորը, կինը, մանկավարժը, գիտության թեկնածուն:

Տիկին պատգամավորը երևի մոռացել է, որ մեր երկիրն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որ ազատ խոսքի իրավունքը մեզ մոտ ամրագրված է Սահմանադրությամբ և մի շարք օրենքներով: Մոռացել է այնքան, որ անցել է բարեկրթության բոլոր սահմանները և 6-րդ կարգի խառատի լեզվապաշարն է գործի դրել: Երևի այդպես էլ իրեն պահում է ուսումնական սենյակներում, ուր շարունակում է դասավանդել մանկավարժական գիտությունների թեկնածուն, որը ոչ ավել, ոչ պակաս՝ Խրիմյան Հայրիկի մանկավարժական հայացքներն է իբրև թե հետազոտել:

Մ. Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել