Հաճախ առիթ ունեցել եմ խոսելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և քրիստոնեական հավատքի մասին, եղել են պահեր, երբ քննադատել եմ մեր հոգևոր դասին այս կամ այն արարքի, կամ իմ կարծիքով հանցավոր անգործության համար, ինձ ճանաչողները գիտեն, որ անում եմ, քանզի ինձ համար շատ կարևոր արժեք է մեր եկեղեցին: Սա ուղղակի` ի գիտություն: Զատկի տոնի օրով խոստովանեմ նաև, որ վերջին տարիներին շատ քիչ եմ հաճախում եկեղեցի և դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում Եկեղեցի հաճախելը, խաչակնքվելը, Աստծո անուն տալը դարձել է PR գործիք, Եկեղեցուց ու հավատքից են խոսում մարդիկ, ովքեր բառիս բուն իմաստով մարդասպաններ են, ժողովրդին կեղեքողներ, թալանչիներ ու ազգիս ճակատագրի համար պատասխանատվություն կրող, բայց միաժամանակ շատ անտարբեր մարդիկ են: Ստեղծվել է մի ֆոն, երբ արժանապատիվ քաղաքացիների մի հոծ հատված, չցանկանալով նույնանալ վերոնշյալ զանգվածի հետ, սկսում են բնական հակադրման մեջ մտնել Եկեղեցու հետ, սկսում են քննադատել հոգևոր դասին, լինում են դեպքեր, երբ ընկնում են աղանդավորների ձեռքը և այս ամենի պատճառը վերջին տարիներին մեր Եկեղեցու շուրջ ստեղծվող աղմուկն է, աղմուկ, որը չի կարող բոլոր դեպքերում ՊԱՏՎԵՐ լինել, ինչպես պնդում են որոշ հոգևորականներ: Սա իսկապես ցավալի է ինձ համար: Առհասարակ երբ խոսում ենք քրիստոնեական հավատքից, անկախ նրանից, հավատում ես թե չէ, քրիստոնյա ես, թե այլ դավանանքի կրող` Սուրբ Գրքում կա մի ճշմարտություն, որի հետ չհամաձայնել չի կարելի. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն»: Շատ կցանկանամ, որ մեր իշխանավորները հիշեն Քրիստոսի այս խոսքերը: Հուսով եմ` հասկացաք ասելիքիս բուն իմաստը, ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՊԱՀԱՊԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել