Արաբական մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արտասիրիական ընդդիմության ներկայացուցիչ Քամալ ալ-Լաբուանին, ով 2011թ. նոյեմբերին հայտարարված համաներման արդյունքում ազատ էր արձակվել 10-ամյա բանտարկությունից և ամիջապես ներգրավվել նույն թվականի օգոստոսին Ստամբուլում ստեղծված ընդդիմադիր «Սիրիական ազգային խորհրդի» գործունեությանը՝ դառնալով կառույցի առանցքային անդամներից, իսկ ներկայում հանդես է գալիս «Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի» շարքերից, օրերս հայտարարել է, որ ՍԱՀ նախագահ Բաշար ալ Ասադին տապալելու միակ արդյունավետ միջոցն Իսրայելի հետ դաշինքի ձևավորումն է, մանավանդ, որ այդ հանգամանքը փոխշահավետ է երկու կողմերի համար: Ըստ նրա՝ ընդդիմադիր կառույցների դիրքերի ամրապնդումը կնպաստի նաև «ալ-Կաիդայի» հետ կապված ծայրահեղական խմբավորումների թուլացմանը:
Իսկ ավելի վաղ նույն գործիչն առաջարկել էր Իսրայելի կողմից ռազմական աջակցության ցուցաբերման և Սիրիայի հարավային հատվածում թռիչքազերծ գոտի սահմանելու դիմաց 1967թ. Վեցօրյա պատերազմի արդյունքում Իսրայելի կողմից գրավված, իսկ 1981թ. Կնեսետի որոշմամբ Հրեական պետությանը բռնակցված Գոլանի բարձունքները վերջնականապես զիջել Իսրայելին, քանի որ, ըստ Քամալ ալ-Լաբուանիի՝ «ավելի լավ է այդպես, քան կորցնել Սիրիան և Գոլանները միաժամանակ»:
Այս համատեքստում` իսրայելական գլխավոր ընդդիմադիր «Ավոդա» կուսակցության առաջնորդ Իցհակ Հերցոգն օրերս խոստովանել է, որ մշտական և կանոնավոր կապի մեջ է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների, մասնավորապես՝ «իր բարեկամ» վերը հիշատակված Քամալ ալ-Լաբուանիի հետ:
Վերոնշյալy, ըստ էության, արդեն փաստերով ամրապնդում է Բաշար ալ Ասադի վարչակարգի ներկայացուցիչների կողմից բազմիցս հնչեցված այն հայտարարությունները, որ արտասիրիական ընդդիմությունը լայնորեն համագործակցում է ամերիկա-իսրայելական դաշինքի հետ՝ մասնակիցը դառնալով Սիրիայի դեմ կազմակերպված արտաքին դավադրությանը, որի նպատակն այդ երկրի մասնտաումն է:
Ինչ խոսք, վերոնշյալ հայտարարություններն ընդամենը լույս են սփռում արդեն ավելի քան երեք տարի շարունակվող սիրիական ճգնաժամի որոշ ստվերային իրողությունների վրա: Անկախ նման բնույթի տեղեկատվությունից, պարզ էր որ Սիրիայի անմիջական հարևաններից գոնե Թուրքիան ու Իսրայելy, ընդանուրին համատեղ, նաև սեփական խաղն են խաղում: 
Դեռևս 1978-79թթ. ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի և Եգիպտոսի միջև քեմպդևիդյան համաձայնագրերի և Վաշինգտոնի հաշտության պայմանագրի ստորագրումից հետո, երբ ամերիկա-իսրայելական դաշինքին հաջողվեց էականորեն թուլացնել հակաիսրայելական արաբական ճամբարը՝ խաղից դուրս բերելով դրոշակակրին, այդ ժամանակաշրջանից ի վեր Պաղեստինի արաբ ժողովրդի արդարացի իրավունքների համար համաարաբական պայքարի առաջնորդ դարձավ Սիրիան, որը հետագա տասնամյակների ընթացքում այդ գործառույթներն իրականացնելիս առավել խորացրեց ռազմաքաղաքական հարաբերություններն ու համակողմանի համագորակցությունն ինչպես արտատարածաշրջանային, այնպես էլ մերձավորարևելյան որոշ առանցքային դերակատարների հետ՝ ակամա թիրախավորվելով նույն ամերիկա-իսրայելական «միության» և նրանց հարող ուժերի կողմից: 
Իսկ որ սիրիական ռազմադաշտում իրավիճակն աստիճանաբար լրջանում է և հակամարտ ճամբարներից յուրաքանչյուրի դեպքում ընդլայնվում է արտաքին միջամտության ձևաչափն, այդ մասին կարելի է դատել գոնե վերջին երկու ամիսների ընթացքում ծավալվող ռազմական գործողությունների որակապես նոր բնույթից՝ Իսրայելի տարածքից ավելի հաճախ դարձած տարբեր տրամաչափի հարձակումներից, Հորդանանի սահմաններից հակակառավարական խմբավորումներին ցուցաբերվող առավել լայնամասշտաբ լոգիստիկ աջակցությունից (հակակառավարական խմբավորումների զինանոցի նոր համալրումները մասնավորապես ամերիկյան արտադրության BGM-71 TOW հակատանկային հրթիռային համալիրներով), Թուրքիայի օժանդակությամբ առավել բացահայտ և մարտավարական նշանակության գործողությունների կազմակերպումից (Քեսաբի և Հալեպի դեմ իրականացված վերջին գործողություններն), ինչպես նաև, ի հակակշիռ, սիրիական վարչակարգին հարող ուժերից «Հիզբալլահի» կողմից ավելի ու ավելի բացահայտ դարձած, իսկ Իրանի և Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ստվերային աջակցության առանձին մանրամասներից:
Իսկ քաղաքական հարթության շրջանակներում զարգացումները սահամանփակ են, ինչն անչափ մտահոգիչ է. Բաշար ալ Ասադի կողմից ՍԱՀ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու մասին հայտարարությանն ի պատասխան առավել հաճախ են դարձել Սիրիայի տարբեր շրջաններում բանակային ստորաբաժանումների կողմից քիմիական զենքի կիրառման մասին տարաբնույթ վկայությունները, Ժնևյան ձևաչափի վերագործարկմանն ուղղված ջանքերի տապալման փաստերը և այն:
Ասվածի համատեքստում գոնե կարճաժամկետ հեռանկարում՝ մինչև ս.թ. հուլիս ամսին նախանշված ՍԱՀ նախագահական ընտրությունները սիրիական հակամարտության ընթացքում միանշանակ կարելի է կանխատեսել իրավիճակի թեժացում, ռազմական գործողությունների ակտիվացում բոլոր հնարավոր օջախներում, ինչպես նաև, չի բացառվում որևէ ձևաչափով արտաքին ռազմական ներխուժում՝ պայմանավորված հատկապես Արևելյան Եվրոպայում ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել