Հայոց լեզվում կան մի շարք կանոններ, որոնք հաճախ խախտվում են գրեթե ամենուրեք և գրեթե բոլորի կողմից: Ստորև Ձեզ եմ ներկայացնում այդ խնդիրներից 3-ը:

1. Փաստորեն հայերի մի մասը չգիտի Ց, Ջ, Ֆ, Յ, Ճ մեծատառերի ճիշտ գրելաձևը: Հաճախ խանութների պաստառներին ու ցուցանակներին գրվում են այս տառերի սխալ ձևերը: Նույնիսկ մի քանի հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ անգամ բանասիրական ֆակուլտետի 11 ուսանողներից 9-ը չեն կարողանում այս տառերը ճիշտ գրել:
2. Հայաստանում դեռևս չեմ հանդիպել այնպիսի մի վայր, որտեղ «Չկանգնե՛լ», «Չաղտոտե՛լ» և «Չծխե՛լ» բառերը գրված լինեն ճիշտ կետադրությամբ: Դրանք հատկապես հանդիպում են «Չ՛կանգնել», «Չ՛աղտոտել ձևերով», որոնք ՍԽԱԼ են: Հաճախ հանդիպում է ավելի սխալ՝ «Չ՝ծխել» ձևը, որտեղ շեշտի փոխարեն դրվում է բութ: Պետք է միշտ հիշել, որ հայոց լեզվում շեշտը դրվում է վերջին վանկի ՁԱՅՆԱՎՈՐԻ վրա:
3. Բանավոր խոսքում շատ է կիրառվում «Ցտեսություն Ձեզ» ձևը, որը կոպիտ սխալ է մեր լեզվում: Ցտեսություն բառը նշանակում է մինչ տեսություն, իսկ ավելացնելով Ձեզ բառը ստացվում է Մինչ տեսություն Ձեզ, որը սխալ է և չհնչող: Նախընտրելի է կիրառել «Հաջողություն Ձեզ» ձևը կամ ուղղակի ասել Ցտեսություն: Ցավոք, «Ցտեսություն Ձեզ» ձևն այժմ այնքան է կիրառվում, որ հնարավոր է այն համարվի ճիշտ: 
4. Եվ, թերևս, ամենատարածված սխալը թվերի հետ հոգնակի օգտագործելն է: Թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ ռադիոյով, թե՛ համացանցում և թե՛ ինչ-որ խոսակցության ժամանակ շատ են գործածվում 3 տղաներ, 4 խնձորներ և այլ ձևերը, որոնք սխալ են: Պետք է գործածել 3 տղա, 4 խնձոր ձևերը: Թվի հետ երբեք հոգնակի չեն դնում: Ի դեպ այս սխալը բազմիցս հանդիպել է նաև ԱԺ-ում:

Միշտ պետք է հիշել, որ մենք ենք հայոց լեզվի պահպանողը և այն սերունդներին փոխանցողը: Պետք է գիտակցել, որ լեզուն մեր ուզած ձևով փոխելը և այն մատուցելը սխալ է և ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել