Ուկրաինան կլանելուց հետո Ռուսաստանը կանգ չի առնելու. հաջորդը լինելու են Մոլդովան ու Ադրբեջանը: Մոլդովայի պարագայում էլի կգործարկվի ուկրաինական սցենար՝ ռուսախոս բնակչության ու Գագաուզիայի պաշտպանության պատրվակով կհրահրվի կա՛մ հեղաշրջում, կա՛մ էլ ինտերվենցիա, ընդ որում, որքան էլ արևմտամետ հայացքների տեր մարդիկ հակառակը պնդեն, Մոլդովայում ամեն ինչ ավելի հեշտ կանցնի, քան Ուկրաինայում: Սակայն անձամբ մեզ ավելի հետաքրքիր է Ադրբեջանի հետագա ճակատագիրը:
Ակնհայտ է, որ Ռուսաստանը Ադրբեջանին «անտեր» չի թողնելու. անպայմանորեն զբաղվելու է սուլթանատի հետ: Ակնհայտ է նաև, որ այս հարցում Ռուսաստանը, անկասկած, դիմելու է Հայաստանի օգնությանը, և այստեղ հարցը արդեն անմիջականորեն կապված է մեր շահերի հետ:

Կարելի է մեծ վստահությամբ պնդել, որ Ալիևը հեշտ ու հանգիստ չի պատրաստվում հանձնվել Ռուսաստանի քմահաճույքին: Ակնհայտ է նաև, որ Արևմուտքն ու Թուրքիան ևս չեն պատրաստվում լռել, երբ բանը հասնի գործողություններին: Այ այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը: Ես երկու հավանական սցենար եմ տեսնում.

1. Ամենաանարյունը. Ռուսաստանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը և հանրաքվե է անցկացվում, որով Արցախը միանում է Հայաստանի Հանրապետությանը, իսկ անվտանգության երաշխիքների նկատառումներով ՀՀ նոր սահմանին համատեղ կամ մասնակի կարգով հայտնվում են ռուս «խաղաղապահներ»: Ալիևը երբեք ու ոչ մի պարագայում ռիսկ չի անի պատերազմի բռնվել Հայաստանի ու առավել ևս Հայաստանի ու Ռուսաստանի հետ: Դրան հետևում են նոր շանտաժներ ու ակտիվացնում են անջատողական տրամադրությունները թալիշների ու լեզգինների շրջանում, ինչպես նաև անկայունություն է մտցվում հենց թյուրքական հատվածի մեջ՝ Ռուսաստանից զանգվածաբար ադրբեջանցիների արտաքսման միջոցով: Ալիևի ռեժիմը, ի վերջո, չի դիմանում ու տեղի է տալիս, դառնալով լրիվ լոյալ Ռուսաստանին, ու ընդունում կորուստները, կամ էլ համառում է ու տրոհվում է մի քանի մասերի: Երկու դեպքում էլ մենք շահեկան դիրքերում ենք:

2. Արյունահեղությունով. հրահրվում է նոր Արցախյան պատերազմ, որտեղ Ռուսաստանը սատարում է մեզ՝ ինչպես ռազմամթերքով, այնպես էլ քաղաքականապես՝ ապահովելով մեր ճակատը զենքով, իսկ թիկունքը՝ անվտանգության երաշխիքներով: Մենք այնքան ենք առաջ գնում, մինչև Ադրբեջանը 1994 թվականի օրինակով զինադադար է խնդրում, Ռուսաստանը հանդես է գալիս միջնորդի դերում ու կնքվում է խաղաղության պայմանագիր, որով մեզ անցնում են Արցախն ու նոր ազատագրված հողեր, իսկ Ադրբեջանը դառնում է Ռուսաստանի հմուտ խամաճիկ: Ավելի արդյունավետ լինելու համար չի բացառվում նաև Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքով ռազմաքաղաքական դաշինք ու այս սցենարից կարող են օգտվել նաև Իրանն ու հենց Ռուսաստանը՝ այդ թվում նաև տարածքային անեքսիաներով:

Այս պահին գուցե մի քիչ ֆանտաստիկ են թվում այս սցենարները, բայց եթե մենք գործենք խոհեմ և ճիշտ ու չկրկնենք 1919-1920 թվականների սխալները, ապա, անկասկած, կարող ենք մեծ ձեռքբերումներ գրանցել Ռուսաստանի հզորացումից: Կամ էլ էլի կարող ենք գոռալ-գոչել, որ Անտանտը մեզ կփրկի ու վերջում էլի մեծ արյունի ու կորուստների գնով մի կերպ կոտրած տաշտակի արժանանանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել