Մարկեսի մասին առաջին անգամ լսեցի, երբ 16-17 տարեկան էի:

Ռադիո «Արձագանք»-ի գիշերային եթերն էի լսում, երբ հաղորդԱվարը (եթե չեմ սխալվում Արտակ էր անունը), Մարկեսի մասին խոսք բացեց: «Ըստ հանրահայտ Amazon.com կայքի՝ աշխարհի գիրք ընթերցողները բաժանվում են երկու խմբի. Մարկեսին կարդացածներ և չկարդացածներ»: Այդպիսով՝ ես էլ որոշեցի մտնել Մարկեսին կարդացածների խմբի մեջ և հաջորդ օրն իսկ գնեցի «Հարյուր տարվա մենություն» համաշխարհային գլուխգործոցը: Եվ պարտադիր չէր, որ կարդայիր այս գիրքը և միանգամից հասկանայիր այն: Ավելին, դու կարող էիր այն կարդալ և ոչինչ էլ չհասկանալ և դա չէր անդրադառնում քո մտավոր կարողությունների վրա, որովհետև Մարկեսը բոլորին հասկանալի չէ, և դա նորմալ է: Իսկ հիմա մի փոքր էքսկուրսիա կատարենք Մարկեսի անցած ճանապարհով:
Նա 87 տարեկան էր: «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Սերը ժանտախտի ժամանակ», «Նահապետի աշունը». սրանք նրա գրքեր են, որոնք մտնում են համաշխարհային գրականության ոսկե ֆոնդերի մեջ: Մարկեսին ճանաչում բերեց «Հարյուր տարվա մենություն» վեպը: Այն անվանում են մարդկային կյանքի և սիրո հանրագիտարան: 
Գաբրիել Գարսիա Մարկեսը ապրեց այնպես, ինչպես գրում էր. խորհրդավոր, վառ և բեղմնավոր: Նա Նոբելյան մրցանակակիր էր, մեր օրերի Սերվանտեսը: Մոգական ռեալիզմի նահապետը սիրում էր ոչ միայն գրականության լեգենդներ ստեղծել: Լեգենդները իրենք էին սիրում նրան: 2000 թ.-ին ամբողջ աշխարհը ցնցեց մեծ գրողի հրաժեշտի նամակը: Եվ միայն բարձրացված աղմուկից հետո մաեստրոն դուրս եկավ հանրության առաջ և հայտարարեց. «Ես չէի կարող այդպես վատ գրել: Աշխարհում շատ բաներ են տեղի ունենում իմ անունից, ինչի մասին ես նույնիսկ գաղափար չունեմ»: 
Դրանից հետո ևս, նրա անունից շատ մահախոսականներ էին տպագրվում, բայց նա հերքում էր տալիս դրանց: 2004 թ.-ին տպարանից գողացան նրա «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վեպը: Ի պատասխան՝ նա ամբողջովին փոխեց վերջաբանը: Մեկ միլիոն օրինակը վաճառվեց մեկ ամսում: Գողացված տարբերակը ոստիկանությունը առգրավեց: Նույնիսկ նրա ծննդյան օրվա մասին մինչև օրս վիճում են: 2012 թ.-ին աշխարհի կեսը տոնում էր նրան 85-ամյակը, այն ինչ, Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքը պնդում էր, որ «Գնդապետին ոչ ոք չի գրում» վեպի հեղինակը մեկ տարով փոքր է:
Այնուամենայնիվ, 2007 թ.-ին գրողը մասնակցեց իր 80-ամյակի տոնակատարություններին: Գլխավոր իրադարձությունը դարձավ ոչ պաշտոնական բանկետը, որին ներկա էին Իսպանիայի թագավորը, Բիլլ Գեյթսը, Բիլլ Քլինթոնը և ուրիշներ:
Նա ծնվել էր կոլումբիական ոչ մեծ քաղաքում՝ Արակատակայում, որն էլ գրողի հայտնի ստեղծագործության՝ «Հարյուր տարվա մենության» Մակոնդո քաղաքի նախատիպն էր: «Դոն Քիշոտ»-ից հետո, սա իսպաներենով գրված ամենաշատ կարդացված գիրքն է: Դրա համար նա 1982 թ.-ին Նոբելյան մրցանակ ստացավ, ինչի պատճառով էլ գրողը կես տարի ինքն իրեն փակեց տանը: Մարկեսը մեկ անգամ չէ, որ հիշատակել է. «Երբ դրվեց վեպի վերջին վերջակետը, տանը այլևս գումար չկար, որպեսզի ուղարկվեր տպագրության»: Նա ստիպված էր վաճառել կնոջ հարիչն ու վարսահարդարիչը:
«Աստված մի արասցե, եթե վեպդ վատը դուրս գա»,- ընդամենը նկատել էր հավատարիմ կինը՝ Մերսեդեսը:
«Միայն պատկերացնելը, որ միլիոնավոր մարդիկ կկարդան իմ կողմից՝ միայնության մեջ, ընդամենը այբուբենի 28 տառերից և երկու մատերով, իսկ դա այն է, ինչ ես ունեմ, գրված մի բան: Դա ուղղակի մաքուր խելահեղություն է»,-ասում էր Մարկեսը:
Այնինչ, իր ամենակարևոր ստեղծագործությունը Մարկեսը համարում էր «Նահապետի աշունը»: Վեպ՝ բացարձակ իշխանության մասին: Նա երբեք չի թաքցրել իր ձախ հայացնքերը: Դեռ լրագրող աշխատելու տարիներին նա այցելել էր Մոսկվա՝ մասնակցելու Երիտասարդության և ուսանողության փառատոնին: Նա դրանից հետո գրել է. «22,400,000 ք/կմ տարածք և ոչ մի Կոկա-Կոլայի գովազդային վահանակ: Ամենահետաքրքիր մարդիկ ապրում են Ռուսաստանում» (ինքը դա ասելիս երևի Հայաստանի մասին չի իմացել)))): Նա ամբողջ կյանքում ընկերություն էր անում Ազատության Կղզու հիմնադիր Ֆիդել Կաստրոյի հետ: Նա քննադատում էր ԱՄՆ-ին՝ իմպերիալիստական նկրտումների համար: Եվ, արդեն 18 տարեկանում, նա մեքսիկական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում էր:
 
Մարկեսը 2 անգամ հաջողությամբ խաբել էր մահին. սկզբում հաղթելով թոքերի քաղցկեղին: Նա աշխատանքի ընթացքում օրեկան 3 տուփ ծխախոտ էր ծխում: Այնուհետև՝ լիմֆոմային: Իսկ կյանքի վերջում արդեն, իր առաջին և միակ ինքնակենսագրականի հատորի մեջ գրեց. «Իմ գրելու գլխավոր գաղտնիքը, դա առանց դուռը ծեծելու և ինչ-որ բան խնդրելու, իրականության հիերոգլիֆները կարդալու կարողության մեջ է: Եվ դա ամենակարևորն է, որն ինձ սովորեցրել է կյանքը»: 
Այսօր Կոլումբիայում եռօրյա սուգ է հայտարարված:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել