Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Ժնևյան համաձայնությունը մի շարք փորձագետներ դիտարկում են որպես փոխզիջումային տարբերակ շահագրգիռ բոլոր կողմերի միջև, իսկ ոմանք գնահատոում են որպես Արևմուտքի, ոմանք էլ` Ռուսաստանի հաղթանակ: Գիտեք՝ ինչ, ես կարծում եմ, որ եթե այս ձեռք բերված համաձայնությունը լինի սկիզբը այս ճգնաժամի չեզոքացման ճանապարհին, ապա դա առաջին հերթին կլինի Ուկրաինայի ժողովրդի հաղթանակը: Մյուս կողմից, եթե, այնուամենայնիվ, խնդիրը դիտարկենք մնացած շահագրգիռ կողմերի տեսանկյունից, թե ով ինչ է այստեղ շահում կամ կորցնում, ինչպես նաև ում առաջնային դիրքորոշմանն է ավելի մոտ այս համաձայնագիրը, ապա, իմ կարծիքով, պայմանական ասած, հաղթողն այստեղ Ռուսաստանն է:

Տեսեք, շատերին թվում էր և շարունակում է թվալ, որ Ռուսաստանը փորձում էր գրավել Ուկրաինայի մեծ մասը, և մեծ հաշվով ոչնչացներ Ուկրաինան այնպիսին, ինչպիսին որ այն այժմ կա, սակայն, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում Ռուսաստանի կողմից շարունակական ուղերձներին, որոնք Մոսկվան ուղղում էր աշխարհին և Ուկրաինային՝ թե´ ուղղակի, թե´ անուղղակի ճանապարհներով: Բանն այն է, որ Ռուսաստանին Ուկրաինան գրավել բնավ էլ պետք չէ. Ռուսաստանին պարզապես պետք է դաշնայնին պետական կառուցվածք ունեցող Ուկրաինա, որը թույլ կտա այդ երկրի արևելյան, ինչպես նաև հարավային շրջաններին ավելի անկախ գործել Կիևից և նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի Ռուսաստանն ավելի ակտիվացնի իր գործունեությունը այդ շրջաններում: Դրանից զատ, Ռուսաստանին պետք է, որ Ուկրաինան լինի չեզոք պետություն, իսկ ինչպես երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ուկրաինայի չեզոքության վերանայմանը վերաբերող ցանկացած հարց միանգամից հանվել է բանակցությունների օրակարգից:

Հիմա անդրադառնանք վերջապես այդ համաձայնագրին և հասկանանք, թե ինչու սա կարելի է դիտարկել որպես Ռուսաստանի հաղթանակ: Այնտեղ նշվում է, որ բոլոր անօրինական զինված խմբավորումները պետք է զինաթափվեն և գրավված շենքերը ցուցարարների կամ էլ, ինչպես իրենք են իրենց կոչում, ինքնապաշտպանական ջոկատների կողմից պետք է վերադարձվեն տեղական իշխանություններին, բայց, միևնույն ժամանակ, Կիևը պետք է նախաձեռնի Ուկրաինայում ազգային համապարփակ երկխոսության գործընթաց, որը պետք է լինի բոլոր շրջանների մասնակցությամբ և հատուկ ընգծվում է, որ այդ գործընթացը պետք է բխի երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու տրամաբանությունից, ասել է թե, ամբողջ գործընթացի առանցքը կազմելու է նոր սահմանադրության ընդունման հարցը:

Դե, գիտեք՝ ինչ, գրավված շենքերի վերադարձը, կամ էլ զինված խմբավորումների զինաթափումը անմիջականորեն ստեծված իրավիճակում գուցեև չի բխում Ռուսաստանի շահերից, բայց դրա դիմաց սահմանադրական բարեփոխումների անցկացումն ամեն ինչ իր տեղն է գցում: Այնպես որ, այս համատեքստում, կարծում եմ, որ Ուկրաինայից բացի, որպես անմիջական դերակատար շահեց հիմնականում նաև Ռուսաստանը՝ որպես երրորդ երկիր: Ամեն դեպքում Ժնևյան այս համաձայնագիրը չի ենթադրում խնդրի ամբողջական և համապարփակ լուծում, սակայն լարվածության թուլացման և հակամարտության վերջնական լուծման համար շատ լավ հիմքեր է ստեղծում: Այլ կերպ ասած՝ սա դեռ փոքրիկ դիվանագիտական ճակատամարտ էր ընդհանուր մեծ և խորքային պատերազմի, որից առաժմ շահող է դուրս գալիս Ռուսաստանը, իսկ թե ինչպես այս համաձայնագիրը կյանքի կկոչվի և դրական արդյունքների դեպքում, որոնք կլինեն դրան հաջորդող գործողությունները, ցույց կտա ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել