Նոր վարչապետի լայն լիազորությունների մասին նախագահական ակնարկը, հնարավոր է, ամենևին էլ սատարման մասին չէր, այլ ապագա և կանխատեսելի տապալումների ողջ պատասխանատվության հեղինակային իրավունքերի կանխավ ամրագրում՝ հաշվի առնելով Մաքսային միության հայկական տխուր հեռանկարները, Ռուսաստանի շուրջ անկանխատեսելի զարգացումները, Վրաստանի և Ուկրաինայի ԱԼԳ-ին անդամակցությունը և այլն: Այլ կերպ ասած՝ նոր վարչապետին ասվում է,- «սա էիր ուզում, ուրեմն լիարժեք վայելիր, բայց մենք փաս»: Պատահական չէր ՀՀԿ խոսնակի շեշտադրումը, թե ովքեր, որ համաձայնեն գործակցել հանրապետականի, իսկ ավելի ստույգ՝ նոր կառավարության հետ, պետք է մասնակի կամ լիարժեք պատասխանատվություն կրեն: Իսկ ո՞վ կցանկանա այս բարդ իրավիճակում իր տկար ուսերին նման բեռ վերցնել: Կարծում եմ` նախագահը կամ երկու նախագահները ՕԵԿ-ին՝ ի դեմ Արթուր Բաղդասարյանի ազատեցին անցանկալի պատասխանատվությունից, բայց կպահեն խաղի մեջ, արդեն որպես ընդդիմադիր ուժ, և միգուցե որպես այս կառավարության գլխավոր քննադատ (ինչպես ԲՀԿ-ն՝ նախորդի): Երբ այս պարտիան ավարտվի, ՕԵԿ-ը կհայտարարի, թե մենք ասում էինք, չէ, որ այս կառավարությունը վստահություն ներշնչող չէր, իսկ ավելի ճիշտ՝ իրենց ձևակերպմամբ՝ ոչ նպատակահարմար և խնդրահարույց: Նույն տրամաբանությամբ, կարծում եմ` ԲՀԿ-ին և Դաշնակցությանը նույնպես խորհուրդ են տվել չաջակցել նոր կառավարությանը: Կարծում եմ` առաջիկա մեկ-երկու տարում հանրապետականների ներքին խոհանոցում թեժ է լինելու: Իսկ մեկ-երկու տարի անց նման ևս մեկ լուրջ տեղաշարժի արդյունքում ի հայտ կգան իրական հավակնորդները և, միգուցե, քաղաքական վերնախավը բավականին թարմացված և ավելի անվտանգ լինի: Երկիրն այսօր իր ահռելի պրոբլեմներով միտումնավոր դրվեց օլիգարխիայի ուսերին՝ անխուսափելի ձախողման հեռանկարով: Բայց արդյո՞ք բիզնես էլիտը պատրաստ է դատարկել գրպանները հանուն նոր վարչապետի: Ինչևէ, համոզված եմ միայն, որ այսօր ոչ միայն գուշակությունն, այլև վերլուծություն է անշնորհակալ գործ, քանի որ ներքին զարգացումները խմբագրվելու են, ըստ արտաքին ազդակների, իսկ արտաքին զարգացումներն այսօր գրեթե անկանխատեսելի են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել