Բարև տետր ջան, շատ վաղուց է, ինչ չեմ պատմել քեզ վերջին իրադարձությունները:
Թերթում եմ էջերը և այստեղ տեսնում եմ այն, ինչ անցյալում է մնացել: Հիմա ամեն ինչ ուրիշ է, ամեն բան փոխվել է: Կյանքիցս շատ մարդիկ են գնացել, իսկ նորերը չեն եկել, և դրա միակ մեղավորը ես եմ, քանի որ մեկ անգամ խաբվելով՝ երկրորդ անգամ չեմ ուզում նույնը ապրել:
Տետր ջան, քո էջերում իմ և նրա ուրախ օրերն են անմահացել, բայց հիմա ուրիշ է: Հիմա մեկ ուրիշի օրագրում է նա անմահանում:
Նա գնաց…
Իմ տետր, իմ տխրության և ուրախության ընկեր, դու միակն ես, ով իր լռությամբ շատ խորհուրդներ է տալիս:
Հիմա ուզում եմ քեզ պատմել, թե ինչ է պատահել: Դու գիտես, որ ես և նա հաճախ վիճում էինք, բայց միշտ միասին էինք մնում: Եվ այսպես երեք տարի անընդմեջ: Մեզ թվում էր, որ երբեք չենք բաժանվի, սակայն…
Ապրիլի 13՝ Ծաղկազարդ, մի գեղեցիկ եկեղեցական տոն, որը միշտ ուրախություն էր պատճառում ինձ, սակայն այս մեկը պետք է տարբերվեր, այս մեկը պետք է միշտ հիշվեր, որովհետև այդպես էր որոշված:
Գնացել էի եկեղեցի, այն եկեղեցին, որ առաջին անգամ միասին էինք գնացել: Այնքան երջանիկ էինք, այնքան ուրիշ էր ամեն ինչ, իմ ձեռքերի մեջ նրանն էին, նրա ձեռքերի մեջ՝ իմը: Իսկ այդ օրը ձեռքս հպվում էր քամուն և քամին էլ մեծ հաճույքով բռնել էր այն: Այդ օրը սովորականից հանգիստ էի, աչքերս չէին փնտրում նրան, ես ուղակի քայլում էի, ու դիտում էի շուրջս կատարվող անցուդարձին:
Զարմանալի է, բայց որոշեցի, որ եկեղեցի չեմ ուզում մտնել, ուզում էի նստել բակում և նայեի թե ինչպես էին անցորդնեոը գնում-գալիս: Իմ կյանքում էլ են մարդիկ այդպես արագ գալիս-գնում: Ահա այսպես նայում էի այս ամենին, և հանկարծ…
Հանկարծ աչքերս սառեցին, ես տեսա այն մարդուն ով վաղուց գնացել էր կյանքիցս, բայց, միևնույնն է, ես համոզված էի, մի օր վերադառնալու էր:
Բայց, գիտես, տետր ջան, նա ինձ պես չէր, նրա ձեռքին քամին չեր հպվում, այլ մի ուրիշ աղջկա ձեռքն էր: Նա քայլում էր հպարտ կեցվածքով, իսկ աղջիկը հետևում էր իրեն: Կարծես նույն պատկերն էր, ինչ մեկ տարի առաջ, ուղղակի մի տարբերությամբ՝ մեկ տարի առաջ ես էի այդ աղջկա փոխարեն: Այդ պահին կարծես ամեն ինչ փուլ եկավ գլխիս, չէի հավատում, ..Ինչպե՞ս կարող էր այդպես պատահել: Մի՞թե այն խոսքերը, որը ասում էր, սուտ էր, մի՞թե…Ու ես չէի կարող այդ մտքերով տանջել ինձ, բայց ինչպես իմանայի պատասխանը այն բոլոր հարցերի, որոնք կրծում էին հոգիս…Ինչպե՞ս:
Մոտենալ չէի կարող, չէի կարող ևս մի հոգու տանջել ինձ հետ միասին, այդ դեպքում ի՞նչ անեի: Միգուցե լսեի հպարտությանս և ոչինչ էլ չանեի և առաջ շարժվեի, բայց դա այդքան էլ հեշտ չէր: Եվ որոշեցի ուղղակի շնորհավորական նամակ գրել ու այլևս ոչ մի երկխոսություն չունենալ:
Այդպես էլ արեցի, տետր ջան: Նա փորձեց կապվել ինձ հետ, սակայն դա անհնար էր, ես չէի ուզում: Միգուցե զղջամ, որ թեկուզ մեկ անգամ չլսեցի նրան, սակայն մի բան հաստատ գիտեմ, որ նա երջանիկ է, և, որ ամենակարևորն էր՝ առանց ինձ:
Տետր ջան,  հետաքրքիր է՝ քո էջերն էլ ավարտվեցին, երևի դա ազդարարում է ավարտը այն ամենի, որ ավարտվեց մեր երեք տարվա պատմությունը:
Մեր սերը ապրեց երեք տարի և ավարտվեց կարծես չէր էլ սկսվել: Շնորհակալ եմ բարեկամս, որ միշտ կողքիս ես եղել: Իմ հավատարիմ, այլևս էջ էլ չկա, որ ասեմ թե ինչ եմ զգում, բայց ինձ վաղուց է, ինչ ճանաչում ես ու արդեն գիտես, թե ինչ է կատարվում հետս: Այլևս ոչ մի տառ չեմ ավելացնի, բայց վստահիր ինձ, իմ բարեկամ, ես առաջ կգնամ և կհաղթահարեմ այն ամենը, ինչ ցավ կպատճառի:
Բարով մնաս, բարեկամս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել