10  Սպանվածի ուրվականը օգնում է բացահայտել իր սպանության մեղավորին

10_462846637

1897 թ. հունվարի 23-ին 23-ամյա Զոնա Հիսթեր Շյուն խորհրդավոր հանգամանքներում մահացավ Արևմտյան Վիրջինիայի իր տանը: Զարմանալիորեն, Զոնայի ամուսինը՝ Թրութ մականունով հայտնի Էրասմուս Շյուն, նախքան բժշկի գալը իր կնոջ դիակը տարել-պառկեցրել էր անկողնում և հագցրել էր նրան: Հաջորդ մի քանի օրերին Թրութը տարօրինակ վարքագիծ էր դրսևորում: Այնուամենայնիվ, քանի որ բոլորը հավատացած էին, որ մահվան պատճառը սրտային անբավարարությունն էր, ոչ մեկի մոտ կասկածներ չէին առաջանում:

Զոնայի մահից մի քանի շաբաթ առաջ նրա մայր Մերի Ջեյն Հիսթերն այցելեց տեղի դատախազին և խնդրեց արտաշիրմել իր դստեր դիակը: Նրա մայրիկը այս որոշմանը հանգեց Զոնայի ուրվականի այցելություններից հետո: Մերի Ջեյնը պնդում էր, որ Զոնայի ուրվականն իրեն այցելել է գիշերը: Այդ այցելությունների ժամանակ ուրվականն ասել է, որ Թրութը դաժան ամուսին էր, ով կատաղության պահին կոտրել է իր վիզը և խեղդամահ արել իրեն: Պատկան մարմինները համաձայնեցին արտաշիրմել դիակը: Դիահերձումից պարզ դարձավ, որ Զոնայի պարանոցն իրոք կոտրվել է: Թրութը ձերբակալվեց և դատապարտվեց կնոջը սպանելու մեղադրանքով: Երբ Մերի Ջեյնը դատավարության ժամանակ կանչվեց իբրև վկա, նա այնքան համոզիչ ու հավատ ներշնչող վկայություն տվեց, որի հետ անհնար էր հաշվի չնստել: Թրութին ցմահ բանտարկության դատապարտեցին, սակայն ազատազրկումից երեք տարի անց նա բանտում մահացավ:

 9  ՈՒրվականն իր ընտանիքին օգնել է գտնել իր թողած կտակը

2_180233713

1921 թ.-ին Հյուսիսային Կարոլինայի Մոքսվիլ քաղաքի ֆերմեր Ջեյմս Լ. Չաֆինը մահացավ: Նա կին ու երեք երեխա ուներ: Ջեյմսի կտակում, որը գրվել էր տարիներ առաջ, նշվում էր, որ ընտանեկան կալվածքը պետք է մնա իրենց երրորդ որդի Մարշալին: Երբ Մարշալը հաջորդ տարի անսպասելիորեն մահացավ, իրավական խնդիրներ ծագեցին: Քանի որ կտակում չէր հիշատակվում Չաֆինների ընտանիքի մյուս անդամների անունները, նրանք կորցրին իրենց կալվածքը. այն բաժին հասավ Մարշալի այրուն: 1925 թ.-ին Ջեյմսի երկրորդ որդին՝ Ջեյմս Փինքի Չաֆինը, ապշեցրեց բոլորին: Նա դատական հայց ներկայացրեց՝ վիճարկելով կտակի վավերականությունը: Ավելի ապշեցուցիչ էր այն փաստը, որ դատական հայցը ներկայացվել էր ուրվականի հետ ունեցած հանդիպումներից հետո:

Ջեյմս Փինքին պնդում էր, որ այնպիսի երազներ է տեսնում, որոնցում իր հոր հոգին այցելում է իրեն: Մի գիշեր Ջեյմս Փինքիի հայրը, հին վերարկուն հագին, այցելեց նրան և ասաց որդուն, որ իր ծոցագրպանում մի նոր կտակ կա: Ջեյմսն արթնացավ ու հոր  ծոցագրպանում մի գրություն գտավ.

Իմ հոր հին Աստվածաշնչից կարդա Ծննդոց 27-րդ գլուխը:

Ջեյմս Փինքին բացեց իր պապի հին Աստվածաշունչը և ապշեց՝ տեսնելով, որ գրքի մեջ մի նոր կտակ էր դրված: Այդ կտակը գրվել էր նրա հոր կողմից՝ 1919 թ.-ին: Ջեյմս Չաֆինի այս կտակում գրված էր, որ նա ցանկանում է, որ իր կարողությունը բաժանվեր իր 4 երեխաների միջև: Դատավարության ժամանակ փորձագետները համաձայնեցին, որ կտակը գրված էր Ջեյմս Չաֆինի ձեռագրով: Անգամ Մարշալի այրին համոզվեց, որ կտակը կեղծ չէր, ուստի նա չառարկեց, որպեսզի կալվածքը վերադարձվեր Չաֆիններին:   

 8  Մահացած օդաչուն վերադառնում է՝ իր բարի համբավը վերականգնելու  

8_B.E.2_Early_production

1913 թ. մայիսի 27-ի առավոտյան իռլանդացի լեյտենենտ Դեսմոնդ Արթուրը, ով օդաչու էր Շոտլանդիայի «Մոնտրոզ» թռիչքադաշտում, թռիչք կատարեց B.E.2 բիպլանով: Թռիչքը կատարվում էր մի հերթական վարժանքի շրջանակներում: Ինքնաթիռի ձախ թևը հանկարծ ճայթյունով կոտրվեց: Արթուրը այս ավիավթարի ժամանակ մահացավ: Սկզբում տարածված էր այն տեսակետը, որ ողբերգության պատճառը ինքնաթիռի վատ վերանորոգումն էր: Այնուամենայնիվ, երեք տարի անց կառավարության հետաքննությունը ցույց տվեց, որ Արթուրն ինքն էր մեղավոր այդ վթարի մեջ: Կարճ ժամանակ հետո Մոնտրոզում մի շարք անբացատրելի իրադարձություններ տեղի ունեցան:

1916 թ. օգոստոսին Մոնտրոզի անձնակազմի անդամները տեսիլքներ էին տեսնում: Նրանց աչքին օդաչուի ուրվական էր երևում: Ականատեսներից ոմանք ճանաչեցին այս խորհրդավոր կերպարին: Նրանք հավատացած էին, որ դա Դեսմոնդ Արթուրի ուրվականն էր: Այս ամենն այնքան սարսափելի էր, որ աշխատակիցները աշխատանքից ազատվում էին կամ խնդրում իրենց տեղափոխել Մոնտրոզից:  Ի վերջո, The Aeroplane ամսագրի խմբագիր Գրեյն առաջ քաշեց այն տեսակետը, որ Արթուրը  վերադարձել էր՝ իր նախկին աշխատավայրը հալածելու: Ըստ խմբագրի՝ Արթուրն այս կերպ էր արձագանքում կառավարության այն հետաքննությանը, որի արդյունքում բացահայտվեց, որ վթարի մեղավորն ինքն էր: Դրանից հետո Արթուրի համբավն արատավորվեց: Գրեյը պահանջեց, որ գործը վերաբացվի: Նորից հետաքննություն անցկացվեց և պարզ դարձավ, որ Արթուրը մեղավոր չէր: Այսպիսով՝ Արթուրի անունը նախկինի պես անբասիր մնաց: Դրանից հետո ուրվականը միայն մի անգամ է հայտնվել մարդկանց աչքին: Ականատեսների խոսքերով՝ այդ անգամ ուրվականի դեմքին պայծառ ժպիտ կար:  

 7  Քոք Լեյնի ուրվականը

7_142335137

Բազմիցս գրանցվել են դեպքեր, երբ մարդիկ պատմել են, որ իրենց հալածում են այլմոլորակայինները կամ ուրվականները, իսկ հետագայում պարզվել է, որ այդ ամենը կեղծիք է: Այնուամենայնիվ, այդ դեպքերից և ոչ մեկն այնքան սենսացիոն չի եղել, որքան Քոք Լեյնի ուրվականի դեպքը: 1759 թ.-ին Վիլյամ Քենթը և նրա կին Ֆենին տեղափոխվեցին Քոք Լեյնում գտնվող մի տուն, որը նրանք վարձել էին  (Քոք Լեյնը Լոնդոնի նրբանցքներից է): Վեց ամիս անց այս ամուսնական զույգը ֆինանսական վեճի արդյունքում հեռացավ այդ տնից. բնակարանատեր Ռիչարդ Փարսոնզը հրաժարվեց վերադարձնել այն գումարը, որ պարտքով վերցրել էր Վիլյամից: Կարճ ժամանակ անց Ֆենին մահացավ ծաղիկից: 1762 թ. հունվարին Վիլյամը ցնցված էր՝ The Public Ledger-ում իր մասին մի հոդված կարդալով: Այդ հոդվածում առաջ էր քաշվում այն ենթադրությունը, որ Վիլյամն էր սպանել Ֆենիին: Այս ենթադրությունը առաջ էր քաշվել Ռիչարդ Փարսոնզի կողմից: Վերջինս պնդում էր, որ Քոք Լեյնի տանը թափառում էր Ֆենիի ուրվականը: Ասում են, որ Ֆենին երևացել է Փարսոնզի աչքին և պատմել նրան, որ ինքը ոչ թե ծաղիկից է մահացել,  այլ իր ամուսինն է թունավորել իրեն մկնդեղով:

Վիլյամը հրավիրվել է իր նախկին տուն, որտեղ Ջոն Մուր անունով մի հոգևորական պետք է հոգեկանչության սեանս անցկացներ: Երբ սեանսի ժամանակ ուրվականին մի շարք հարցեր էին տալիս, նա պատասխանում էր թակոցներով: Հետագայում նորից սեանսներ անցկացվեցին, և այս պատմությունը մեծ սենսացիա առաջացրեց տեղի բնակիչների շրջանում: Ավելի ուշ բացահայտվեց, որ այդ ամենը կեղծիք է: Փարսոնի ավագ դստերը բռնացրին տախտակի վրա թակելիս: Փաստորեն, նա էր այնպիսի տպավորություն ստեղծում՝ ասես այդ տան մեջ ուրվական կա՝ այս կերպ փորձելով խելագարության հասցնել Վիլյամին:  

 6  Ուրվականները՝ ֆինանսական պատասխանատվությունից ազատվելու միջոց

1994 թ.-ին Էնդրյու և Ջոսի Սմիթները՝ իրենց երեք երեխաների հետ տեղափոխվեցին Լոուիս քոթեջ: Սա ավազաքարից կառուցված մի հինավուրց բնակավայր էր, որը գտնվում էր Մեյֆիլդ գյուղում: Սմիթների ընտանիքը այդ քոթեջը գնել էր Սյուզան Մելբորնից և Սանդրա Փոդմորից: Վերջիններս քույրեր էին: Սմիթներն ասում էին, որ իրենք հայտնաբերել են, որ քոթեջում ուրվականներ կան: Այնտեղի բոլոր առարկաներն սկսեցին շարժվել, իսկ սենյակներում ուրվականներ հիշեցնող կերպարանքներ հայտնվեցին: Ջոսին պնդում էր, որ ինչ-որ անտեսանելի ոգի փորձել է բռնաբարել ու ծեծել իրեն: Որոշ ժամանակ անց Սմիթներն իմացան տեղի ամենահայտնի առասպելը: Ըստ այդ առասպելի՝ իրենց տանը ժամանակին մի կթվորուհի էր բնակվում, ում բռնաբարեցին ու սպանեցին:

Ընտանիքը որոշեց հեռանալ քոթեջից: Բանն այն է, որ նրանք ապառիկ էին գնել քոթեջը և մաս-մաս էին վճարում գումարը: Նրանք պետք է դեռևս 5000 դոլար վճարեին քույրերին, ումից գնել էին քոթեջը: Քույրերը, իմանալով, որ Սմիթների ընտանիքը ցանկանում է հեռանալ քոթեջից՝ առանց համապատասխան գումարը վճարելու, դատական հայց ներկայացրին Սմիթների դեմ: Սմիթները հակընդդեմ հայց ներկայացրին՝ մեղադրելով քույրերին այն բանի մեջ, որ վերջիններս իրենցից թաքցրել էին քոթեջում բնակվող ուրվականների մասին ողջ ճշմարտությունը: Դատավարության ընթացքում քույրերն ասացին, որ իրենց քոթեջում երբևէ ոչ մի գերբնական երևույթների չեն հանդիպել: Նրանք հավատացած էին, որ Սմիթները հորինել էին ուրվականների հետ կապված ողջ պատմությունը՝ ֆինանսական պատասխանատվությունից խուսափելու համար: Դատավարությունը տեղի էր ունենում 1999 թ.-ին: Սմիթներն ամեն կերպ փորձում էին համոզիչ կերպով ներկայացնել այս անհավատալի պատմությունը: Ռեվերենդ Փիթեր անունով մի քահանայի կանչեցին քոթեջն օրհնելու: Հետագայում նա որպես վկա ներգրավվեց դատական գործում: Իր վկայություններում նա ասաց, որ ինքն էլ էր վստահ, որ քոթեջում ուրվականներ էին բնակվում: Այնուամենայնիվ, անգամ դա չօգնեց Սմիթներին շահել գործը: Դատարանը հօգուտ քույրերի վճիռ կայացրեց՝ հարկադրելով Սմիթներին վճարել 5000 դոլարը:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել