Հեշտ է ամբողջ աշխարհին մեղադրել մեր ազգի գլխին պատուհասած բոլոր դժբախտությունների մեջ: Իսկ մենք մեղք չունե՞նք: Անշուշտ, արտաքին մեղավորներ էլ կան, բայց առաջին ու ամենամեծ մեղավորը մենք ենք: Մենք ենք մեղավոր, որ միջնադարում չեղանք միասնական և դարերով չունեցանք պետականություն: Մենք ենք մեղավոր, որ ցեղասպանվեցինք, որովհետև բահ ու գրիչ շատ սիրեցինք, իսկ զենք բռնելը մոռացանք, իսկ ժամանակին այնքան էինք զենք սիրում, որ հարևան երկրները մեզ դիտում էին որպես պոտենցիալ ագրեսոր և միշտ գուշակում, թե երբ մեր մտքով կանցնի նորից հարձակվել: Մենք ենք մեղավոր, որ մեր երկիրը շենացնելու փոխարեն նախընտրում ենք դեգերել աշխարհով մեկ և շենացնել օտարի երկիրը, որից հետո մի օր խփում են գլխիդ և փախստական ես դառնում՝ ուրիշին թողնելով ստեղծածդ: Ընտրությունը մերն է. կամ լինում ենք թույլ, ոչ միասնական և նորից մորթվում, կամ լինում ենք միասնական, հավաքված մեր երկրում ու նորից մեզանից են վախենում ու հարգում: Կամ շարունակում ենք դեգերել աշխարհով մեկ՝ շենացնելով օտարի երկիրը, իսկ մի օր թողնում ենք ամեն ինչ և նոր տեղերում զրոյից սկսում, կամ Հայաստանն ենք շենացնում և չենք թողնում մեզ վերևից նայել: Բավական չէ դեգերենք և ամբողջ աշխարհով մեկ թողնենք մեր գերեզմանները, որոնց վրա հավանական է խունկ ծխող չի լինի մի սերունդ հետո. արդեն ուրիշ երկրում կլինեն, էլ ո՞վ խունկ ծխի: Երբ հարցնում են՝ ինչո՞ւ չես գնում Հայաստանից, ասում եմ՝ ես գնամ պապիս գերեզմանին ո՞վ խունկ ծխի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել