Առաջին եղանակ
Եգիպտոսում բժշկագիտությունը տարբերակված է: Յուրաքանչյուր բժիշկ բուժում է մեկ հիվանդություն, ոչ թե մի քանի: Ամբողջ երկիրը լցված է բժիշկներով: Ոմանք ակնաբույժ են, ոմանք ատամնաբույժ, ոմանք գլխացավի բժիշկ, մյուսները՝ որովայնի, ոմանք էլ ներքին հիվանդությունների: Երբ մեկը մահանում է՝ նրա վրա ողբալուց հետո դիակը տանում են զմռսելու: Կան մարդիկ, որոնք զմռսելը դարձրել են արհեստ: Վարձի մասին համաձայնության գալուց հետո նրանք շուտափույթ սկսում են զմռսումը: Վերջինս կատարվում է երեք եղանակով: Այսպիսին է թանկ զմռսելու եղանակը. նախ երկաթե կեռիկով քթածակերից հանում են ուղեղը, եւ քանի որ հաջողվում է հանել ուղեղի միայն մի մասը՝ մնացածի վրա դեղեր են ներարկում: Այնուհետեւ եթովպական հատուկ քարով կտրվածք են բացում աճուկի մոտ, դուրս հանում ամբողջ փորը, մաքրում որովայնի խոռոչը եւ այն լվանում արմավի գինով, որից հետո դարձյալ մաքրում են տրորած անուշահոտ նյութերով. այնուհետեւ որովայնը լցնում են տրորած անարատ զմուռս, կասիա (վայրի դարչին) եւ այլ անուշահոտ նյութեր, բացի խնկից, եւ դարձյալ կարում: Այդ ամենը կատարելուց հետո, դիակը յոթանասուն օր պահում են պոտաշաջրի մեջ: Ավելի երկար ժամանակ չի կարելի այն թողնել լուծույթում: Յոթանասուն օրն անցնելուց հետո, դիակը լվանում են, փաթաթում բեհեզյա կտավից կտրտած ժապավեններով եւ պատում խեժով, որը եգիպտացիներն առավելապես օգտագործում են սոսնձի փոխարեն: Այս արվելուց հետո, հարազատները հետ են վերցնում դիակը, պատրաստում մարդու կերպարանքով դագաղ, մեռյալին դնում դրա մեջ, փակում այն եւ պահում դամբարանում, որտեղ դագաղը զետեղում են պատին՝ կանգնած դիրքով:
Հերոդոտոս
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել