Նորություն չէ, որ երբ տունը չունի դուռ ու լուսամուտ, քամին որտեղից փչի մտնում ու դուրս է գալիս այդ տնից, ճիշտ նույն վիճակում մեր հայրենիքն է. ռուսներն ուզում են իրականացնել այստեղ որևէ ստրկական մտահղացում, հոգ չէ, կարող են և անում են, ամերիկացիներին կամ արևմտյան որևէ երկրի պետք է այստեղից մի յուղալի պատառ փախցնել, հոգ չէ, մի թեթև ժպիտի կամ լռության դիմաց կարող են ստանալ իրենց ուզածը, իսկ մենք՝ հայերս, ստիպված վիզներս ծռած կանգնում ենք նրանց դեսպանների առջև ու քիչ է մնում ծնկաչոք համբուրենք նրանց ոտքերն ու խնդրենք նրանց, որ թույլ տան փախչել մեր հայրենիքից, ահա՝ ուր ենք հասել, ինչ աստիճանի ենք դեգրադացվել, որ նեղացել ենք մեր հայրենիքից, մի քանի գրոշի դիմաց պատրաստ ենք խորտակել մեր երեխաների ապագան, ինչ կեղտ ու մերժված ավանդույթ կա Արևմուտքում, պատրաստ ենք ներդնել մեր երկրում: Մի խոսքով, մենք չենք ապրում ազատ, ինքնիշխան, ուժեղ երկիր ստեղծելու և ունենալու գաղափարախոսությամբ, մեզ համար կարևոր է փեշ գտնենք՝ կլինի ռուսական, կամ արևմտյան, որպեսզի մեզ պատսպարի, անընդհատ դեգերում ենք ծայրահեղությունից ծայրահեղություն՝ մոռանալով մեր ազգային գաղափարախոսությունն ու հոգեկերտվածքը, բարոյական ու արժանապատիվ ազգ լինելու առաքելությունը, ազգային շահը կարևորելն ու պետական և ազգային շահերով առաջնորդվելը, հզոր երկիր ունենալու կարևորությունը: Այս ամենի մոռանալը հղի է պետականության կորստի և որպես ազգ վերանալու վտանգով, ինչն ինչ-որ չափով ձեռնտու է շատ շատերին, կամ առնվազն չի էլ հուզում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել