Ուկրաինայի դժբախտությունը միայն իր բնակչության ծայրահեղ տարբեր կողմնորոշում ունենալը չէ աշխարհաքաղաքական հարցերում և գաղափարական հարցերում, այլև իշխանությունների քաղաքական հոտառությունից զուրկ լինելն է: Իրենց անհեռատեսությամբ իրենք իրենց են վնասում և ողջ Որկրաինային: Ուկրաինան ճգնաժամի սկզբից մինչ այսօր ունեցել է 2 շանս այս ամենից անարյուն դուրս գալու: Երկուսն էլ կորցրել է: Իսկ որո՞նք են այդ շանսերը:

1. Երբ Յանուկովիչը ուներ իշխանություն երկրում, նա իր կառավարման տարիներին ժողովրդին ակտիվորեն նախապատրաստում էր եվրաինտեգրման, իսկ վերջում որոշեց, որ գնալու է Մաքսային միություն: Երբ սկսվեց եվրաինտեգրման կողմնակիցների զանգվածային ելույթը Մայդանում, արդեն զգացվում էր, որ կարող է իրավիճակը դուրս գալ զուտ ինտեգրման ճանապարհի շուրջ եղած տարաձայնությունների մակարդակից և այլ հարթություն տեղափոխվել: Յանուկովիչը եթե հեռատես լիներ, չէր թողնի, որ հարցը խորանա և գնա առճակատման և դեռ ինտեգրման հարցի շուրջ բողոքների ժամանակ հարցը կլուծեր հանրաքվեի միջոցով: Հանրաքվեով նա իր վրայից կհաներ պատասխանատվությունը, իսկ ժողովուրդն ինքը կընտրեր՝ ուր գնալ, իսկ կոնֆլիկտը չէր դուրս գա Արևելյան ՈՒկրաինայի և արևմտյանի միջև պատմական հակասությունների դաշտ և արյուն չէր հեղվի, իսկ Արևմուտքի կողմնակից քաղաքական ուժերի ձեռքերը կկապվեին: Ինչևէ, գնդակն անցավ արյուն հեղելուց հետո արևմտամետների ձեռքը:

2. Երբ արևմտամետ ուժերն էին արդեն փաստացի իշխում երկրում, սկսվեց առճակատման երկրորդ փուլը, որը նույնպես կարելի էր հեռատես լինելու դեպքում հարթել. հարավարևելյան Ուկրաինան ոտքի ելավ դաշնային պետություն ստեղծելու համար: Իսկ նոր իշխանությունները կորցրեցին երկրին տրված 2-րդ շանսը՝ ամեն ինչ ուղղելու: Դաշնայնացման կողմնակիցների հետ հարցը քննարկելու փոխարեն սկսեցին ուժ կիրառել՝ էլ ավելի սրելով երկրի երկու հատվածների՝ արդեն թշնամանքի վերածված հակասությունները: Եթե նրանք զիջեին դաշնայնացման հարցի շուրջ՝ կկապեին ռուսամետ ուժերի ձեռքերը: Ուկրաինան կորցրած շանսերի երկիր է: Հետաքրքիր է, նրանք կունենա՞ն երրորդ շանսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել