Մինչ աշխարհն ինչ-որ գնահատականներ է տալիս Ուկրաինական հակամարտության երկրորդ փուլին, Ուկրաինայի արևելյան շրջանների ապստամբությունը գնալով ավելի մեծ աշխարհագրություն է ընդգրկում: Օր-օրի հարավային և արևելյան շրջանները, ինչպես նաև դրանց առաձին քաղաքները, հայտարարում են իրենց անկախության կամ էլ հանուն «ինչ-ինչ» գաղափարների պայքարելու պատրաստակամության մասին: Այլ կերպ ասած՝ մինչ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակասությունները չեն հարթվում, և դեռ մի բան էլ շատանում են, ավելի է մեծանում Ուկրաինայի վերջնական պառակտման և քայքայման վտանգը: Միևնույն ժամանակ Արևմուտքի կողմից կասկածելի պասիվություն է նկատվում Ռուսաստանի պայմանական առաջխաղացման կոնտեքստում: Մինչ այդ, սակայն, խոսենք վերը նշված գործընթացներին վերաբերող վերջին զարգացումների մասին:

Քիչ առաջ տարածվեց տեղեկություն, որ Օդեսայի շրջանի ցուցարարները, իսկ եթե ավելի ընդգրկուն և պատկերավոր, ապա «հակամայդան» շարժման ակտիվիստները հայտարարել են «Օդեսայի Ժողովրդական Հանրապետություն» ստեղծելու մասին: Իսկ սրան ի հավելումն՝ Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ իրենք ամբողջական բարոյական աջակցություն են ցուցաբերում հարավային և արևելյան շրջանների ժողովրդին և պատրաստ են տրամադրել նաև համապատասխան նյութական օգնություն, ասել է թե, Ռուսաստանը պատրաստ է առնվազն Ղրիմի միջոցով ավելի ընդգրկել իր ներգրավվածությունը Ուկրաինայում ընթացող գործընթացնրում: Կարճ ասած՝ վերը նշված շրջաններում տեղի է ունենում նաև շղթայական ռեակցիա:

Հիմա խոսենք Արևմուտքի այն կասկածելի պահվածքի մասին, որը հիշատակեցի ամենասկզբում: Երբեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Արևմուտքն անկեղծորեն չի պայքարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար: Վստահ եմ, որ եթե ԱՄՆ-ն և Եվրոպան ցանկանան, ապա կարող են ճնշել, կամ էլ պոլիտկոռեկտության համար, ասենք, համոզել Կիևին մշակել նոր սահմանադրություն, որը կներառի իր մեջ երկրի դաշնայնացման հարցը: Սա իրականացնելն անգամ խաղուպար կլինի Արևմուտքի համար: Ի վերջո, Ուկրաինայի ներկայիս իշխանություններն ամբողջությամբ կախյալ վիճակում են հենց այդ բլոկի երկրներից:

Այնպես որ, պատճառն այստեղ գուցեև ավելի խորքային է, քան առաջին հայացքից կարելի է պատկերացնել: Տեսեք, ինչպես գիտեք, օրերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրավիրվել էր արտահերթ նիստ՝ քննարկելու համար Ուկրաինայում ստեղծված նոր իրավիճակը: Բանն այն է, որ այդ նիստի ժամանակ, որտեղ ելույթ ունեցան այդ խորհրդի հինգ մշտական և տասը ոչ մշտական ներկայացուցիչները, ոչ ոք գրեթե չպաշտպանեց Ռուսաստանի դիրքորոշումը տվյալ խնդրի վերաբերյալ: Նրանք, եթե ուղղակիորեն չէին քննադատում և մեղադրում Ռուսաստանին՝ իրավիճակի սրման մեջ, ապա առնվազն անուղղակիորեն դա ակնարկում էին` հիշեցնելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ կողմերի պարտավորությունները հատկապես երկրների տարածքային ամբողջականության վերաբերող կետերը: 15 երկրներից խնդրի շուրջ միայն երկու երկիր դրսևորեց կատարյալ չեզոքություն: Խոսքը Չինաստանի և Ռուանդայի մասին է:

Փաստորեն, եթե Ղրիմի վերաբերյալ մի քանի տասնյակ երկրներ, ընդորում դրանց մեջ մի շարք տարածաշրջանային տերություններ, Ռուսաստանի գործողությունների վրա աչք փակեցին, այս անգամ իրավիճակը կարծես փոխվում է: Սա, իհարկե, Գլխավոր ասամբլեայի քվեարկություն չէր, և այդտեղ ոչ բոլոր պետություններն էին մասնակցում, բայց եթե հաշվի առնենք, օրինակ, այն փաստը, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական ներկայացուցիչ Արգենտիան վերջին քննարկման ժամանակ բնավ էլ չեզոքություն չցուցաբերեց, ինչպես որ դա եղավ Ղրիմի հարցով քվեարկության ժամանակ, կարելի է հիմնվել դրա վրա և ասել, որ վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ ամեն դեպքում գնալով փոխվում է և փոխվում է դեպի վատը:

Ասած հետևյալն է` չի բացառվում, որ Արևմուտքում ուզում են, որ հակամարտությունը Ուկրաինայում ավելի թեժանա և իր մեջ ուղղակիորեն և բացահայտ ներգրավի Ռուսաստանին, որի արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն Արևմուտքի համար՝ ի կատար ածելու Ռուսաստանի միջազգային մեկուսացման հարցը: Մի բան, որ այս թոհուբոհի սկզբից ի վեր Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, ցանկանում է իրագործել: Ինչևէ, շատ առաջ չանցնենք և սպասենք հետագա զարգացումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել