Ֆեդյա Դոբրովոլսկու հիշատակին (1960)

Մենք շարունակում ենք ապրել։
Կարդում կամ գրում ենք բանաստեղծություններ։

Մենք նայում ենք գեղեցիկ կանանց,
Ովքեր ժպտում են աշխարհին
Նկարազարդված ամսագրերի շապիկներից։

Մենք խորհում ենք ընկերների մասին
Քաղաքի մի ծայրից մյուսը վերադառնալիս
Կես սառցակալած, դողացող տրամվայի մեջ։

Մենք շարունակում ենք ապրել։

Երբեմն տեսնում ենք ծառեր,
Որոնք
Սեւ, մերկացած ձեռքերով
Պահում են երկնքի անսահման բեռը,
Կամ կոտրվում են այդ բեռի տակ․
Գիշերով երկինքը հող է հիշեցնում։ 

Մենք տեսնում ենք հատակին պառկած ծառեր
Մենք շարունակում ենք ապրել։

Մենք,
Ում հետ դու երկար
Զրուցել ես ժամանակակից գեղանկարչությունից,
Ում հետ խմել ես գարեջուր
Նեւսկու պողոտայի անկյունում,
Հազվադեպ ենք հիշում քեզ։

Եւ երբ հիշում ենք,
Սկսում ենք խղճալ ինքներս մեզ
Մեր կուզ դարձած մեջքերը,
Մեր նողկալի աշխատող սրտերը,
Որ անհարմար ծակում են կրծքավանդակում
Արդեն երրորդ հարկը բարձրանալիս։

Եւ հասկանում ես,
Որ մի գեղեցիկ օր
Նրա՝ այդ սրտի հետ
Մի անհեթեթ բան կպատահի։
Եւ այդ ժամանակ մեզանից մեկը
Կձգվի ութ հազար կիլոմետր քեզնից արեւմուտք
Կեղտոտ, ասֆալտապատ մայթին
Գրքերը ձեռքից թափելով։

Եւ վերջին բանը, որ նա կտեսնի
Կլինեն պատահական մտահոգ դեմքերը
Պատահական մի տան քարե պատ
Եւ լարերից կախված երկնքի կտոր։

Երկնքի
Որ հենված է հենց այն ծառերին,
Որոնք մենք երբեմն նկատում ենք․․․

Վեց տարի անց /1968/

Մ․Բ․

Այնքան երկար միասին ապրեցինք,
որ նորից հունվարի երկուսը երեքշաբթի ընկավ,
որ զարմանքից բարձրացրած ունքը
ինչպես մաքրիչը՝ մեքենայի դիմապակուց,
երեսից մաքրում էր աղոտ տխրությունը,
հեռուները թողնելով պարզ։

Այնքան երկար միասին ապրեցինք,
որ ձյունը, թե տեղար հանկարծ,
թվում էր կտեւի ընդմիշտ,
եւ որպեսզի նա չկկոցի կոպը
ես ափով փակում էի այն, 
ու կոպերը, չհավատալով, որ փորձում են իրենց փրկել,
թրթռում էին ինչպես ափի մեջ՝ թիթեռը։

Այնքան հեռու էինք ամեն նորույթից,
որ մեր կիպ գրկախառնությունները քնած ժամանակ
անարգում էին ցանկացած հոգեվերլուծություն,
որ նրա շուրթերը՝ ամեն բան մոռացած,
միանում էին մոմը մարող իմ շուրթերին։

Այնքան երկար միասին ապրեցինք,
որ վարդերը պատի պաստառների վրա
դարձան կեչու խիտ այգիներ։
Եւ երբ երկուսիս մոտ փող հայտնվեց,
երեսուն օր շարունակ ծովերի վրա,
բազմալեզու թուրքական մայրամուտը
սպառնում էր մեզ հրդեհի մատնել։

Այնքան երկար միասին ապրեցինք,
առանց գրքերի, կահույքի, սպասքի
մեր հին բազմոցին, որը մինչ այդ
եռանկյունի էր՝
ծանոթների կողմից ուղղահայաց դրված
երկու միաձուլված կետերի վրա:

Այնքան երկար նրա հետ ապրեցինք,
որ ստվերներից մեր սարքեցինք դուռ,
եւ մեկ է աշխատանքի էիր, թե քնած,
փեղկերն իրարից չէին առանձնանում։
Եւ հենց այդ դռնով էլ հավանաբար մենք անցանք
եւ ետնամուտքով ելանք ապագա։

թարգմանությունը՝ ես

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել