1989թ. ապրիլի 15-ին՝ «Հիլզբորո» մարզադաշտում տեղի ունեցավ Անգլիայի պատմության ամենաողբերգալի ֆուտբոլային հանդիպումը: Այդ օրը Շեֆիլդում կայանում էր Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղը, որտեղ հանդիպում էին «Նոթինգեմ Ֆորեսթ»-ն ու «Լիվերպուլը», որի մարզիչն այդ տարիներին «Լիվերպուլ»-ի լեգենդ Քեննի Դալգլիշն էր: Աղետի արդյունքում «Լիվերպուլի» 96 երկրպագու չվերադարձան իրենց տները, ևս 766 մարդ վիրավորվեց: 1989թ. հանդիպումը նշանակված էր ժամը 15:00: Հանդիպման 7-րդ րոպեին խաղն ընդհատվեց «Լիվերպուլի» երկրպագուների հատվածում արտասովոր իրարանցման պատճառով: Մարզադաշտում կար 52 հազար երկրպագու, ևս 3000-ը պահանջում էր ներս մտնել: Հրմշտոցի հետևանքով ոստիկանությունը բացեց դարպասներից մեկը և ամբոխը ներս մտավ առանց այդ էլ լեփ-լեցուն մարզադաշտ: Ներս թափանցած զանգվածի ճնշման տակ ներքեւում կանգնածները սեղմվեցին երեք մետր բարձրությամբ երկաթյա ցանցին: Իսկ վերեւից շարունակում էին սեղմել ու ճնշել: Ի վերջո, երկաթը չդիմացավ, ցանցն ընկավ, սկսվեց սարսափելի մի հրմշտոց:

«Հրաշքով դուրս պրծած եւ դաշտով դեսուդեն վազող կիսախելագարված մարդիկ, մարդկանց մարմինների ծանրության տակ մնացածների ճիչեր ու օգնության կանչեր, գովազդային վահանակներից ինքնաշեն պատգարակներով կամավորներ, ոստիկաններ ու բժիշկներ, որոնք փորձում են արյունալի զանգվածից դուրս բերել ողջ մնացածներին», – այսպես էր ականատեսներից մեկը նկարագրել “Հիլզբորոյի” մղձավանջը: Մահացու թակարդում զոհվեց 96 մարդ, հիմնականում դեռահասներ եւ երեխաներ: Ոստիկաններն այս հանգամանքը բացատրեցին այսպես. ողբերգությունը տեղի էր ունեցել մարզադաշտի այն հատվածում, որտեղ հանդիսատեսների համար նախատեսված են միայն կանգնելու տեղեր: Բնականաբար, այդ տեղերի տոմսերն ավելի էժան էին ու դեռահասների համար ավելի հասանելի: Անհրաժեշտ է նշել ոստիկանության և շտապ օգնության ոչ պատշաճ պատրաստվածությունը այս կարևոր հանդիպմանը, որոնց սխալ գործողությունների արդյունքում զոհերի թիվը այսքան մեծ եղավ: Աղետում զոհվեց նաև «Լիվերպուլի» ավագ և խորհրդանիշ Սթիվեն Ջերարդի զարմիկը:

Ողբերգությունից չորս օր անց անգլիական հայտնի «The Sun» թերթը «սենսացիոն» նյութ հրապարակեց «The Truth» վերնագրով, որտեղ ասվում էր, թե ամբողջ ողբերգության մեղավորները «Լիվերպուլի »հարբած երկրպագուներն են եղել: Իհարկե, Անգլիայում մեծ մասսայականություն վայելող այս թերթը հետագայում ներողություն խնդրեց, բայց մերսիսայդցիները մինչ այսօր էլ չեն գնում «The Sun» թերթը: 2012թ. սեպտեմբերի 12-ին ավարտվեց երկարատև դատական գործընթացը և «Լիվերպուլի» երկրպագուները պաշտոնապես անմեղ ճանաչվեցին: «Լիվերպուլում»` Էնֆիլդ մարզադաշտի հարևանությամբ, 96 զոհերի հիշատակին հուշակոթող է բացվել, որտեղ ամեն տարի, ապրիլի 15-ին հազարավոր երկրպագուներ և ակումբի ֆուտբոլիստները հիշում են 96 անմեղ զոհերին, որոնք այդ օրը եկել էին վայելելու սիրելի ակումբի խաղը: Ցավը, անկասկած, շատ խորն է, բայց ինչպես ասում ենք մենք` «Լիվերպուլի» երկրպագուներս, You’ll Never Walk Alone and Will Never Be Forgotten. JFT96!

Աղբյուրն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել