Ըստ Ռուսաստանի դեսպանի` Հայաստանում «ռուսախոսներ ազգության» են պատկանում մոտ տասնչորս հազար մարդ։ Զգալի թիվ է կազմում «լուռ» ռուսասերների զանգվածը։ Վերջիններս չեն աղմկում իրենց «ազգային» պատկանելիության մասին, բայց «ձեռքերն էլ ծալած» չեն նստում։ Գրում են նամակներ, դիմումներ և խնդրագրեր՝ «վերին ատյաններից» մինչև դպրոցների տնօրեններին: Խնդրանքը մեկն է՝ կազմակերպել ռուսերենի ուսուցման «ձրի» դասընթացներ կամ ավելացնել ռուսերենի ժամերը դպրոցներում։ Պատճառը՝ որովհետև իրենք և երեխաները լավ չեն տիրապետում ռուսերենին։ Հասկանալի ցանկություն է։ Ես էլ կողմ եմ ցանկացած օտար լեզվի, այդ թվում ռուսերենի լավ իմացությանը։ Բայց եկեք մի քիչ լուրջ մոտենանք հարցին։ Նախ, ով ցանկություն ունի, նա լավ էլ տիրապետում է ռուսերենին և ցանկացած օտար լեզվի, եթե իր մայրենի լեզվի նորմալ կրողն է։ Եվ դրա համար գործում են լեզուների ուսուցման մի շարք կենտրոններ։ Եվ, վերջիվերջո, ցանկացողը պարապում է մասնավորի մոտ։ Նորմալ մարդն էլ հո չի՞ պահանջում ավելացնել բոլոր օտար լեզուների ժամերը դպրոցներում կամ կազմակերպել, օրինակ, ղազախերենի անվճար կուրսեր, միայն՝ ռուսերեն։ Դպրոցներում ռուսերենը ավելացնել ո՞ր առարկաների հաշվին։ Առաջարկություն չկա։ Եվ մի քիչ տարօրինակ չի՞, որ ծնողները դպրոցական ծրագրերը չյուրացնող իրենց «բալիկներին» առանց մտածելու համարյա բոլոր առարկաների համար ուղարկում են նույն ուսուցիչների մոտ լրացուցիչ վճարովի դասերի, իսկ ռուսերենի համար դա չեն անում, այլ պահանջում են ավելացնել դրա դասաժամերը։ Մարդիկ էլ, որոնք որոշել են «օգտվել» ռուսական արագացված քաղաքացիություն ստանալու հնարավորությունից, օգտվում են այստեղի «ձրի» կուրսերից։ Բայց դա ձրի է միայն սովորողի համար, բայց բավական գումար արժի կազմակերպիչների համար։ Ովքեր՞ են այդ գործում գումարներ դնող «բարեգործները»։ Եվ շատ հետաքրքիր է, թե ո՞վ և որտեղի՞ց են այս ամենը հրահրում։ Իսկ որ հրահրում է ինչ–որ մեկը և ինչ–որ շատ կոնկրետ տեղից, անձամբ չեմ կասկածում։ Սա երկիրը դատարկելու հետ կապ ունի՞, էն էլ ոնց ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել