Հրապարակում եմ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, ԱՄՆ- ի Հայ Դատի (ANCA) գրասենյակին, ՀՀ ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ արտաքին գործերի նախարարին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ղեկավարներին իմ գրած և այսօր՝ 2014 թվականի ապրիլի 14- ին ուղարկած բաց նամակի տեքստն ամբողջությամբ:

(Կրկնօրինակները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, ԱՄՆ- ի Հայ Դատի (ANCA) գրասենյակին, ՀՀ ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ արտաքին գործերի նախարարին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ղեկավարներին)

Մեծարգո պարոն Նախագահ,
Համախոհության ակնկալիքով դիմելով՝ խնդրում և առաջարկում եմ միակողմանիորեն, ստորագրման պահից անհապաղ չեղյալ հայտարարել «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ստորագրված տխրահռչակ արձանագրությունների կնքման գործընթացը հետևյալ հիմնավորմամբ ու պատճառաբանությամբ. ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից պաշտոնապես հրապարակված արձանագրություններում, ելնելով դրանց դրույթների՝ միանգամայն պարզ ոճով գրված բառերի ու արտահայտությունների՝ ըստ տառացի նշանակության մեկնաբանությունից, անհերքելիորեն առկա են հայոց պետականության հիմնարար սկզբունքներին ու հայ ժողովրդի համազգային նպատակներին կոպտորեն հակասող, խիստ վտանգավոր դրույթներ, որոնք այլ կերպ կոչվում են թուրքական հիմնական նախապայմաններ: Արձանագրություններում այդ վտանգավոր դրույթների առկայությունն ապացուցվում է ոչ միայն դրանց գրավոր ձևակերպումից, այլ նաև ինչպես պաշտոնական Անկարայի կողմից մշտապես ու հետևողականորեն հնչեցվող, այնպես էլ պաշտոնական Վաշինգտոնի և եվրոպական ու այլ երկրների պաշտոնական շրջանակների, որոշ միջազգային կազմակերպությունների կողմից հաճախ հնչեցվող հայտարարություններով, որոնցով, հղում անելով նույնիսկ չվավերացված արձանագրություններին, պնդում են, թե «Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են կարգավորել իրենց միջև գոյություն ունեցող կնճռոտ պատմական ու այլ հարցերը»:

Ճիշտ է, պաշտոնական Երևանի կողմից բազմիցս հնչեցվել է այն դիրքորոշումը, որ «Հայաստանի Հանրապետությունը կողմ է հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանը», և դրան կողմ է նաև միջազգային հանրությունը, անհասկանալի է, սակայն՝ ի՞նչ իմաստ և նպատակ ունի «առանց նախապայմանների կարգավորում» բառակապակցությունը, եթե նախապայմաններն արդե՛ն իսկ ամրագրված են արձանագրություններում: Ակնհայտ է, որ «նախապայման» ասելով՝ անհասկանալիորեն նկատի են ունեցվում միայն Արցախի մասին թուրքական կողմի անհիմն պնդումները՝ «մոռանալով» մյուս՝ ամենավտանգավոր, նախապայմանների մասին: Ցանկանում եմ ընդգծել, սակայն, որ միջազգային-իրավական նշանակություն ունեն ոչ թե տարաբնույթ շարժառիթներով հնչեցվող թյուր պնդումներն ու բարի ցանկությունները, այլ այն, թե իրականում կոնկրետ ինչեր և ինչպես են ամրագրված այդ արձանագրություններում. դրանցում ամրագրված են մի շարք՝ հիմնովին անընդունելի դրույթներ, որոնցից անդրադառնում եմ հատկապես պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովին և հայ-թուրքական փաստացի սահմանին.
1. Թուրքական պաշտոնական ժխտողական քաղաքականության հիմնական կեղծ պնդումներից մեկն այն է, որ «հայերը պետք է դադարեցնեն անհիմն պնդումները, դրանք պատմական վիճարկելի հարցեր են, որոնցով պետք է զբաղվեն պատմաբանները»: Ընդ որում, ժամանակին նաև ա՛յդ դիրքորոշումն է առաջ քաշվել թուրքական նախապայմանի տեսքով. Թուրքիան կբացի սահմանը, եթե պաշտոնական Երևանը հրաժարվի Հայոց Ցեղասպանության (The Armenian Genocide) մասին «անհիմն պնդումներից» կամ եթե «պատմական դեպքերն» ուսումնասիրելու նպատակով համաձայնվի ստեղծել պատմաբանների հանձնաժողով: Թուրքական կողմի այդ դիրքորոշում-նախապայմանն այսօր գրավոր ձևակերպված է «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության մեջ, ըստ որի՝ կողմերը համաձայնում են. «Իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն՝ առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձևակերպման համար:»: Ի դեպ, այդ նպատակով ստեղծվում է «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով՝ հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարիացի և այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ»:
2. Հայաստանի Հանրապետությունը ցայսօր միանգամայն արդարացիորեն իրավաբանորեն չի ճանաչել հայ-թուրքական ներկա՝ փաստացի, ապօրինի, ժամանակավոր սահմանը, որը գծվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի ապօրինի, միջազգային-իրավական առումով անվավեր պայմանագրով, ինչը հրաշալի գիտակցելով՝ թուրքական կողմը փորձել է արձանագրության մեջ խցկելով հերթական վտանգավոր դրույթը՝ «օրինականացնել» Կարսի պայմանագիրը՝ դարձնելով այն արձանագրությունների, այսպես կոչված, «հավելված». մեջբերում «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրությունից. «Վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»: Սահմանի «ճանաչման» մասին այդ վտանգավոր դրույթը հսկայական հարված է հասցնում Հայ Դատին. ճիշտ է, պետական սահմանի ճանաչման մասին պայմանագիրը պետությունների միչև կնքվում է առանձին, կոնկրետ փաստաթղթով, միջազգային իրավունքով և ներազգային օրենսդրությամբ սահմանված կարգով, արձանագրության մեջ ամրագրված այդ դրույթը, սակայն, միանշանակորեն մեկնաբանվելու է որպես Հայաստանի Հանրապետության կողմից «Վիլսոնյան իրավարար վճռից հրաժարվելու պաշտոնական դիրքորոշում»՝ իր անդառնալի հետևանքներով: Համոզված եմ, որ թուրքական կողմը հենց ա՛յդ նպատակով է խցկել այդ վտանգավոր դրույթը:
Անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալ կարևորագույն հանգամանքը. Հայաստանի Հանրապետության իրական, օրինական սահմաններն արտացոլված են ԱՄՆ Պրեզիդենտ Վ. Վիլսոնի՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ի «Թուրքիայի և Հայաստանի սահմանատման, դեպի ծով Հայաստանի ելքի և հայկական սահմաններին կից թուրքական տարածքների ապառազմականացման մասին» միջնորդ որոշման մեջ (իրավարար վճռում (Arbitral Award)): Ընդ որում. այդ իրավարար վճիռը կայացվել է Անտանտի Գերագույն խորհրդի կողմից 1920 թվականի ապրիլի 26-ին Վիլսոնին հղված դիմումի հիման վրա: Վիլսոնյան իրավարար վճիռը լիովին համապատասխանում է «Միջազգային ընդհարումների խաղաղ լուծման մասին» Հաագայի 1907 թվականի հոկտեմբերի 18-ի Կոնվենցիային: Վիլսոնյան իրավարար վճիռը՝ վավերացված ԱՄՆ Պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի և պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբիի ստորագրություններով, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական Մեծ կնիքով (The Great Seal of the United States), ուժի մեջ մտավ կայացման պահից, այն պարտադիր է, անբեկանելի և անժամանցելի: Այլ խոսքով՝ այն միանգամայն օրինական է, վերանայման ենթակա չէ, իրավաբանական ուժի մեջ է՝ ենթակա պարտադիր կատարման:
Թուրքական կողմը, սկսած 2009 թվականից, հղում անելով նույնիսկ չվավերացված արձանագրություններին, մշտապես հայտարարել է իր պաշտոնական դիրքրոշում-մեկնաբանությունը դրանց իրական նպատակի և կարգավորման իրական առարկայի մասին, հաստատել է, թե իրականում ինչ նպատակով է ամրագրված, օրինակ, պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի մասին դրույթը: Ահա՛, հերթական ու ամենաթարմ օրինակները՝ մեջբերված «Ազատություն» ռադիոկայանից.
«Պաշտոնական Անկարան վստահեցնում է, թե հայ - թուրքական երկխոսության միջոցով «Առաջին աշխարհամարտի մարդկային մեծ տառապանքների ընթացքում տեղի ունեցած 1915 թվականի ողբերգական իրադարձությունների արդար հիշողության հասնելու» հնարավորությունը «ուսումնասիրվում է մանրակրկիտ կերպով և իր բոլոր չափումներով»: «Այդ համատեքստում, Պատմական համատեղ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը, որն արտացոլված է նաև թուրք - հայկական արձանագրություններում, դեռևս մնում է օրակարգում», - հայտարարում է Թուրքիայի արտգործնախարարությունը»: (Աղբյուրը՝ այստեղ):
Ահա՛, պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման հերթական օրինակը. «Լրագրողները հետաքրքրվել են` ինչ նորություններ կան հայ - թուրքական արձանագրություններից և հայ - թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացից, որը ողջունվել էր Միացյալ Նահանգների կողմից, Յեն Փսաքին հայտարարել է, որ իրենք շարունակում են կոչ անել երկու կողմերին միասին աշխատել՝ հասնելու համար փաստերի լիակատար, անկեղծ և արդար ճանաչման: «Մենք կարծում ենք, որ իրենց ընդհանուր պատմության հետ կապված հարցերը լուծելու համար միասին աշխատելով՝ Հայաստանն ու Թուրքիան կարող են նպաստել ողջ Կովկասյան տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը, այդ պատճառով մենք շարունակում ենք աշխատել նրանց հետ այդ հարցում», - ասել է Պետքարտուղարության խոսնակը: «Չնայած արձանագրությունների հարցում այժմ առաջընթաց չկա, մենք նշում ենք, որ երկու կողմն էլ շարունակում են հավատարիմ մնալ հարաբերությունների նորմալացման գործընթացին, և կողմերից որևէ մեկը հետ չի քաշվել: Մեր մեծագույն շահը այս հարցում այն է, որ Հայաստանն ու Թուրքիան ապաքինեն անցյալի վերքերը և առաջ շարժվեն միասին` դեպի անվտանգ և բարգավաճող տարածաշրջանի միասնական ապագա, և մեր քաղաքականությունը, բնականաբար, ղեկավարվում է այդ նպատակով», - հայտարարել է Յեն Փսաքին:

Մեծարգո պարոն Նախագահ,
իսկ ո՞րն է մե՛ր մեծագույն շահը. ելնելով աննախադեպ արձանագրությունների բովանդակությունից և դրանց ուղեկցած ու ուղեկցող միջազգային-քաղաքական գործընթացներից՝ համոզված եմ, որ դրանք պաշտոնական Երևանին պարտադրված են միջազգային ճնշումների արդյունքում, ինչպես նաև ստորագրված՝ հայ ժողովրդի կամքին հակառակ (ապացույցը՝ ժամանակին արված համահայկական բողոքի զանգվածային ցույցերը): Արձանագրությունները, որոնք միմիայն չարաշահվում են և՛ միջազգային հանցագործի՝ ցեղասպան Թուրքիայի, և՛ երրորդ երկրների, այդ թվում՝ պաշտոնական Վաշինգտոնի կողմից, Հայոց Ցեղասպանության (The Armenian Genocide) միջազգային ճանաչման-դատապարտման գործընթացի կտրուկ դադարեցման պատճառ են դարձել. ա՞յդ է շահը մեր պետության ու ժողովրդի:

Այսպիսով, առավել քան եղել են ու կան անհրաժեշտ, բավարար, անվիճարկելի բոլոր հիմքերն ու առիթները, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը միակողմանիորեն, ստորագրման պահից անհապաղ չեղյալ հայտարարի այդ արձանագրությունների կնքման գործընթացը.

1. Դրանցում առկա են հայոց պետականության հիմնարար սկզբունքներին ու հայ ժողովրդի համազգային նպատակներին կոպտորեն հակասող, խիստ վտանգավոր դրույթներ, որոնց դեմ է համայն հայ ժողովուրդը,

2. դրանք բացարձակապես չեն բխում մեր ազգային ու պետական շահերից և ցեղասպան Թուրքիայի ու միջազգային հանրության կողմից օգտագործվում են ընդդեմ մեր այդ շահերի,

3. մարդկության դեմ միջազգային ծանրագույն հանցագործություն (The Armenian Genocide) գործած, այսօ՛ր էլ ցեղասպանության պատրաստ, միջազգային հանցագործ, մեր հայրենիքի 90% բռնազավթած քոչվոր-եկվոր ցեղախմբի Թուրքիա պետության ավանդական հայատյացությունը, ֆաշիզմ-ռասիզմը, ինչպես նաև պաշտոնական Անկարայի՝ ցեղասպանական շարժառիթով ահաբեկչական գործողություններն ու պատերազմական հանցագործությունները հատկապես սիրիահայության, այդ թվում՝ քեսաբահայության նկատմամբ:

Վերջում ցանկանում եմ նշել, որ արձանագրություններում կան վտանգավոր մի շարք այլ դրույթներ ևս: Ես դեռ 2010 թվականից գրել եմ արձանագրությունների վերաբերյալ մանրամասն իրավական հիմնավորումները, որոնք հարկ չեմ համարում հրապարակել (անհրաժեշտության դեպքում կուղարկեմ Ձեզ փակ նամակով, կօգնեմ, ինչպես կարող եմ): Միայն հավելեմ, որ պաշտոնական Երևանի կողմից տեղի է ունեցել լիազորությունների գերազանցում, և չնայած ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի հունվարի 12-ի ՍԴՈ-850 որոշման եզրափակիչ մասը դրական է, ներկա դրությամբ վավերացման գործընթացը կասեցված հայ-թուրքական արձանագրությունները, որոնք առանց վերոնշյալ վտանգավոր դրույթների մասով վերապահումների ուղարկված են ՀՀ Ազգային ժողով, կոպտորեն հակասում են ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի հունվարի 12-ի ՍԴՈ-850 որոշման բաղկացուցիչ մասը կազմող իրավական դիրքորոշումներին, ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ Անկախության հռչակագրին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի չորրորդ մասի համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:
Առավել քան վստահ եմ, որ վերոգրյալ առաջարկությունը կատարելու դեպքում հայ ժողովուրդը սատար կկանգնի պաշտոնական Երևանին, կբարձրանա անձամբ Ձեր և Հայաստանի Հանրապետության հեղինակությունը, իսկ միջազգային հանրությունն էլ ըմբռնումով կմոտենա:
Ես կողմ եմ բոլոր երկրների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը: Կողմ եմ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն ու կարգավորմանը, բայց ո՛չ երբեք այդ չարաբաստիկ արձանագրությունների միջոցով և մեր ազգային ու պետական շահերի հաշվին: Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվել չեն կարող, քանի դեռ ցեղասպան այդ պետությունը չի ենթարկվել միջազգային-իրավական պատասխանատվության, քանի դեռ տեղի չի ունեցել հատուցում (Restitution), իսկ Վիլսոնյան իրավարար վճիռն առջևում է:

«Եղի՛ր բացարձակ … Եւ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել…»:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

«…Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք,
Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդայ նախատինք:» 
ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Աստված օգնական լինի:
Համախոհության ակնկալիքով և հարգանքով՝
ԳԱԳԻԿ ԳՈՐԳԻՆՅԱՆ
14. ապրիլի 2014

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել