Աշխատում էի լռություն պահպանել պաշտոնափոխությունների թեմայով, որովհետև այս համակարգի պայմաններում յուրաքանչյուրը նույնքան է երկրի հերը անիծելու, որքան եթե այստեղ կառավարության ղեկավար նշանակվեր Սինգապուրի վարչապետը: Սակայն կան գործիչներ, որոնց նշանակումը առանցքային պաշտոններում ուղղակի անհասկանալի ու անթույլատրելի է, ի վերջո նրանք պետք է կաղապարվեն իրենց վերապահված միսիայի շրջանակներում, խոսեն և գործեն բացառապես իրենց համար առանձնացված սենյակներում, ինչպես, օրինակ, որոշ հոգեբուժարաններում խմբավորում են Նապոլեոններին, մարքսիստներին, սիրո հողի վրա խելագարվածներին և տիեզերագնացներին:

Հայաստանում, սակայն, հասարակության համար վտանգավոր տարրերին մեկուսացնում են առանցքային պաշտոններ տալով` ցանկապատած նստավայրեր են տալիս, թիկնազոր, կերակրատաշտ: Արդեն պաշտոնի նշանակման կարևորագույն նախապայման է դարձել, թե որքանով է այդ գործիչը ազդում հասարակության նյարդերի վրա և իր հիմար մտազեղումներով մարդկանց հոգեխանգարմունքի հասցնում: Վարչապետի նոր թեկնածուի հարվածը դեռ չմարսած` հասարակությանը կարծես սկսել են նոր փորձության ենթարկել, փորձելով նախապատրաստել Գալուստ Սահակյանի` ԱԺ նախագահ դառնալու բոթը: Տեսնես ում պայծառափայլ ուղեղում է ծնվել ամենաաբսուրդ մտավարժանքները մամուլ արտանետող այս գործչին երկրի երկրորդ դեմքը դարձնելու գաղափարը:

Լուրջ եմ ասում, պակասում է միայն մարդկանց քարշ տաք կառափնարան և մասսայական ոչնչացման ենթարկեք: Հավատացեք, որ դա առավել մեղմ պատիժ է, քան Գալուստի մտքերը այդ բարձր ամբիոնից ամեն օր լսելը: Ձեր քաղաքական ծաղրածուներին պահեք ձեր շրջապատում, որ աբսուրդ մտքեր արտանետի և բոլորին զվարճացնի: Իսկ եթե ձեր կադրային ռեզերվում Գալուստն է մնացել, լուրջ եմ ասում, տղերք, նամուս ունեցեք ու մի տողանով շարված հրաժարական տվեք:

Եվ վերջում` այնպես արեք, որ ձեր կադրային տեղաշարժերը մարսեք: Հասարակությանը շատ հաճախ ոչ թե սոցիալական վիճակն է փողոց բերում, այլ այն հոգեխանգարմունքը, որին նրանց հասցնում եք ձեր վերերկրային, տիեզերական նշանակումներով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել