Այս բոլոր լուսանկարներում արտացոլված է Հնդկաստանի խորհրդավոր գեղեցկությունը և մշակութային բազմազանությունը: Հնդիկ լուսանկարիչ Ջոյդիփ Մուկհերխեն տարված է իր աշխատանքով: Նա փորձում է իր լուսանկարների շնորհիվ պատմություններ պատմել տարբեր մարդկանց կյանքի մասին և պատկերել նրանց հոգու ամենանվիրական զգացմունքները: Նա իր երկրպագուներին երբեք չի դադարում զարմացնել իր նոր ֆոտոշարքերով, որոնք գերազանցում են մեկը մյուսին: Նա հատկապես շատ է սիրում լուսանկարչության ճանապարհորդական ուղղությունը: Ստորև ներկայացված է նրա հետ անցկացված հարցազրույցներից մեկը:

 

- Հակիրճ պատմե՛ք Ձեր մասին:

- Ես սիրողական մակարդակի լուսանկարիչ եմ, սակայն խորապես տարված եմ լուսանկարչությամբ: Ես շատ ուշ եմ սկսել զբաղվել լուսանկարչությամբ: Այնուամենայնիվ, պատրաստ եմ հանուն լուսանկարչության զոհաբերել կյանքիս յուրաքանչյուր անկթարթը: Թեպետ ես շատ հագեցած գրաֆիկ ունեմ, ես հասցնում եմ բավականաչափ ժամանակ տրամադրել լուսանկարչությանը:

- Ե՞րբ սկսեցիք զբաղվել լուսանկարչական գործունեությամբ:

- Ավելի երիտասարդ տարիքում ես հետաքրքրված էի տարբեր մարզաձևերով, արշավներով, ճանփորդություններով: Իմ մեջ լուսանկարչության հանդեպ մեծ սեր ծնվեց 2002 թ.-ին, երբ ես ճանապարհորդում էի Նեպալով: Հենց այդ ճանապարհորդության ընթացքում էլ ես իմ առաջին քայլերն արեցի լուսանկարչության ասպարեզում: Դրանից հետո ես երկար ճանապարհ եմ անցել: Լուսանկարչության զարմանահրաշ աշխարհում իմ ճանապարհորդությունն արդեն 11 տարի է, ինչ շարունակվում է: Ես ինքնուս լուսանկարիչ եմ: Այնուամենայնիվ, այս թվային դարաշրջանում հեշտ չէ միայնակ գլուխ հանել գործից: Ուստի որոշ հայտնի լուսանկարիչներ ինձ օգնել են ամրապնդել և խորացնել գիտելիքներս:

- Ո՞րն է Ձեր ստեղծագործական հաջողության գաղտնիքը:

- Ես կարծում եմ, որ լուսանկարիչը պետք է բավականին իրազեկ և հմուտ լինի, ինչպես նաև լուսանկարչական այնպիսի տեխնիկա կիրառի, որպեսզի կարողանա հասարակ լուսանկարը վերածել մարդկանց կյանքի պատառիկների: Ես կարծում եմ, որ լուսանկարների միջոցով կարելի է պատմություններ պատմել: Այսպիսով՝ դրանք դիտողներին չպետք է միայն գեղագիտական հաճույք պատճառեն: Ես սիրում եմ լուսանկարել մարդկանց: Ես ապրում եմ ոչ թե մարդկանց վրա ազդելու, այլ ինքնաարտահայտվելու համար:  

- Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:

- Ինչպես արդեն ասացի, ես պրոֆեսիոնալ լուսանկարիչ չեմ: Դրա համար էլ ես շատ պատվերներ չեմ վերցնում: Ներկայումս ես աշխատում եմ մի քանի լուսանկարչական նախագծերի վրա («Բեմի հետևում», «Հին դարաշրջանը» և այլն): Ես ծրագրում եմ մոտակա ժամանակներում ավարտին հասցնել այդ նախագծերը:

- Հարցազրույցի վերջում կխնդրեի կիսվել խորհուրդներով, որոնք կարող են օգնել սկսնակ լուսանկարիչներին:

- Ես նրանց խորհուրդ կտամ տքնաջանորեն աշխատել: Խորհուրդները կարևոր են, սակայն յուրաքանչյուրը պետք է փորձի ինքնուրույն բարելավել իր լուսանկարչական ձիրքը: Սովորեք Ձեր իսկ սխալներից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել