Վերջին շրջանում, Ուկրաինայի հակամարտությամբ պայմանավորված, շատ էր խոսվում այն մասին, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղվել էր մեկ այլ` Սիրիական հակամարտությունից: Նույնիսկ հնչում էին կարծիքներ, որ Սիրիայի կառավարությունը մեծ հաջողություններ է գրանցում ապստամբների հետ պայքարում, և ինչքան խորանում էր և խորանում է Ուկրաինական ճգնաժամը, այնքան ավելի մեծ հաջողություններ էր գրանցում և շարունակում է գրանցել Ասադի ռեժիմը: Սա, թերևս, այդքան էլ դուր չի գալիս Արևմուտքին, որը վերջին տարիների ջանք ու եռանդ չէր խնայում՝ աջակցելու, այսպես կոչված, սիրիական ընդդիմությանը, որը, ըստ էության, ոչ մի կերպ չի հանդիսանում այլընտրանք Սիրիայի իշխանություններին՝ ելնելով թե´ այդ ընդդիմության կազմակերպվածությունից, թե´ հնարավորություններից:

Ինչևէ, ինչպես քիչ առաջ ասացի, սա Արևմուտքի սրտով չէ՝ մասնավորապես այս դեպքում ԱՄՆ-ի: Հետևաբար հարկավոր էր ստեղծել առիթ հակամարտությանն ուղղակի ներգրավվածության համար: Այլ կերպ ասած՝ լեգիտիմ պատճառ անելու այն, ինչ ամերիկացիք չարեցին նախորդ տարվա ամռանը. նվազագույնը հասցնել օդային հարվածներ Ասադի բանակի ուղղությամբ: Կարծես դրա համար առիթն ամեն դեպքում ստեղծում է:

Օրերս Սիրիայի կառավարական ուժերը, ապստամբներն ու իրավապահ կազմակերպությունները հայտարարել են երկրի կենտրոնական մասում գտնվող գյուղերից մեկում թունավոր գազի կիրառմամբ հարձակման պատճառով տուժածների մասին: Ինչպես և սպասելի էր, ոչ մի կողմ կատարվածի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել: Երկուսն էլ հանդես են գալիս փոխադարձ մեղադրանքներով: Մինչդեռ Վաշինգտոնից երեկ հայտարարել են, որ ներկայումս ուսումնասիրում են քիմիական զենքի օգտագործան փաստերը:
Ինչ խոսք, հստակ ասել, թե ով է այս ամենի ետևում կանգնած ճիշտ չէ, բայց եզրակացություններ անել, հիմնվելով մի շարք փաստերի վրա, անշուշտ, կարելի է: 
Տեսեք, այսօրվա դրությամբ Ասադը վերջին տարիների հետ համեմատ գրանցում է լուրջ հաջողություններ` ռազմական ոլորտում: Մեկը մյուսի հետևից ազատագրվում են ապստամբների կողմից գրավված տարածքները:

Հուսով եմ՝ ինձ կողմնապահության մեջ ոչ ոք չի մեղադրի, եթե ընդդիմությանը պայմանականորեն կոչեմ ապստամբներ: Բանն այն է, որ այս հակամարտության մեջ մի կողմում Ասադն է, իսկ մյուսում` ով ասես: Այնպես որ, ոչ մի միաձույլ կողմի մասին խոսք լինել չի կարող: Առկա են բազմաթիվ ուժեր՝ սեփական օրակարգով և նպատակներով:

Ինչևէ, վերադառնանք բուն խնդիրին: Ասադը նաև շատ լավ հասկանում է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ կանգնած էր տապալման եզրին, քանի որ ԱՄՆ-ն մեկ ոտքով արդեն ներխուժել էր իր երկիր հենց քիմիական զենքի օգտագործման պատրվակով: Այնպես որ, ստեղծված իրավիճակում, երբ կառավարական ուժերը ավելի քան երբևէ գտնվում են շահեկան վիճակում, հարց է առաջանում: Ինչո՞ւ պետք է Ասադը դիմեր քիմիական զենքի օգնությանը: Ես դրա անհրաժեշտությունն ու տրամաբանությունը ներկա պայմաններում չեմ տեսնում:

Ինչ վերաբերում է Սիրիայի ապստամբների կողմից թունավոր գազի օգտագործման հավանականությանը, ապա, պետք է ասել, որ այստեղ տրամաբանություն ամեն դեպքում կա: Մարդիկ պարտվում են և փորձում են սադրել ԱՄՆ-ի ներգրավվածությունը, ասել է թե, ԱՄՆ-ից ակնկալում են շոշափելի և ավելի մեծ աջակցություն, քան այն, ինչ մինչև այժմ ստացել են: Իսկ ԱՄՆ-ի համար սա փայլուն առիթ է, որպեսզի ներխուժի և «փրկի սիրիացի ժողովրդին Ասադի ոճրագործություններից»: Նույնիսկ եթե չապացուցվի էլ, որ զենքը կիրառվել է Ասադի բանակի կողմից, ըստ միջազգային իրավունքի, միջազգային հանրությունը պարտավոր է «քայլեր ձեռնարկել» արգելված զենքերի օգտագործան կանխարգելման դեմ, և ինչ խոսք, դրա պատճառով խաղաղ բնակիչների սպանությունները կանխելու ուղղությամբ:

Այնպես որ, տեսնենք, թե ինչ է մեզ սպասվում առաջիկայում: Ով գիտե, գուցե միջազգային հանրության ուշադրությունը Ուկրաինայից կրկին շեղվի՞ դեպի Սիրիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել