Թեև իշխանությունը կիրառեց, այսպես կոչված, պրևենտիվ քաղաքականության քայլ՝ վարչապետի պաշտոնում նշանակելով Հովիկ Աբրահամյանին, որովհետև ներկա սոցիալ-տնտեսական և քաղաքական իրողության պայմաններում սոցիալ-քաղաքական մասնակցության միասնական մոդելը կարող է էլ ավելի խորացնել համակարգային «ճեղքերը», որոնք հեղափոխական կրքերով լցվելու միտումներ ունեն, սակայն ամեն ինչ միանշանակ չէ: Հովիկ Աբրահամյանը, գուցե, լավ հարաբերություններ ունի ԲՀԿ-ի հետ, և կարող է ազդել վերջինիս վրա՝ հեռու պահելով ընդդիմադիր շարժումներից, բայց քաղաքական գործընթացն իր էությամբ բավական բազմաշերտ ու բարդ երևույթ է: Այն մշտապես ու ամբողջովին վերահսկելի կատեգորիա չէ: Ինչ-որ պահի, կախված մի շարք հանգամանքներից, կարող է գործընթացը դուրս գալ վերահսկելիությունից, և ԲՀԿ-ն կարող է լրջորեն մրցակցել ՀՀԿ-ի հետ իշխանության նվաճման և իրացման գորում: Որոնք են այդ հանգամանքները՝
ա) քաղաքական կոնյունկտուրայի փոփոխություն՝ քաղաքական ուժերի դասավորությունը քաղաքական համակարգում, որը կազդի ուժերի բալանսի վրա, ԲՀԿ-ին սատարող և ՀՀԿ-ի հետ մրցակցող ուժերի շատացում.
բ) ՀՀԿ-ի դիրքերի թուլացում. տնտեսական ճգնաժամի խորացումը կարող է հանգեցնել ռեսուրսների բաշխման խառնաշփոթի, արդյունքում ներիշխանական ֆրակցիաների առաջացում, պայքար, կոնֆլիկտ.
գ) վերջին և ամենակարևոր գործոնը՝ ԲՀԿ-ին հանրային աջակցության մեծացում, որը կուսակցությանը կստիպի վերանայել իր քաղաքական մոտեցումները, արժևորել սեփական ինքնագնահատականն ու դերակատարությունը սոցիալ-քաղաքական կյանքում, մեծացնել ամբիցիաները, դուրս գալ քաղաքական ստվերից: 
Ի վերջո, ԲՀԿ-ն քաղաքական ուժ է, որն ունի բավական շատ ռեսուրսներ, նպատակներ, ծրագրեր, անհատներ, հետևաբար՝ քաղաքական որոշակի և լուրջ ամբիցիաներ և երբեք չի հրաժարվի հայտնվել ավանգարդային կուսակցության դերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել