Ինչու՞ ենք այս օրին. այս հարցը շատ եմ ինձ տալիս: Ինձ թվում է, թերևս, ամենագլխավոր պատճառներից մեկն այն է, որ մեր երկրում ոչ մի բան իր տեղում չի, ամեն ինչ խառնվել է իրար։ Մի հասարակ օրինակով պարզաբանեմ. բոլորիս հայտնի է Երևանյան դպրոցում տեղի ունեցած դեպքը` կապված 71 դպրոցի աշակերտ Հարություն Ղազարյանի հետ։ Սկզբում տղայի հետ փորձում են հաշիվներ պարզել ̀ որպես քուչի «լավ» տղա՝ հանդիպելով խիստ դիմադրության, 1 օր հետո «լավ» տղերքը դառնում են փափկամազիկ մամայի բալաներ, լացակումաց մամաներին բողոքելով՝ ձեռքները բռնած գալիս են դպրոց, հաջորդ օրը արդեն տնօրենին ու ԶԼՄ-ներին են դիմում, որը նույն քուչի տղերքի լեքսիկոնով կոչվում է գործ տալ, որը հարգի չէ հենց նույն քուչի լավ տղերքի կողմից։ Հետո տեսնելով Հարությունի անդրդվելիությունը ̀ գրեթե բոլորրը մեղմ ասած տեղափոխվել են այլ դպրոց, մեղմ ասած կարելի է որակել սա որպես առնետավազք։ Կարճ ասած այժմ մեր երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ոչ ոք չգիտի իր տեղն ու դերը միջավայրում։ Առաջ գողականը գողական էր, ինժեների տեղը արտադրամասը, մարմնավաճառինը՝ փողոցը, ուսուցչինը՝ դպրոցը, տնտեսագետինը՝ կառավարությունը։ Հիմա ամեն ինչ խառնվել է, մարմնավաճառին կարող ես տեսնել կրթօջախում, գողականին՝ Ազգային ժողովում, ինժեներին՝ տաքսու ղեկին, Ոստիկանին ̀ գողական գնալիս ̀ և այդպես մերթ ընդ մերթ միմյանց հետ ռակիրովկա լինելով։ Աշխատանքի բաժանումը իրեն արդարացրել է նախնադարյան հասարակարգերից առ այսօր, և ինչքան մարդկությունը զարգանում է, այնքան այդ բաժանումը խորանում է։ Մենք վերադարձել ենք նախնադարի մակարդակին. հետաքրքիր է քանի՞ տարի է պետք, որ յուրաքանչյուրս զբաղեցնենք մեր արժանի և իրական տեղերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել