Սուրբ Հարության տոնից` Զատկից մեկ շաբաթ առաջ՝ Ավագ շաբաթվա միաշաբթի (կիրակի) օրը, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին նշում է Տերունի տոներից մեկը՝ Ծաղկազարդը (Տերունական տոներ. Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կյանքի հետ կապված ամենակարևոր դրվագների հիշատակության օրեր, որոնք քրիստոնյա եկեղեցին տոնում է մեծ հանդիսավորությամբ): Տոնը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ. տեսարանը նկարագրում են բոլոր չորս ավետարանիչները. «Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա» (Մատթ.21:9): Ավետարանական այս դրվագը հիշեցում է Քրիստոսի գալստյան մասին. «Օվսաննա, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով» (Հովհ. 12:13)...Իսկ մենք պատրա՞ստ ենք Տիրոջն ընդունել մեր մեջ...պատրա՞ստ ենք ողջունել նրան...չէ՞ որ նա ամեն օր գալիս է մեզ այցի...ամեն օր... Ու նրա երկրորդ գալուստի ժամանակ մենք պիտի պատասխան տանք մեր արածի ու չարածի համար, ու այդ ժամանակ շատերին չեն օգնի իրենց կյանքը թեթևացնելու համար իրենց իսկ ստեղծած միֆերը՝ «ես աթեիստ եմ», «ես «հեթանոս» եմ», «ես... »...
Պատրա՛ստ լինենք նրան բաց սրտով ու բաց մտքով ընդառաջ գնալ...
Ծաղկազարդի նախօրեին՝ շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը և արդեն եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, կիրակի առավոտյան կատարվում է հանդիսավոր ժամերգություն, ապա անդաստան, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, ովքեր մասնակցում են տոնական Պատարագին: Նույն օրը երեկոյան կատարվում է նաև Դռնբացեքի արարողությունը (Դռնբացեքի արարողությունն իրականացվում է Ծաղկազարդի ժամանակ եւ խորհրդանշում է Մեծ պահքի ավարտն ու Ավագ Շաբաթի սկիզբը: Դռնբացեքի կարգը ունի Տիրոջ Երկրորդ գալստյան, աշխարհի վախճանի և Ահեղ դատաստանի խորհուրդը):
Ծաղկազարդի տոնը հայերիս համար նաև ժողովրդական սիրված տոն է եղել, քանի որ ծառի խորհուրդը, ի մասնավորի կենաց ծառի խորհուրդը, բնության զարթոնքին նվիրված տոները ազգային նախահիմքերում են: Ծաղկազարդ անունից բացի ժողովուրդն օգտագործել է Ծառզարդար, Ծառկոտրունք անունները: Օրվա հետ կապված եղել են հատուկ ծիսական խաղեր, պարեր, կերակուրներ, երգեր...
Ազգային ծիսական-եկեղեցական այս լուսավոր մեկտեղումի մասնակիցը դառնանք սիրով ու պատասխանատվությամբ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել