Պուտինը Ռուսաստանի պատմության մեջ ամենազգուշավոր առաջնորդն է: Ոչ մի ուրիշ ռուս առաջնորդ նման սկուրպուլյոզ մոտեցում չի դրսևորել հատկապես արտաքին քաղաքականությանը: Եղել են արկածախնդիրներ, եղել են փթիրներ, եղել են նվաճողներ, եղել են լուզերներ, բայց երբեք չի եղել Պուտինի պես մանրակրկիտ հաշվարկների վրա հիմնված խիստ զգույշ գործող առաջնորդ:

Ու այսքանով հանդերձ, Պուտինը որոշեց գնալ Ղրիմի անեքսիային, իսկ հիմա էլ կամուկացի մեջ է մնացած Ուկրաինայի մասով: Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա կարելի է պնդել, որ Պուտինը գնաց այդ քայլին, որովհետև բացարձակ ու հիմնավոր վստահություն ուներ, որ դա չի հանգեցնի սառը պատերազմի ու, առավել ևս, լիարժեք պատերազմի:

Ուկրաինայի հարավ-արևելքի մասով դեռ պարզ չէ, թե ինչպիսին կլինի պուտինյան մարտավարությունը, որովհետև պարզ չի, թե որքանով է Արևմուտքը տրամադրված փոխզիջման: Եթե Պուտինն այս անգամ էլ վստահություն ունեցավ, որ հակաքայլերը չեն կրի շատ լուրջ բնույթ, ապա, վստահաբար, Ուկրաինան էլ ավելի կփոքրանա, իսկ եթե վստահություն չեղավ...

Բարդ է ասել, թե ինչ կանի Պուտինը, եթե կասկածներ եղան: Անկասկած է միայն, որ թույլ Օբամայից հետո ԱՄՆ-ի նախագահական գահը կանցնի ուժեղ նախագահի, ում հռետորիկան ու հետագա գործողությունները կառուցված կլինի հակառուսականության վրա, և 2016-ից հետո Պուտինին արդեն ավելի դժվար կլինի միջազգային մակարդակով նման խոշոր հաղթանականեր տոնել: Եթե նա էլ ավելի է ուզում զարգացնել հաջողությունը, ապա պետք է անելիքը անի մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները, որպեսզի հետո ավելի շահեկան դիրքերից սկսի հարաբերությունների կարգավորումը ԱՄՆ-ի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել