Սերժ Սարգսյանի խոսքը թուլացած և մեկուսացման մեջ հայտնված մարդու իշխանությունը պահպանելու շատ խղճուկ և վատ հաշվարկված վերջին փորձերն է:

Հանդիպման ժամանակ նրա հնչեցրած միտքը բաղկացած է երկու մասից: Առաջինը նախատեսված է հասարակական լայն շրջանակների, իսկ երկրորդ հատվածը՝ սեփական թիմի համար:

1.«Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:

Տվյալ հատվածը նպատակ ունի ցուցադրելու Սերժ Սարգսյանի արդարամտությունը, ազնվությունը, զիջումների գնալու պատրաստակամությունը և ամենակարևորը՝ շեղելու հասարակական ուշադրությունը խոսքի երկրոդ հատվածից՝ քողարկելու համար սահմանադրական փոփոխությունների միջոցով սեփական իշխանության սահուն վերարտադրությունը իրականացնելու նպատակը:

2.«Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում»:

Այս հատվածը արդեն ուղղված է սեփական թիմին և նպատակ ունի կանխելու ներիշխանական խուճապ ու առնետավազքը, որը կարող է առաջանալ «գնացող նախագահ» էֆեկտի արդյունքում: Այստեղ Սերժ Սարգսյանը շատ հստակ հասկացնում է, որ ինքը ամենևին նպատակ չունի թողնելու երկրի կառավարման ղեկը և պատրաստվում է աճպարարական այս քայլի միջոցով՝ չլինելով ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ պահպանել սեփական իշխանությունը:

Եթե ավելի պարզ ձևակերպենք, ապա Սերժ Սարգսյանը ասում է, որ չի լինելու նախագահ և վարչապետ, սակայն լինելու է նախագահ և վարչապետ նշանակող Հանրապետական կուսակցության ղեկավար:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ սա թուլացած և մեկուսացման մեջ հայտնված մարդու իշխանությունը պահպանելու շատ խղճուկ և վատ հաշվարկված վերջին փորձերն են: Միայն նման պայմանները կարող էին ստիպել Սերժ Սարգսյանին մտածել ոչ թե սեփական վերարտադրություն, այլ իշխանության վրա ինչ-որ կերպ՝ հեռակա կարգով, միջնորդավորված ազդեցության լծակներ պահպանելու մասին:

Հ.Գ. Սա ևս մեկ անհերքելի ապացույց է այն բանի, որ Սերժ Սարգսյանը կանգնած է չափազանց փխրուն հողի վրա և, որ մենք իրավունք չունենք նրան այն պնդացնելու հնարավորություն ընձեռել: Հարկավոր է հնարավորինս շուտ օգտվել ռեժիմի վերջնականապես տապալելու և Հայաստանում օրինականությունը վերականգնելու այս աննախադեպ հնարավորությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել