ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ «Անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում։ Հետևաբար, բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանում սահմանադրական ճանապարհով որևէ բան փոխել հնարավոր չէ, հօդս են ցնդում։ Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդավարական երկրներում կիրառվող սահմանադրականության սովորական մեխանիզմ»։

Այս հայտարարությամբ Տեր-Պետրոսյանը միանգամից երկու ծառայություն է մատուցում իշխանությանը: Առաջին, ի լուր աշխարհի հայտարարում է, որ Հայաստանում ժողովրդավարության զարգացվածության մակարդակը բավականին բարձր է, որի պայմաններում քաղաքական պրոցեսներն ընթանում են քաղաքակիրթ ճանապարհով:

Երկրորդ, առաջին նախագահը հակադարձում է ԲՀԿ-ին, որն ավելի վաղ Վահան Բաբայանի շուրթերով հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում` իրենք բարիկադների ու ցնցումների կդիմեն, ինչը ոչ այլ ինչ է, քան հակասահմանադրական գործողություն:

Սրանից զատ, Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ինքնախոստովանություն էր առ այն, որ իր պաշտոնավարման տարիներին Հայաստանում սահմանադրական ճանապարհով որևէ բան փոխել հնարավոր չէր, ըստ այդմ` իր հեռացումն անհրաժեշտությունն էր:

Նույն հարցազրույցում առաջին նախագահը ակնհայտ բառախաղի է դիմում, նախ` մարտի մեկի հանրահավաքի մասնակիցների թիվը ներկայացնելով 30 հազար (մասնակիցների թիվը առավելագույնը 15 հազար էր), երկրորդ` նշում, որ եթե դրան մասնակցեին նաև քառյակի մասնակիցները, ապա այդ թիվը կարող է եռապատկվել, հնգապատկվել: Սկսենք նրանից, որ մարտիմեկյան հանրահավաքին ներկայացված էին նաև քառյակի ներկայացուցիչները, երկրորդ, երեկ քառյակի անդամներից` «Ժառանգության» հրավիրած հանրահավաքին մասնակիցների թիվը պետք է որ Տեր-Պետրոսյանին նման լավատեսական մեկնաբանությունների տեղիք չտար:

Միաժամանակ, դժվար է չհամաձայնել ՀԱԿ ղեկավարի այն տեսակետին, որ Հայաստանում ու Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների զուգահեռները տեղին չեն, սակայն խնդիրը ոչ թե «արևմտամետ ուժերի բացակայությամբ» է պայմանավորված, ինչպես պնդում է Տեր-Պետրոսյանը, այլև քաղաքական իրավիճակների տարբերությամբ:

Անդրադառնալով կոալիցիոն կառավարություն ձևավորելու ու դրանում քառյակի որոշ ուժերի ներգրավվելու հնարավորությանը` Առաջին նախագահը նշում է, թե «ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ և չպետք է մաս կազմի նրա կողմից ձևավորված որևէ կառավարության, անգամ եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին»։

Որքան էլ ՀԱԿ ղեկավարը հորդորեց ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին` «խաղերի մեջ չմտնել» իշխանության հետ, այդուհանդերձ, արդեն հայտնի է, որ քառյակի ուժերից ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն իրենց համաձայնությունը տվել են` մասնակցելու նախագահի նախաձեռնած քաղաքական խորհրդակցություններին, որից հետո նախագահը ներկայացնելու է նոր վարչապետին:

Տեր-Պետրոսյանին կարելի է հասկանալ. նրա համար խիստ անցանկալի կլինի ոչ միայն կոալիցիոն կառավարության կազմում ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին տեսնելը, այլև նրանց` իշխանության հետ ցանկացած այլ ձևաչափով համագործակցելը, քանզի դա ոչ միայն «քաղաքագիտական վերլուծության», այլև` ՀԱԿ-ի ամբողջական տապալումը կլինի. չէ՞ որ ՀԱԿ-ի մարտավարությունն ի սկզբանե հիմնված էր «իշխանությունից բեկորներ պոկելու» ու դրա միջոցով ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար:

Հ.Գ. Նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ ոչ միայն մտադիր չէ առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններին, այլև հետագայում վարչապետ դառնալու հավակնություններ չունի: Միաժամանակ հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որը կառավարման համակարգի լուրջ փոփոխություններ է առաջ քաշում: Ինֆորմացիան բավականին ծավալուն է, ինչին հարկ կլինի առաջիկայում անդրադառնալ մանրամասն վերլուծությունից հետո: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել