ՀՀ առաջին նախագահի մեջ հաստատ ինչ-որ մոգական ձգողականության ուժ կա: Նախ այս մարդը տասը տարի լռելուց հետո կարողացավ վերադառնալ մեծ քաղաքականություն և, բառի բուն իմաստով, համախմբել ամբողջ ընդդիմադիր զանգվածն իր շուրջը և պայքարել իշխանության համար: Իշխանությունը նա կրկին չնվաճեց, բայց փոխարենը նա ունեցավ այնպիսի ձեռքբերում, որ, կարծում եմ՝ պակաս նշանակություն չունի, նույնիսկ ոմանց համար կարող է և ավելի մեծ կարևորություն ունենալ. այս մարդը փաստացի կարողացավ «մաքրել» իր անունը: Մարդկանց մեծ մասը, ովքեր հայհոյում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, թե´ այն ժամանակ, երբ նա դեռ նախագահ էր, թե´ դրանից հետո, կտրուկ փոխեցին իրենց վերաբերմունքն ու կողմնորոշումը: Ինչ-ինչ, բայց սա պակաս ձեռքբերում չէր: Ինչևէ, այժմ խոսենք ներկայի մասին:

Այսօրվա դրությամբ Լևոն Տեր-Պետրոսյանն այն թափը չունի, ինչ ուներ 2008-ին, բայց քաղաքական դաշտի վրա ազդեցության և այդ դաշտում հեղինակության առումով նույնն ասել չէմ կարող: Նրա ցանկացած ելույթ, մեկնաբանություն տարբեր քաղաքական թեմաների շուրջ ստիպում է բոլորին դրան անդրադառնալ, մեկնաբանել, փնտրել ուղերձներ կամ էլ հորդորներ: Բոլորը, անկախ նրանից՝ ինչ վերաբերմունք ունեն այս մարդու նկատմամբ, քննարկում են նրա ցանկացած քայլը: Երեկվա հարցազրույցը, կապված վերջին ներքաղաքական զարգացումների հետ, բացառություն չէր:

Ինչպես և սպասելի էր, Տեր-Պետրոսյանը երեկ` իր հարցազրույցի ժամանակ, վարչապետի հրաժարականը ևս կապեց Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի` քառյակի, գործողությունների հետ: Իր ելույթից ես հիմնականում հասկացա հետևյալը` իշխանությունը, հատկապես Սերժ Սարգսյանը, զոհաբերելով վարչապետին, ցուցաբերեց թուլություն, հետևաբար քառյակն այժմ պետք է ավելի զգոն լինի և պայքարը տանի մինչև վերջ: Առաջին նախագահը նաև համոզմունք է հայտնում, որ Սերժ Սարգսյանը կփորձի պառակտել ընդդիմությունը` ոմանց պաշտոններ առաջարկելով, դրա համար վերջինիս համոզմամբ քառյակը ոչ մի դեպքում չպետք է մասնակցի նախագահ Սարգսյանի որևէ կառավարության ձևավորմանը և շարունակի ճնշումները հանրահավաքների միջոցով` պահանջելով իշխանությունների ամբողջական կապիտուլյացիան` նախագահի հրաժարականը: Այս հարցազրույցին, ինչպես և սրա նախորդներին, արձագանքեց գրեթե ամբողջ մեր քաղաքական-փորձագիտական դաշտը: Ես էլ բացառություն չլինեմ՝ չնայած, որ ո՛չ մեկն եմ, ո´չ էլ` մյուսը:

Գիտեք՝ ինչ, Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում անկեղծ չէ, և դա ինչ-որ տեղ հասկանալի է և բնական: Բանն այն է, որ անկախ նրանից, որ նախկին նախագահը շուրջ 70-ամյա թոշակառու է, նա, միևնույնն է, մնում է քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ, այլ ոչ թե անկախ փորձագետ, որպեսզի օբյեկտիվորեն գնահատի ներքաղաքական իրավիճակը: Այն, ինչը նա ասում է, իր վերջին հարցազրույցում, թե իբր Սերժ Սարգսյանն այժմ ավելի քան խոցելի է, և պետք է սա անել, հետո մյուսը, և այլն, և այլն, ոչ թե բացարձակ ճշմարտություն է կամ էլ իրականություն, այլ փաստերի սուբյեկտիվ շահարկում: Դրա հիմնական պատճառի մասին հենց նոր ասացի: Սա, այսպես ասած, իմ ամբողջական վերաբերմունքն է այս հարցազրույցին:

Ինչ վերաբերում է հավանական ուղերձներին, ապա սրանով գուցե առաջին նախագահը փորձում է ուրվագծել քառյակի հետագա գործողությունները, բայց թե ինչքանով դա նրան կհաջողովի, դժվար է ասել, այլ կերպ ասած, ինչքանով այդ քառյակը կլինի միաձույլ իր հետագա գործունեության մեջ ցույց կտա ժամանակը, քանի որ մեկ անգամ չէ, որ կյանքը ցույց է տվել, թե ինչպես են իրենց ընդդիմություն ներկայացնողները մեկ ժամվա մեջ դարձնել իշխանություն: Այնպես որ, ճիշտ կլինի մի քիչ էլ սպասել` նախօրոք ոչ մեկին ոչնչի մեջ չմեղադրելու համար:

Վերադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենին` ուզում եմ ասել, որ սրա պատճառներից մեկն էլ, անկախ ամեն ինչից, այն է, որ քաղաքական դաշտում տեղի չի ունենում համարժեք սերնդափոխություն, ի հայտ չեն գալիս նոր դեմքեր, ժողովրդի համար ընդունելի, նոր ծրագրերով, լավ ծրագրերով մարդիկ: Իսկ նման վակումային պայմաններում Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանը, դեռ երկար ժամանակ կկարողանա հրահրել ինչ-ինչ քաղաքական ինտրիգներ: Այնպես որ, ցավոք սրտի, թե բարեբախտաբար, բայց քաղաքական դաշտում չափ տվողները կան ու դեռ կմնան ներկայիս և նախկին երկու նախագահները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել