Շատ է խոսվում ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին, որը, գուցե, ստեղծված քաղաքական ճգնաժամի պայմաններում դրական տարբերակ է. այն կարող է ապահովել քաղաքական պլյուրալիզմի որոշակի մակարդակ, երբ տարբեր քաղաքական ուժեր կամ սոցիալական խմբեր հնարավորություն են ստանում մասնակցելու իշխանության նվաճման և/կամ իրականացման պայքարին: Այն նաև անցումային տիպի ռեժիմներում կարող է նպաստել քաղաքական ճգնաժամի մեղմացմանը կամ թույլ չտալ դրա հետագա խորացում: Սակայն, այդպիսի մոդելի կառավարության ձևավորման համար անհրաժեշտ է հաշվի առնել սոցիալ-քաղաքական իրականությունը, որը քաղաքական գործընթաց սկսելու ամենակարևոր նախադրյալներից է: Ազգային համաձայնության կառավարության ձևավորումը Հայաստանում պարունակում է որոշակի ռիսկեր առնվազն մի քանի խումբ մակարդակում, որոնք ուղղակիորեն կապված են վերոնշյալ սոցիալ-քաղաքական իրականության հետ. դրանք պայմանականորեն կարելի է անվանել.

1. «Ռեժիմային մակարդակ». ձևովորված իշխանական համակարգը հեգեմոնիստական է իր էությամբ, որը սահմանել է բացառման ռեժիմ: Սա թույլ չի տալու որևէ այլ քաղաքական ուժի իրական ներգրավվածություն քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
2. «Վերահսկողական մեխանիզմի թուլացում կամ բացառում». ներկայումս ձևավորված ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների համախմբումը և ակտիվացումը կմարի, արդյունքում հնարավոր չի լինի ձևավորել հանրային պահանջմունքներ, տալ դրանց ինստիտուցիոնալ բնույթ, ինչն այսօր մտել է բավական դինամիկ փուլ և երբեմն տալիս է ցանկալի արդյունքներ:
3. «Տեխնիկական մակարդակ». ընդամենը 10 օրում հնարավոր չէ կազմավորել էֆեկտիվ համաձայնությամբ կառավարություն, որովհետև այն պահանջում է բանակցային ավելի երկարատև գործընթաց, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել կոմպրոմիսային որոշման ընդունման: Համենայնդեպս, ըստ ընդդիմության, ազգային համաձայնության կառավարությունը պետք է ենթադրի նաև ծրագրային սկզբունքների համաձայնեցում, իսկ դա, բնական է, որ 10 օրվա քննարկման հարց չէ, այսինքն՝ տեղի է ունենալու զուտ տեխնիկական միացում՝ առանց գաղափարա-քաղաքական կառուցվածքի:

Հետևաբար, կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է շարունակի խորացնել կոնսոլիդացիոն գործընթացը, ձևավորի հանրային պահանջմունքների հիերարխիան և դրանք հստակ շարադրի քաղաքական օրակարգում, այսինքն՝ շարունակի ձևավորել քաղաքական, սոցիալական այնպիսի դաշտ, որը նոր կառավարությանն ուղղակի կստիպի կայացնել հանրության շահերից բխող որոշումներ:

Իսկ ինչ մնում է վարչապետի անձին, ապա մեր իրականության մեջ նրա մարդկային հատկանիշներն գերակա են պրոֆեսիոնալ կարողությունների նկատմամբ, և սա զգացմունքային դատողություն չէ. նախորդը նույնպես ուներ պրոֆեսիոնալ կարողություններ, սակայն, ինչպես երևաց, դա հակադարձ համեմատական էր հասարակության շահերին: Ի վերջո, կարևոր է մարդու աշխարհայացքը, արժեհամակարգը, որը ձևավորում է նրա նպատակները, եթե այդ արժեհամակարգը ապասոցիալական է, ապա այդ պրոֆեսիոնալիզմը ծառայելու է միմիայն սեփական իշխանության ռեսուրսների ամրապնդմանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել