Մեկ-մեկ նենց մազալու փաստարկներ կլսես: Ասում ա, քանի որ իմ կայքում լիքը գովազդ կա, ուրեմն ես անկախ ԶԼՄ-եմ, իսկ քոնում, քանի որ չկա, ուրեմն դու պատվերով ես աշխատում: Մեր մեջ ասած, նվաստս մինչեւ հիմա ճիշտ հակառակն էր մտածում՝ եթե որեւէ հայաստանյան կայքում գովազդը շատ է, ուրեմն էդ կայքը, եթե չասեմ ուղիղ իշխանական հովանու ներքո է կամ պատվեր է կատարում, ապա առնվազն ընդհանուր իշխանական «դաբրոյի» մեջ է, կամ, եթե լրիվ զգույշ լինենք՝ վնաս չի ներկայացնում իշխանության տեսակետից: Որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանում գովազդ ստանալը տնտեսական հարց չի, այլ քաղաքական է, եւ, եթե գովազդատուն ուզենա էլ տեղադրի գովազդ քո կայքում, ապա կզգուշանա, եթե կա քաղաքական խնդիր.... Մի կարեւոր թյուրըմբռնում էլ կա, ի դեպ, որն ավելի տարածված է: Համարվում է, որ ԶԼՄ-ն, որն ունի բաց ու հստակ քաղաքական գիծ, լավը չի, «օբյեկԾիվ» չի: Իրականում սա խնդրի աղավաղում է: ԶԼՄ-ն, որն ունի բաց քաղաքական գիծ, հասարակության հետ ազնիվ է, եւ ընտրության հնարավորություն է տալիս ընթերցողին՝ համաձայնել կամ չհամաձայնել իր ներկայացրած փաստարկների հետ: Իսկ ահա ԶԼՄ-ն, որը քաղաքական գիծը անցկացնում է տակից, ենթատեքստով, կեղծիքով՝ վտանգ է հասարակության տեսակետից: Այպիսիքին են, ի դեպ, հասարակական թեմաներով գրող մեր ԶԼՄ-ների մեծ մասը: Նրանք բոլորն էլ քաղաքականացված են տակից՝ «անկախի» անվան ներքո: Իսկ, եթե է՛լ ավելի լայնացնենք խնդիրը, ապա օբյեկտիվությունը ոչ թե մեկ ԶԼՄ-ով է հնարավոր, այլ տարբեր տեսակտներ ներկայացնող մամուլի միավորների ազատ ու հավասար մրցակցությամբ: Ամենուր էլ այդպես է: Ամենուր էլ, ուր կա ազատ մամուլ, ԶԼՄ-ներից յուրաքանչյուրն ունի իր համակրանքները, իր գիծը, իր քաղաքական դիրքերը: Իսկ ընթերցողն էլ ընտրում է ըստ իր նախասիրությունների, կամ էլ եզրակացության է գալիս՝ համեմատելով տարբեր տեսակետները: Միայն հետսովետական տարածքում է, որ մարդկանց կերակրում են «անկախ» մամուլի միֆով, իսկ իրականում մանիպուլյացնում են հասարակական կարծիքը նույն այդ «անկախի» պիտակի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել