Ուկրաինայի արևելքը կրկին անհանգիստ է: Արևելյան մի շարք շրջաններում կիրակի մեկնարկած մեծ հանրահավաքները լրջորեն անհանգստանցրել են երկրի իշխանություններին և ուժգնացրել երկրում առկա անկայունությունը: Ակտիվիստները հիմնականում գործում են նույն տրամաբանությամբ. գրավում են շրջանային վարչության շենքերը, հռչակում անկախություն իրենց շրջաններում և նշանակում հանրաքվեի օր, որի ժամանակ պետք է որոշվի հիմնական` Ռուսաստանին միանալու հարցը: Երեկ ուժային կառույցների մի շարք ղեկավարներ, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, մեկնեցին Խարկով, Դոնեցկ և Լուգանսկ տեղում գնահատելու իրավիճակը: Քիչ առաջ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Խարկովում սկսված «հակաահաբեկչական գործողության» արդյունքում փակվել է քաղաքի կենտրոնը, դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը, ինչպես նաև ձերբակալվել են ավելի քան 70 հոգի: Մնացած շրջանների մասին առայժմ ոչ մի հստակ տեղեկատվություն չի հաղորդվում: Նշեմ, սակայն, որ քիչ առաջ պարզ դարձավ, որ Նիկոլաև շրջանում ևս տեղի են ունենում հանրահավաքներ և նույնիսկ մի քանի անգամ փորձ է արվել այնտեղ ևս գրավել շրջանային վարչության շենքը, բայց տեղի իշխանություններն իրենց օպերատիվ գործողությունների շնորհիվ կարողացել են դա կանխել:

Կարճ ասած՝ իրավիճակը մտահոգիչ է, և տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ արձագանքել են ինչպես Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում: Մինչ Արևմուտքում հիմնականում «խորը մտահոգություն» են հայտնում, Ռուսաստանում ավելի հստակ են արտահայտվում` ասելով, որ շրջաններում հանրաքվեներ անցկացնելը կլինի ամենաօպտիմալ լուծումը ճգնաժամի լուծման համար: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանն անթաքույց աջակցություն է հայտնում վերը նշված շրջանների ակտիվիստներին: Հիշեցման կարգով ասեմ, որ նախօրեին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հանդիպումից հետո, վերջինս ասել էր, որ Պուտինն իրեն հավաստիացրել է, որ այլ ռազմական գործողություններ Ուկրաինայում չեն լինելու:

Չգիտեմ՝ Պուտինը Պան Գի Մունին ինչ է խոստացել, կամ էլ հավաստիացրել, բայց չեմ կարծում, որ որևէ մեկն անգամ կասկած ունի, որ այս ամենի ետևում կանգնած է Ռուսաստանը՝ ի դեմս այդ երկրի նախագահի:

Ինչպես հիշում եք, Ռուսաստանն ավելի վաղ առաջարկել էր ուկրաինական ճգնաժամի լուծման իր տարբերակը, որն Արևմուտքն ու Կիևը, ըստ երևույթին, մերժեցին: Հիմա հանգամանքների բերումով Ռուսաստանը գնում է իր ծրագրի իրականացմանը` կիրառելով կոշտ ուժային դիվանագիտություն, ասել է թե, ստիպում է Արևմուտքին գնալ իր ծրագրին ընդառաջ` դաշնայնացնել և ամրագրել Ուկրաինայի չեզոք պետության կարգավիճակը նոր սահմանադրությամբ և համապատասխան միջազգային պայմանագրերով:

Տեսեք, անձամբ ես չեմ հավատում, որ Ռուսաստանն ուզում է բիրտ ուժի միջոցով գրավել Ուկրաինան ամբողջությամբ, կամ էլ անեքսիայի ենթարկել դրա մի մասը, առավել ևս, երբ արդեն իրեն է միացրել Ղրիմը, որը դեռ պետք է կարողանա մարսել: Նրա նպատակն ավելի հեռուն է գնում: Ինչպես քիչ առաջ ասացի, նա ցանկանում է իրականացնել իր տեսլականը Ուկրաինայի հաշվով, որի միջոցով հնարավորություն կստանա ավելի մեծացնել իր ազդեցությունը Ուկրաինայի վրա և չեզոքացնել Արևմուտքի ծրագրերն Ուկրաինայի հաշվով: Այնպես որ, Ռուսաստանի կողմից այս թոհուբոհը հրահրելը ոչ թե ռազմական ագրեսիայի սպառնալիք է, այլ` քաղաքական շանտաժ, որի արդյունավետությունը, ամենայն հավանականությամբ, մենք կտեսնենք առաջիկայում: Մինչ այդ սպասենք և տեսենք, թե ինչ ընթացք կստանա ճգնաժամն իր կարճաժամկետ հեռանկարում, թե ինչ ճանապարով կփորձի այս խնդիրը լուծել Կիևը, և թե ինչպես դրան կարձագանքեն Մոսկվան և Արևմուտքը համապատասխանաբար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել