Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները` վարչապետի հրաժարական, Սահմանադրական դատարանի որոշում, կարծես թե, երկրորդ պլան մղեցին ղարաբաղյան կարգավորման բանակցություններում նկատված վերջին զարգացումները, մասնավորապես, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ու դրան հետևած հայտարարությունները:

ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված համանախագահների համատեղ հայտարարությունում նշվում է, որ «ԱԳ նախարարները քննարկել են նախագահների մակարդակով մոտ ապագայում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը և ընդգծել հիմնարար հարցերի առնչությամբ առաջընթաց արձանագրելու անհրաժեշտությունը»:

Ընդ որում` 2013 թվականի նոյեմբերի 19-ի` նախագահների մակարդակով հանդիպումից հետո, սա միջնորդների կողմից, նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու 3-րդ փորձն է:

Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունվարին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը պետք է հետևեր նախագահների մակարդակով հանդիպում, սակայն դա հնարավոր չեղավ կազմակերպել Ադրբեջանի կողմից, հունվար ամսին հայկական դիրքերի ուղղությամբ իրականացված դիվերսիոն գործողությունների, դիպուկահարների բավականին մեծ ակտիվության ու սահմանագծի տարբեր հատվածներում նկատվող զինտեխնիկայի կուտակումների պատճառով:

Համանախագահները երկրորդ անգամ փորձ կատարեցին նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել մարտի վերջին` Միջուկային անվտանգության գագաթնաժողովի օրերին, որին մասնակցում էին նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, սակայն նախագահները սահմանափակվեցին «գագաթնաժողովի ընդմիջման ժամանակ տեղի ունեցած շփումներով»:

Համանախագահները համատեղ հայտարարությամբ, նաև ընդգծել էին «տարածաշրջանում լարվածության թուլացման և խաղաղ գործընթացին աջակցելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»:

Որքան էլ` համանախագահների այս ձևակերպումը տարիների ընթացքում շաբլոնային կարգավիճակ է ստացել, այդուհանդերձ, նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու համար այն առանցքային նշանակություն ունի:

Նախագահների մակարդակով հանդիպումն անիմաստ է դառնում, եթե նվազագույնը հանդիպման կազմակերպչական փուլն ուղեկցվում է սահմանային միջադեպերով, ինչը պայմաններում կառուցողական երկխոսություն ակնկալելն անհնար է:

Ի դեպ, միջուկային անվտանգության գագաթնաժողովի օրերին ևս սահմանագծում իրավիճակն անհանգիստ էր, ադրբեջանական կողմի իրականացված քայլերի հետևանքով շփման գծում հայ զինծառայողներ զոհվեցին, լարվածության սրացումներ էին նկատվում նաև հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում:

Համանախագահները իհարկե հայտարարել են, որ փորձում են նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել, սակայն այդ հարցում հաջողություն ձեռք բերելու համար նախևառաջ սահմանագծին տեղի ունեցող միջադեպերը պետք է հասցնել նվազագույնին:

Եվ վերջապես, նախագահների մակարդակով հանդիպումը բանակցությունների շարունակականություն ապահովելուց բացի ենթադրում է նաև ասելիքի առկայություն, իսկ վերջին իրադարձություններն այս առումով լավատեսություն չեն ներշնչում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել