Ժողովի սրահում, որը գտնվում էր բարձրահարկ հյուրանոցի ամենավերին հարկում, լռություն էր տիրում: Մասնակիցները` մեծ մասամբ հիսուննանց և հաստափոր տղամարդիկ, լուռ էին և մռայլ, ինչպես լինում են գորշ ամպերն ամպրոպից առաջ: Ժամանակ առ ժամանակ նրանցից ինչ-որ մեկը խոժոռ հայացքը դարձնում էր հսկայական պատուհանից այն կողմ և նորից ընկղմվում անվտանգ լռության մեջ: Ինչպե՞ս խոսել, ինչպե՞ս սկսել, ինչպե՞ս վարվել, երբ դա արդեն կա, դա կախված է քաղաքի վրա, դա տեսնում են բոլորը:
Լռությունը պետք էր խախտել: Ժողովն այլևս կարելի էր համարել չեղյալ, եթե լռությունը չխախտվեր: Գցելով հայացքը մեծ պատուհանից դուրս և խորն արտաշնչելով` առաջինը խոսեց նախագահը:
-Սրա մասին պետք է ոչ ոք չիմանա:
Լարվածությունն ընկավ: Շատերը շունչ քաշեցին: Ոտքի ելավ կապի նախարարը, ում տեսքն ամպամած էր հաստ կնճիռների շողքերով:
-Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող ենք ոչ ոքի չասել, եթե սա կախված է քաղաքի վրա: Ապա մի նայեք,- նա ցույց տվեց լուսամուտից դուրս,-նայե՛ք: Բոլորը խոսում են «էն» բանի մասին, բոլորի շուրթերին միայն դա է:
Նախագահը բան չասաց: Իրավիճակը նրան հասկանալի էր: Հասկանալի էր, սակայն, նաև այն, որ «Էն» բանը վտանգ է ներկայացնում ողջ պետականությանը:
-Կազմակերպենք հատուկ էսկադրիլիա, հարձակվենք բոլոր ուժերով ու ռմբակոծենք դա գրողի ծոցը,-ասաց պաշտպանության նախարարը նստած տեղից:
-Ռմբակոծել քաղաքու՞մ,-բացականչեց քաղաքապետը,-ուզու՞մ եք անիծել քաղաքի հերը: 
-Քաղաքում ապրում են մարդիկ, պարոն նախարար, ռմբակոծելն ուշադրություն է գրավելու: Պատկերացնում եք: Ավելի լավ է միանգամից պատվիրել գովազդային վահանակներ` «Ահա այն` «Էն» բանը»-ասաց կապի նախարարը:
Նախագահն այլայլվեց:
-Սրա մասին ոչ ոք չպիտի իմանա,-ասաց նա մռնչալով:
Մի պահ լռությունը կրկին սպառնաց կախվել ժողովի սրահում, սակայն պատգամավոր Իսախանյանի ճռճռան ձայնը ցնցեց բոլորի ուշադրությունը:
-Դու՛ք եք մեղավոր,-նա պարզեց բարակ ձեռքը ծուռումուռ ցուցամատով դեպի նախագահը,-Դու՛ք: Բալորն ասում էին` մի՛ ստորագրեք, մի՛ գնացեք, մի՛ համաձայնվեք, բայց դուք արեցիք դա: Եվ ահա՛, խնդրե՛մ,-նա գլխով նշան արեց դեպի մեծ լուսամուտը,-սա այժմ կախված է բոլորիս վրա:
Նախագահը շփոթված նայեց ներկաներին` փնտրելով որևէ աջակցություն: Սակայն, բոլորի դեմքին մռայլ ամպեր էին, բոլորի շողքերում զգացվում էր լուռ մեղադրանքը:
- Ուրեմն մեղադրում եք, հա՞: Դուք, որ բոլորդ իմ շողքի տակ եք սողում, որ բոլորիդ բաժին եմ հանում, որ բոլորիդ կերակրում եմ:
Նրա ճմռթված բռունցն իջավ սեղանին: Սեղանը որոտաց:
-Սրա մասին,-թնդաց նախագահի ձայնը,-պետք է ոչ ոք չխոսի:
Սրահը սառեց: Լռությունը հաղթանակած լցրեց ողջ տարածությունը: Ամենքը սուզվեցին անհարմար խոհերի մեջ:
Ինչպե՞ս լինել: Ի՞նչ անել: Ինչպե՞ս բացատրել:
Նորից խոսեց նախագահը:
-Սա հիմա կախված է բոլորիս վրա: Սա սպառնում է բոլորիս: Սկսած հյուրանոցի դռնապահից մինչև ես: Սա,-նա մեկնեց ձեռքը դեպի մեծ պատուհանը,-մեր համընդհանուր խնդիրն է, որի մասին, ոչ ոք պետք է չիմանա: Ոչ ո՛ք:
Նա ծանր քայլերով պտույտ կատարեց սեղանի շուրջ: Մոտեցավ մեծ լուսամուտին: Աչքերը վախվորած նայեցին երկնքին: Այն, ինչ կախված էր երկնքից, սարսափազդու էր: Ներքևում վազվզում էին փոքրիկ մարդիկ` իրենց փոքրիկ գործերով, փոքրիկ ընտանիքներով և փոքրիկ տներով: Այն, ինչ կախված էր երկնքից, սպառնում էր փշրել նրանց օրակարգը, ջարդուխուրդ անել նրանց առօրեան և խափանել նրանց ծրագրերը: Այդ վտանգը, որը նրանք կոչում էին "Էն բանը" կարող էր ընկնել ցած և փոխել ամեն ինչ, ցանկացած պահի, դույզն ինչ չարգելակելով, շեշտակիորոն և միանշանակ: Եվ վերջ: Մի ամբողջական, համատարած վերջ, որ կլիներ դրանից հետո: Չէր էլ լինի, քանի որ չի կարող լինել մի բան, որը հենց վերջն է:
-Սրա մասին պետք է բոլորը լռեն,-ասաց նախագահը`պոկվելով մեծ լպատուհանից,-Այո՛, սա կա: Սա բոլորը տեսնում են, բայց ոչ ոք պետք է սա չնկատի, սրա մասին պետք է մոռանալ: Պետք է լեգենդ: Լեգենդ այն մասին, որ Վերջը չի լինելու, որ Վերջը հետաձգվում է:

«Օդերևութաբանական ծառայությունը շտապում է տեղյակ պահել մեր սիրելի քաղաքի բոլոր բնակիչներին, որ տարօրինակ մթնոլորտային երևույթը, որի ականատեսն ենք մենք լինում վերջին օրերին, ոչ այլ ինչ է, քան սովորական ամպամածություն: Սև զանգվածը, որ կախված է մեր քաղաքի վրա ընդամենը գորշ ամպերի կուտակում է` պայմանավորված յուրահատուկ գրավիտացիոն անոմալիայով, որն իր հերթին արդյունք է Արեգակի վրա տեղի ունեցող մագնիսական փոթորիկների: Օդերևութաբանական ծառայությունը հավաստիացնում է, որ այն, ինչ դուք տեսնում եք, ընդամենը ամպ է: Սովորական ամպ: Իսկ ամպերն այս կյանքում գալիս են և գնում: Կգնա նաև այս ամպը, ինչպես մինչ այժմ գնացել են մյուսները: Շարունակեք զբաղվել ձեր գործերով և երբեք մի նայեք երկինք, երբ այն ամպամած է»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել