Tert.am-ը գրում է.

Երևանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձի թանկացման պարագայում ովքեր վճարունակ են, կստանան ծառայություն, ովքեր ոչ՝ «ոտքով կգնան»:

«Իհա´րկե, այդպես չի՞, դուք հո ամեն օր խավիար չե՞ք ուտում, թե՞ հաց ու պանիր եք ուտում: Ես հաց ու պանիր եմ ուտում և չեմ գտնում, որ ամեն օր պետք է խավիար ուտեմ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և հավելեց. «Մեր աշխատանքն արժե 200-250 դրամ: Եթե քաղաքապետը որոշի մեր աշխատանքի արժեքը, դրանից հետո փոխադրողներն իրենք կորոշեն, թե իրենց բավարարու՞մ է այդ սակագինը, թե՞ ոչ ու կմտածեն՝ աշխատե՞լ, թե՞ չէ: Հիմա ուղևորը եթե չի վճարում, սպասարկում չի ստանում: Եթե դու գնում ես հաց առնելու, որն արժե 100 դրամ, իսկ դու ունես 70 դրամ, քեզ հաց տալի՞ս են: Հիմա մեր սպասարկումն արժե այդքան, կվճարեք՝ կստանաք, չեք վճարի՝ չեք ստանա»:

Փոխադրողների միության նախագահի համոզմամբ՝ նախորդ թանկացման դեպքում էլ եթե ակտիվիստներն աղմուկ չբարձրացնեին, մարդիկ նորմալ կվճարեին: «Վճարունակ են ոչ բոլորը, կան խոցելի խմբեր, պետք է մտածել նրանց մասին: Մենք մեր առաջարկությունները կասենք խոցելի խմբերի համար: Բայց մեր պահանջը նույնն է՝ 150 դրամ վճարում է ուղևորը, 50 դրամ էլ պետությունը դոտացիա է տալիս, և խնդիրը լուծվում է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը կատարել է Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրություն, որը հիմնված է սոցիոլոգիական հարցումների վրա և հանգել եզրակացության, որ 15% շահութաբերության պարագայում արդյունավետ գներ են միկրոավտոբուսի համար՝ 207, իսկ համապատասխանաբար դիզել և գազով շահագործվող ավտոբուսների համար՝ 252 և 176 դրամը: Իսկ առանց շահութաբերության միկրոավտոբուսների ուղեվարձը պետք է լինի 180 դրամ, դիզելով և գազով ավտոբուսներինը՝ 219 և 170 դրամ։

Ինստիտուտի ներկայացրած թվերի մասին էլ Հրանտ Եղիազարյանը նշեց, թե իրենք վաղուց են բարձրաձայնել, որ այսօր Երևանում փողադրման արժեքը դա պետք է լինի, ուղղակի անկախ կազմակերպությունը հաստատեց այն, ինչ իրենք էին ասում:

Իսկ դիտարկմանը, թե քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը երեկ նշեց, որ համապատասխան չափանիշներով սպասարկման դեպքում միայն կարող է այդ գնով փոխադրում իրականացվել, Հրանտ Եղիազարյանը պատասխանեց, թե հաշվարկների հիմքում այն ծախսերն էին, որոնք այսօր կատարվում են ընկերություների կողմից, այսինքն՝ այդ ծախսերն արդեն իսկ կատարվում են այսօր: Եվ հիմա փոխադրողը չի կարողանում այդ հաշվարկներով փակել իրենց ծախսերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել