Newsbook.am-ը գրում է.

«ԱրմենՏելի» Կոմերցիոն տնօրինության բջջային բլոկի, վաճառքի աջակցման, որակի վերլուծության բաժնի պես Հասմիկ Սարդարյանն օրերս ծանուցվել է աշխատանքից ազատվելու մասին: Աշխատանքից ազատման այս պատմությունն ընդամենը մի աշխատակցի նկատմամբ հերթական գործատուի կատարած ապօրինի գործողություն չէ: Խնդիրը բարդանում է, քանի որ գործատուն օտարերկրյա՝ ռուսական, խոշոր կազմակերպություն է, որը տնօրինում է ռազմավարական և ազգային անվտանգության տեսանկյունից ամենակարևոր միջոցներից մեկը՝ կապի ոլորտը: Իսկ աշխատանքը կորցնելու վտանգի առաջ կանգնած է հերթական հայ աշխատակիցներից մեկը՝ մի հայ կին՝ չորսամսյա երեխայի մայր, ընտանիքը կերակրող միակ ձեռքը: «Այդ խտրական վերաբերմունքն իմ նկատմամբ սկսվել էր դեռևս մինչև դեկրետ գնալը՝ հղիության ընթացքում: Հիմնարկում տեղի էին ունենում կառուցվածքային փոփոխություններ: Ես իմ բողոքը հայտնեցի նամակի տեսքով՝ այն ուղղելով կադրերի տնօրենին և գլխավոր տնօրենին: Դրանից հետո իմ մեջբերած փաստերից մեկի առիթով սկսվում է ծառայողական քննություն: Իմ ներկայացված փաստն առ այն, որ մարդկային ռեսուրսների գծով տնօրենն անհատական մոտեցում է դրսևորում աշխատակիցների նկատմամբ՝ աշխատանքի բաշխման և աշխավարձերի բարձրացման մասով, համարվում է անհիմն և կոորպորատիվ փոստի միջոցով բոլոր աշխատակիցներին տեղեկացնում են, որ ինձ հայտարարել են նկատողություն: Այդ ժամանակ ես արդեն ձևակերպել էի իմ՝ նախածննդյան և ետծննդյան անաշխատունակության թերթիկը: Որոշում կայացվեց, որ դեկրետից վերադառնալուց հետո կհայտարարվի այդ նկատողությունը: Իմ ետծննդյան արձակուրդն ավարտվում էր մարտի 1-ին: Այդ օրը ներկայացա աշխատանքի: Մարտի 5-ին մեծ դժվարությամբ ստորագրվեց իմ վերադարձի հրամանը կոմերցիոն տնօրենի ժամակավոր պաշտոնակատար Վիկտորյա Նավիչկովայի կողմից /Հիշեցնենք, որ «ԱրմենՏելի» նախկին տնօրենը՝ կոմերցիոն տնօրեն Արչիլ Մագրադձեն, մահացել էր այս տարվա փետրվարին. նրա դին գտել էին Ծաղկաձորի մարզաբազայի տարածքում/: Այդ ընթացքում երեխայի վատառողջության պատճառով անաշխատունակության թերթիկ էի բացել: Մարտի 31-ին ինձ զանգեցին և տեղեկացրին ներկայանալ կադրերի վարչություն, որպեսզի ծանոթանամ ինչ-որ ծանուցման: Ծանուցման մեջ նշված էր, որ տնօրենների խորհուրդը մարտի 4-ին ոչ նպատակահարմար է գտել իմ պաշտոնի գոյությունը և ես տեղեկացվում եմ, որ այդ հաստիքը գոյություն չունի: Մյուս փաստաթուղթը ծանուցում էր այն մասին, որ մարտի 31-ից ես գործատուի որոշմամբ այլևս հարկադիր պարապուրդի մեջ եմ: Այսինքն, գործող օրենքի շրջանակում ես նախապես՝ մեկ ամիս առաջ, տեղեկացված չեմ եղել, որ կառուցվածքային փոփոխություն է եղել, և իմ հաստիքը կրճատվելու է: Երկրոդը՝ համանման պաշտոն ինձ այդպես էլ չի առաջարկվել, մինչդեռ ձեռնարկությունում գոյություն ունեն թափուր աշխատատեղեր: Ես ունեմ 4 ամսական երեխա, իսկ հարկադիր պարապուրդը հայտարարվել է մինչև դեկտեմբեր ամիսը: Այսինքն, հաշվարկվել է այն հանգամանքը, որ դեկտեմբերին լրանում է երեխայի 1 տարին, որից հետո ապահովվում է իմ աշխատանքի անձեռնմխելիության խնդիրը: Ես, իհարկե, չեմ ստորագրել այդ ծանուցագիրն ու հիմա փորձում եմ պաշտպանել իմ իրավունքները»,- NewsBook-ի հետ զրույցում պատմեց Հասմիկ Սարդարյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել