«Eurosport»-ը  ուրբաթ օրը մեկնարկող Ուկրաինայի առաջնության նախօրեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին անվանել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր աստղ:

Ահա ինչ է գրում մեր ֆուտբոլիստի մասին հեղինակավոր հեռուստաընկերության լրագրողը:

 «Դժվար է «Շախտյորի» կազմում առանձնացնել որևէ մեկին: Ունենալով թիմի կազմում 20 մլն-ոց Վիլիանին, գրեթե լեգենդ դարձած Սռնային, «Բարսայում» խաղացած Չիգրինսկուն, «նորաթուխ ուկրաինացի» Դևիչին, գոլահարներ Սելեզնյովին ու Ադրիանոյին, մինույն է թիմի գլխավոր աստղերը նրա ղեկավարներն են: Ռինատ Ախմետովը իր անձնակազմի հետ, ով պատասխանատու է ակումբում կատարվող ամեն ինչի համար և Միրչա Լուչեսկուն, ով պատասխանատու է հենց ֆուտբոլի համար: Սակայն, վերջիվերջո, մենք ֆուտբոլի մասին ենք խոսում, այդ պատճառով մեր ընտրությունը Հենրիխ Մխիթարյանն է` «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի գրոհների 23-ամյա կազմակերպիչը:

Նախնական ֆուտբոլային կրթությունը ստանալով Ֆրանսիայում, որտեղ իր կարիերան էր ավարտել նրա հայրը` ռմբարկու Համլետ Մխիթարյանը, Հենրիխը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է իր հայրենիքում: «Փյունիկում» անցկացրած 3 մրցաշրջանների ընթացքում նա դարձավ մոտ 30 գոլերի հեղինակ: 2009թ.-ին Դոնեցկի «Մետալուրգը» որոշեց թիմի առաջատարի դերը տալ 20-ամյա կիսապաշտպանին, և չսխալվեց: Ավելի հզոր «Շախտյորը» արդեն մեկ տարի անց Մխիթարյանին վերցրեց իր մոտ: Ֆերնանդինյոյի վնասվածքի պատճառով Հենրիխը յուրացրեց նաև հենակետային կիսապաշտպանի հմտությունները, և, հնարավոր է, մի փոքր ավելի շատ խաղաց այդ դիրքում, քան ի սկզբանե նախատեսվել էր:

Իր երկրորդ մրցաշրջանում Մխիթարյանն արդեն ազատված էր փորձարկումներից, ինչը թույլ տվեց նրան 10 գոլի հեղինակ դառնալ: Մխիթարյանը սկսում է թիմի գրոհները, գործում է խաղադաշտի ամբողջ երկարությամբ, ոչ միշտ է դառնում գոլային փոխանցումների հեղինակ, սակայն հենց նրա գործողությունների շնորհիվ են «Շախտյորի» հարձակվողական գործողությունները վտանգ պարունակում: Մխիթարյանի ցուցադրած խաղը Լուչեսկուին թույլ տվեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հանգիստ խղճով բաժանվել Ժադսոնից, ով Դոնեցկում 5 տարուց ավել անցկացրեց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել