Այսօր առավոտյան լրատվական կայքերն էի նայում: Ուշադրությունս գրավեց Zham.am-ում տեղադրված «Չենք լռելու» նախաձեռնության տեսանյութը, որի խորագիրն էր «Հայաստանը դու ես, իսկ ես արտագաղթում եմ»: Անկեղծ ասած՝ տեսանյութը նայելիս աչքերս թրջվեցին:

Զուգահեռաբար օրվա լրատվության գերիշխող մասը, ինչպես միշտ, նույնն էր՝ փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, ճնշումներ, անհանդուրժողականություն: Ցավալին այն է, որ այդ ամենն ակնհայտորեն արվում է ոչ թե ինքնաբուխ, այլ պատվերով, ինչ-որ տեղերից ուղղորդված:

Այս ամենի արդյունքն այն է, որ մենք ունենք այդ տեսանյութի կնոջը, որը մարմնավորում է այսօրվա հայ ժողովդրին: Նա ճամպրուկը ձեռքին ոտքով գնում է դեպի օդանավակայան:

Այսօր արտագաղթի հիմնական պատճառը երկրում ստեղծված մթնոլորտն է: Իսկ դրա պատասխանատուն այն մարդիկ են, որոնք իրենց ձեռքում ունեն մթնոլորտի վրա ազդելու լծակները:

Հովհաննես Թումանյանը 1915թ. օգոստոսին հատուկ եկել էր Էջմիածին այդ օրերին ռուսական բանակի նահանջից հետո Արևմտյան Հայաստանից մոտ 150 հազար հայ գաղթականների օգնությունը կազմակերպելու համար: Թումանյանը շոգ օրվա ծանր աշխատանքից հետո, երբ պատրաստվում էր հանգստանալ Էջմիածնի վանքի բակում իրեն հատկացված սենյակում, երկնքում նկատեց կուտակվող սև ամպերը: Նա անմիջապես իր օգնականին ուղարկեց կաթողիկոսի մոտ՝ նրան խնդրելով բացել բոլոր եկեղեցիների, վանքերի և ազատ շենքերի դռները, որպեսզի գաղթականներն այդ գիշեր պատսպարվեն անձրևից: Օգնականը կաթողիկոսի մոտից վերադառնում է և հայտնում Թումանյանին, որ կաթողիկոսը հրահանգել է բացել Գայանեի, Շողակաթի և Հռիփսիմեի վանքերի դռները, բայց պատվիրել է Վեհարանի նոր շենքին ձեռք չտալ և փակ պահել: Այդ տարի նոր էր ավարտվել Վեհարանի շենքի կառուցումը, և այն դեռևս բնակելի վիճակում չէր...

«Ի՞նչ»,- ցասումից դողացող ձայնով կանչում է Թումանյանը և օգնականին ասում․«Անմիջապես վերադարձի՛ր Վեհարան և ասա՛ Ամենայն Հայոց կաթողիկոսին, որ Ամենայն Հայոց բանաստեղծը պահանջում է բաց անել նաև նոր Վեհարանի դռները և պատսպարել գաղթականներին»: Մի քանի րոպե հետո լուր է գալիս Թումանյանին, որ Վեհարանի շենքը ևս տրամադրված է գաղթականներին:

Դժբախտաբար այսօր Հայաստանում չկա այդ անհատ «ամենայն հայոցը», որը կարողանա սաստել բոլորին: Միակ հույսը թերևս «ամենայն հայոց ժողովուրդն է», որ կարող է վեր կանգնել այս ամենից և վերջապես ասել՝ վերջ տվեք, գեղեցիկ չէ:

Կցված նյութ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել