Դիմում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, Սեւրի դաշնագիրը ստորագրած պետություններին, միջազգային ընկերակցության անդամ պետություններին

Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի հայության անվտանգության եւ հիմնարար իրավունքների վերաբերյալ` Քեսաբի բռնազավթման ու Քեսաբի հայության բռնագաղթի կապակցությամբ Ակնհայտ է, որ մերձավորարեւելյան տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցող ռազմաքաղաքական լարվածության նոր ալիքը միանգամայն իրական անվտանգության սպառնալիք է ստեղծում Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայի հյուսիսում, մասնավորապես՝ Քեսաբում, ապրող հայության համար: Այս առիթով ցանկանում ենք հիշեցնել, որ յուրաքանչյուր ազգ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի: Ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի նաեւ հայությունը՝ Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը, ով, ի դեպ, այդ իրավունքը վաստակել է քաղաքակրթական հարուստ անցյալով, ստեղծագործ ներկայով եւ ապագայի նկատմամբ լուսավոր հավատով: Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի հայությունը, տարածաշրջանում վերահաստատվել է 1894-1923 թթ.-ին՝ թուրքական երեք կառավարությունների կողմից իր նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի ծրագրված հանցագործ քաղաքականության հետեւանքով, որը 1915 թվականի մայիսի 24-ին դատապարտեցին Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ Ֆրանսիան՝ դա որակելով որպես «հանցագործություն մարդկայնության դեմ»: Նշենք, որ 1920 թվականի հունվարի 19-ին, հայության պահանջներին ի պատասխան, Խաղաղության Վեհաժողովի գերագույն խորհուրդը կայացրեց հետեւյալ որոշումը. ա) Հայկական պետության կառավարությունը «դե ֆակտո» ճանաչվում է որպես կառավարություն: բ) Այս ճանաչումը նախապես չի որոշում տվյալ պետության հնարավոր սահմանների հարցը: Նշենք, որ 1920 թվականի մայիսի 11-ին թուրքական պատվիրակությունը հրավիրվեց կոնֆերանսին՝ տեղեկացնելու «Խաղաղության պայմաններին»: Դաշնակից ուժերի մեջ էր նաեւ Հայկական պետության պատվիրակությունը: «Խաղաղության պայմանների» նախաբանում, որը հետագայում դարձավ Սեւրի Դաշնագրի նախաբանը, Հայաստան պետությունը նշված է Դաշնակից տերությունների շարքում: Հայկական պետությունը ճանաչված է նաեւ «դե յուրե»: Նշենք, որ Միջազգային ընկերակցության կողմից՝ 1920-ական թվականներին ճանաչվել եւ հաստատվել են հայության իրավունքները բնօրրան հայրենիքի նկատմամբ, բայց չեն իրականացվել: Դա այդ ժամանակաշրջանում գործող Միջազգային ընկերակցության մեծ բացթողումն էր, որը հնարավոր է՝ թելադրված էր նեղ շահադիտական ռազմա-քաղաքական ինչ-ինչ հաշվարկներով: Սակայն նույն սխալը, նույն հետեւանքներով աններելի է կրկնել այսօր՝ տարածաշրջանի պետությունների եւ ժողովուրդների համա րպատմական այս բարդ ժամանակահատվածում՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ կայուն խաղաղություն եւ խաղաղ համագործակցություն հաստատելու համար անհրաժեշտ է կյանքի կոչել եւ վերջնականապես հանգուցալուծել տարածաշըրջանում առկա մի շարք բարդ խնդիրներ, այդ թվում՝ Հայկական հարցը: Հետեւաբար, արտերկրի հայության, մասնավորապես Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի հայության՝ հիմնախնդիրները լուծելու համար առաջարկում ենք կյանքի կոչել եւ իրականացնել Արեւմտյան Հայաստանի հայության բնօրրան հայրենիք վերադառնալու իրավունքը՝ դրանից բխող իրավական -քաղաքական բոլոր պարտավորություններով եւ իրավունքներով հանդերձ, այդթ վում՝ անկախ պետության հաստատման՝ հաշվի առնելով ԱՄՆ 28-րդնախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ին կայացրած իրավարար վճիռը եւ այդ վճռով Հայաստանին հատկացված տարածքը, որը բռնազավթված է առայսօր: Կյանքի կոչել եւ իրականացնել Կիլիկիային անհապաղ անկախություն շնորհելու իրավական-քաղաքական դրույթը՝ հաշվի առնելով 1920 թ. օգոստոսի 4-ի Կիլիկիայի անկախության մասին հռչակագիրը եւ ՄԱԿ-ի 1968 թ. «Գաղութային երկրներին անհապաղ անկախություն շնորհելու մասին» կոնվենցիան: Կյանքի կոչել եւ իրականացնել Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի տարածքի ապառազմականացումը՝ հաշվի առնելով 2011 թվականին մարտի 29-ի Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության որոշումը «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի՝ մշտական, զինված, դրական չեզոքության քաղաքականություն ընտրելու մասին» հայտարարությունը, և 2011 թվականի սեպտեմբերի 14-ի Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ուղղված դիմումը, որտեղ առաջարկվում էր կյանքի կոչել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության չեզոքության որոշման հիման վրա՝ ապառազմականացնել Կիլիկյան Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի տարածքը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ` Արմենակ Աբրահամյան

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ՝ Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահ` Արմեն Տեր-Սարգսյան

24-ը մարտի, 2014 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել