«Մի՛ վերադարձիր կատարվածին, և անցյալի հետ հույսեր մի՛ կապիր։ Անցյալը հետևում է, իսկ ապագան դեռ չի եկել։ Եվ միայն նա, ով պարզորոշ տեսնում է ներկան, այն, ինչ այստեղ է և հիմա, միայն այդ իմաստունը թող հույս ունենա հասնելու նրան, ինչը երբեք չի կարող կորստի մատնվել կամ խարխլվել»։ Բուդդա

Ժամանակակից հոգեթերապիայի մեջ լայնորեն ընդունված է «այստեղ և հիմա» գոյաձևի սկզբունքը։ Մարդու տառապանքը հաճախ պայմանավորված է այն բանով, որ նա սևեռվում է անցյալի իրադարձությունների վրա կամ ապագայի վերաբերյալ կանխատեսումներ է անում, որոնք շատ հնարավոր է, որ չկատարվեն։ Այսպես, բավական է ելույթ ունեցողը մտածի, որ սխալներ կկատարի, նրա մեջ իսկույն տագնապ կառաջանա, ինչն էլ կարող է հանգեցնել սխալների։ Այս պարագայում մարդը տվյալ պահից, այն խնդրից, որ նա տվյալ պահին լուծում է, ցատկում է դեպի ապագայի ինչ-որ խնդիր, որը կարող է առաջանալ և, որ ամենավատն է, ապրում է այդ խնդիրը եւ ոչ թե լուծում (ինչ պիտի անեմ, եթե նման սխալ գործեմ)։ Մեկ այլ դեպքում անցյալի սխալը մարդն իր համար ողբերգության է վերածում և սկսում տառապել (պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե օդաչուն սխալ գործելուց հետո գլուխը բռնի ու լաց լինի), այսինքն՝ ներկայից ցատկում է անցյալ և ապրում անցյալով՝ անլուծելի թողնելով ներկա խնդիրները։ Ասվածից իհարկե չպիտի եզրակացնել, թե անցյալն ու ապագան պետք է անտեսվեն. անցյալի չլուծված խնդիրները պետք է լուծվեն, սխալներից էլ դաս պետք է քաղել, իսկ ապագան պետք է ծրագրել, սակայն ապրել պետք է միայն ներկայով՝ տվյալ պահին մեր առաջ կանգնած խնդիրները լուծելով։ «Ինչպե՞ս գտնել մեր ԵՍ-ը, - գրում է Գյոթեն, - մտորումներո՞վ՝ երբեք, միայն գործերով։ Աշխատեք կատարել ձեր պարտքը և շուտով կիմանաք, թե ով եք դուք։ Իսկ ո՞րն է ձեր պարտքը՝ յուրաքանչյուր օրվա ներկայացրած պահանջները»։

Երկարակյացների բնավորությունը

Կալիֆորնիայի համալսարանի հոգեբան Լ. Շերվիցը, հետազոտելով առողջ և սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց (600 հոգի) խոսքի առանձնահատկությունները պարզել է, որ սրտային հիվանդներն ավելի հաճախ են օգտագործում ես, իմ, ինձ անձնական դերանունները (վկայում է եսակենտրոնության, եսասիրության մասին)։ Հեղինակը որպես սրտային հիվանդությունները կանխող դեղամիջոց առաջարկում է հետևյալը. «Ուշադիր լսեք ուրիշների, ավելի շատ ժամանակ հատկացրեք նրանց, օգնեք, հնարավորություն տվեք, որ նրանք ապրեն իրենց հայեցողությամբ, առանց շահադիտական նպատակների լավություն արեք մարդկանց»։

Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Դունբարը, հետազոտելով 100 տարուց ավելի ապրած մարդկանց, նրանց մեջ բացահայտել է հետևյալ 6 հոգեբանական առանձնահատկությունները.

ա) փոփոխությունների նկատմամբ ստեղծագործական մոտեցումը.
բ) անհոգությունը.
գ) ստեղծագործելու ընդունակությունը.
դ) ամեն ինչին հարմարվելու կարողությունը.
ե) ամեն անգամ անձնական կյանքում նոր բան մտցնելու կարողությունը.
զ) կենսասիրությունը։

Աղբյուր՝ http://tinyurl.com/koscez8

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել