Մարտի 30-ին Թուրքիայում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որին մասնակցելու իրավունք ուներ այդ երկրի շուրջ 52 մլն. քաղաքացի։ Ընտրությունները խիստ կարևոր էին բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ այն հիանալի թեստ էր՝ ստուգելու ուժերի հավասարակշռությունը վերջին ցնցումներից հետո, որոնք կրել էին վարչապետ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։

Խիստ հետաքրքրական էր տեսնել, թե ինչ արդյունքներ է ունենալու 2003-ից վարչապետի աթողը զբաղեցնող Էրդողանը, ում հեղինակությանը վերջին շրջանում լուրջ հարվածներ էին հասցվել ինչպես Գեզիի դեպքերով, այնպես էլ կոռուպցիոն սկանդալով, գաղտնալսումներով, որոնք պայմանավորված էին Էրդողանի երբեմնի դաշնակից, իսլամական քարոզիչ, հզոր կրոնական շարժման հիմնադիր Ֆեթհուլլահ Գյուլենի հետ առճակատումով։

Այժմ անդրադառնանք բուն թեմային, որում կփորձենք քննել ընտրությունների արդյունքները, անցկացնել համեմատություններ, վերլուծել աշխարհագրական տեսանկյունից։

Նախ ՏԻՄ ընտրության արդյունքները ներկայացնենք համառոտ։ Ընտրություններին մասնակցել է ընտրողների 88.7 տոկոսը կամ 46,7 մլն մարդ։ Ընտրողների 45.4 տոկոսն իր ձայնը տվել է իշխող չափավոր իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, 27.8 տոկոսը՝ քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը, 15.2 տոկոսը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությանը, 6.4 տոկոսը՝ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը։

Թուրքիայի խոշորագույն քաղաք Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում հաղթել են ԱԶԿ-ականները, իսկ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Իզմիրում՝ ԺՀԿ-ականները։ ԱԶԿ-ն ընտրություններով վերահաստատեց, որ իր դիրքերը Ստամբուլում շարունակում է պահել (48 տոկոս), թեև ԺՀԿ-ի գրանցած 40 տոկոսը վատ արդյունք չէ։ Անկարայի համար պայքարն անհամեմատ ավելի թեժ է եղել. ԱԶԿ-ն կարողացել է հավաքել 44.8 տոկոս, որը փոքր-ինչ ավել էր ԺՀԿ-ի գրանցած արդյունքից՝ 43.7 տոկոս։ Իզմիրում ձայների ուղիղ կեսը բաժին է հասել ԺՀԿ-ին, իսկ ԱԶԿ-ն բավարարվել է 35.5 տոկոսով։

Այժմ սկսենք ուսումնասիրել ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի Հանրապետությանը սահմանակից ներկայիս Թուրքիայի նահանգներում՝ Իգդիրում, Կարսում և Արդահանում։ Երեք նահանգում էլ պայքարը բավական թեժ է եղել, ինչն էլ վկայում են ստացված արդյունքները։ Հաղթողին որոշելու համար ոչ վերջին տեղում է եղել էթնիկ գործոնը։

Այսպես՝ Իգդիրում ընտրողների 43.9 տոկոսն իր ձայնը տվել է քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը։ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որի ընտրողների թվում են հիմնականում տեղի ադրբեջանցիներն ու թուրքերը, միայն 1.3 տոկոսով է քիչ ձայն հավաքել քրդական ուժից, իսկ ահա իշխող կուսակցությունը հավաքել է ձայների միայն 10.9 տոկոսը։

Կարսում ձայների բաշխումն էլ ավելի հավասարաչափ է ստացվել։ Այստեղ «Ազգայնական շարժումը» տեղում բնակվող ադրբեջանցիների աջակցությամբ հավաքել է ձայների 28.3 տոկոսը, որը բավարար է եղել առաջ անցնելու «Ժողովրդահանրապետական» ու «Արդարություն և զարգացում» կուսակցություններից, ովքեր համապատասխանաբար հավաքել են 25.1 և 25 տոկոս ձայներ։ Քրդական ԽԺԿ-ն ստացել է ձայների 19.4 տոկոսը։

Իսկ ահա Արդահանում հաղթել է ԱԶԿ-ն, ով հավաքել է 34.3 տոկոսը և ընդամենը 0.6 տոկոս առավելություն ստացել ԺՀԿ-ի նկատմամբ։ Քրդական կուսակցությունն այստեղ հավաքել է 10.8 տոկոս, իսկ «Ազգայնական շարժումը»՝ աննշան ձայներ։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ին հարևան նահանգներից Իգդիրում և Կարսում թուրք ազգայնականները շարունակում են ձայներ հավաքել, ինչն անել օգնում են նաև տեղի ադրբեջանցիները։ Կարսը Թուրքիայի 81 նահանգներից այն 8 նահանգի թվում է, որտեղ ԱՇԿ-ն հաղթել է։ Իգդիրում էլ շարունակում է իր ազդեցությունը մեծացնել քրդական ԽԺԿ-ն, որը համառ պայքարում մեծաքանակ քրդերի ձայների շնորհիվ կարողացել է առաջ անցնել ԱՇԿ-ից, իսկ ԱԶԿ-ի դիրքերն այս տարածքում բավական թույլ են։

Իսկ ահա Արդահանում Թուրքիայի չափանիշներով ավելի դասական պայքար է եղել՝ հիմնական գործող ուժերն էին ԱԶԿ-ն ու ԺՀԿ-ն։

Ամփոփելով պատկերը՝ նկատում ենք, որ Իգդիրում, Կարսում և Արդահանում ԱԶԿ-ն դիրքերն ամրապնդելու կարիք ունի (2009-ի ընտրություններում այն հաղթել էր Կարսում և Արդահանում), ազգայնականները շարունակում են զգալի ուժ մնալ այս հատվածում, իսկ քրդական ուժերը փորձում են զարգացնել հաջողությունը՝ Իգդիրում երկորդ ընտրությունում անընդմեջ հաղթանակ տանելով։

Թուրքիայի ընդհանուր պատկերին նայելով՝ ԺՀԿ-ն ավանդույթի համաձայն շատ ձայներ է ստացել ծայր արևմտյան նահանգներում (ընդհանուր 13 նահանգ), երկրի հարավ-արևելքի քրդաբնակ շրջաններում հաղթել է ԽԺԿ-ն (ընդհանուր՝ 10 նահանգ)։ Ստամբուլից մինչ ներկայում քրդաբնակ շրջաններ, Փոքր Ասիայի կենտրոնում առավելության է հասել Էրդողանի կուսակցությունը՝ հաղթելով 49 նահանգում։ Ազգայնականները հաջողություն են ունեցել Թուրքիայի չորս ծայրերի 8 նահանգում։ Եվ միայն Մարդին նահանգում հաղթել են ոչ կուսակցականները։

Այսպիսով, 2009 թվականի ընտրությունների համեմատ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մարտի 30-ին 7 տոկոսային կետով շատ ձայն է հավաքել` պահպանելով իր դիրքերը Ստամբուլում և Անկարայում: Քարտեզին նայելով` ակնհայտ է, որ Էրդողանը զիջել է դիրքերը քրդաբնակ մի քանի նահանգում, իսկ հայտնի է, որ նաև քրդերի ձայների շնորհիվ է ԱԶԿ-ն իշխանության ղեկին:

«Ժողովրդահանրապետական» կուսակցությունը 4 տոկոսային կետով բարելավել է իր դիրքերը 2009-ի համեմատ: Ազգայնականները 2009-ի համեմատ 0.7 տոկոսային կետով կորցրել են ձայները:

2009-ին ընտրությանը մասնակցել էր 40,9 մլն մարդ` շուրջ 6 մլն հոգով քիչ, քան 2014-ին:

Քարտեզի օգնությամբ կարող եք տեսնել, թե 2014 թվականին Թուրքիայի որ հատվածում որ կուսակցությունն է հաղթել՝

Ardahan-Merkez-Secim-2014-CNN-TURK

Քարտեզում նշված են՝

Դեղին՝ ԱԶԿ

Կարմիր՝ ԺՀԿ

Կապույտ՝ ԱՇՔ

Մանուշակագույն՝ ԽԺԿ

Մոխրագույն՝ անկախ



Իսկ այս քարտեզի օգնությամբ կարող եք տեսնել, թե 2009 թվականին Թուրքիայի որ հատվածում որ կուսակցությունն է հաղթել՝


tim-2014

Քարտեզում նշված են՝

Դեղին՝ ԱԶԿ

Կարմիր՝ ԺՀԿ

Կապույտ՝ ԱՇՔ

Շագանակագույն` ՄՄԿ (BBP)

Բաց կապույտ`ԴՁԿ (DSP)

Մոխրագույն՝ ԺՀԿ (DTP)

Մուգ մոխրագույն՝ անկախ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել