Գնալով ավելի ու ավելի հաճախ ենք լսում սլանցային գազի մասին և այն մասին, որ սլանցային գազի արդյունահանումը կբերի էներգետիկ հեղափոխության ու էներգակիրների շուկայում գների շեշտակի անկման: Որպեսզի հասկանանք, թե ինչ է ասել սլանցային գազի արդյունահանում, պարզ բացատրենք սլանցային ու սովորական բնական գազի արդյունահանման առանձնահատկությունները:

Բնական գազի ավանդական արդյունահանումը այն է, որ գետնի տակ գտնում են բնական գազի դասական հանք, անցք են բացում ու «ձողիկ» են տեղադրում այդ անցքի մեջ, որով էլ գազը դուրս է գալիս գետնի տակից: Նման եղանակով արդյունահանված գազի ինքնարժեքը կազմում է 20 դոլար՝ 1000 խորանարդ մետրի գազի համար: Մինչև վերջերս, Գազպրոմը գազի արտահանման առումով համաշխարհային առաջատար էր ու գազը վաճառում էր մոտավորապես 400 դոլարով՝ առավելապես Եվրոպային:

Սլանցային գազը այլ բնույթի է: Այն շատ խորն է գտնվում (1.5-4.5 կմ խորության վրա), բայց այն չի կուտակվում մի տեղում, այլ ցրված է ապարների շերտերում: Եթե պարզապես հորատանցք փորես ու «ձողիկ» դնես, սլանցային գազը դուրս չի գա: Սլանցային գազի մասին գիտեին վաղուց, դրա արդյունահանման առաջին փորձն արվել է դեռ 100 տարի առաջ, բայց միայն հիմա ամերիկյան տեխնոլոգիաները թույլ տվեցին սլանցային գազի լիարժեք արդյունահանում իրականացնել:

Դրա համար խորը հորատանցք են փորում (մոտ 3 կմ-անոց) և երբ հասնում են սլանցային գազի շերտին, արդեն սկսում են փորել ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական հորատանցք և էլի նման 3-կիլոմետրանոց մի քանի հորիզոնական հորատանցքեր են փորում, որոնք բոլորը միանում են ուղղահայացին: Բայց անգամ այսքանը բավական չէ, որպեսզի գազը սկսի դուրս գալ: Դրա համար հանքի մեջ 1-տոկոսանոց աղաթթվոով ջուր են ներարկում, որպեսզի այն քայքայի հողը և արդյունքում հորիզոնական հորատանցքերի ողջ երկայնքով առաջանում են ճաքեր, որոնցից սլանցային գազ է դուրս գալիս: Ստացվում է ծառ հիշեցնող մի կոնստրուկցիա, որտեղ ուղղահայաց հորատանցքը ծառի բույնն է, իսկ դրան գազով սնուցող արմատները հորիզոնական հորատանցքներն են:

Գործը բարդացնում է այն հանգամանքը, որ նման խորությունների վրա ջերմաստիճանը հասնում է 150 աստիճանի, իսկ ճնշումը՝ 600 մթնոլորտի: Բացի դրանից, սլանցային պլաստի հաստությունը կարող է ընդամենը 5 մետր լինել, իսկ դրա սահմաններից դուրս գալ չի կարելի, դրա համար սլանցային գազի արդյունահանման համար օգտագործում են բարդ համակարգչային մոնիտորինգ ու մոդելավորում: Մի խոսքով, խնդիրը բարձր տեխնոլոգիական լուծումներ ու ինժեներական մեծ հզորություններ է պահանջում: Սլանցային գազի ինքնարժեքը 100 դոլար է՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ ինչ վերաբերում է դրա պաշարներին, ապա, մեղմ ասած, դրանք շատ-շատ են:

ԱՄՆ-ն միշտ եղել է գազ ներկրող երկիր: Քանի որ միջմայրցամաքային այդպիսի գազամուղներ չկան, որոնք օվկիոնոսների հատակով անցնեին, ԱՄՆ-ն հեղուկ գազ էր ներկրում Կաթարից, և ԱՄՆ-ի վրա այն նստում էր 500-600 դոլար: Հետո մի հետաքրքիր բան տեղի ունեցավ. սրանից մի քանի տարի առաջ ԱՄՆ-ն գործարկեց իր տարածքի սլանցային գազի հանքերը և գազի գինը շեշտակի նվազեց և այժմ կազմում է 140 դոլար:

Դրանից հետո ԱՄՆ-ն աշխարհում միանգամից դարձավ գազի արդյունահանման առաջատարն՝ երկրորդ տեղ մղեց Ռուսաստանին՝ Գազպրոմով հանդերձ: Կաթարի հեղուկ գազն այլևս պետք չէ ԱՄՆ-ին, նրանց հիմա պետք է սեփական գազն ինչ-որ մեկին վաճառել, այդ պատճառով Կաթարի գազը հիմա գնում է դեպի Եվրոպա և դրանից գազային շուկան ցնցումների մեջ է: Գազպրոմի շուկայական գինը ընկավ երկու անգամ, իսկ դրա եվրոպական գործընկերները սկսեցին հրաժարվել գազի գնումից, և այժմ Գազպրոմն անդադար դատական գործերի մեջ է, որովհետև ըստ պայմանագրերի, նրա գործընկերները մինչև առնվազն 2015 թվական պարտավորվել էին գազ գնել առկա գնով:

Բնականաբար, նման կարգի իրադարձությունը չէր կարող առիթ տալ տարբեր ու տարատեսակ ասեկոսեների ու հակասական տեղեկատվության աղբյուր չդառնալ: Կարելի առանձնացնել հետևյալ թրենդային դիրքորոշումները՝ սլանցային գազի արդյունահանման վերաբերյալ.

— Այդ ամենը սուտ է և սադրանք, իսկ սլանցային գազ գոյություն չունի.

— Սլանցային գազը վատն է. այն ավելի վատ է այրվում ու հեղուկ վիճակում չի լինում.

— Սուրոգատային գազը երբեք չի փոխարինի բնականին.

— Սլանցային գազը ուր որ է կվերջանա/ երբեք չի վերջանա.

— Սլանցային գազը հսկայական վնաս է պատճառում բնությանը, դրա համար դրանից հրաժարվում են:

Իսկ պատասխանը ոչ թե էմոցիոնալ փաստարկներում է պետք փնտրել, այլ թվերի մեջ, իսկ թվերը շատ պարզ են ու ոչ երկիմաստ. գազի գինն ԱՄՆ-ում նվազել է մի քանի անգամ, ԱՄՆ-ն գազ ներկրողից դարձավ գազ արտահանող, ԱՄՆ-ում մեկը մյուսի հետևից ստեղծվում են գազային ընկերություններ ու փորվում են նորանոր հորատանցքեր, ինչպես նաև այդ գազը հեղուկ դարձնող (թեև դա ավելի բարդ է, բայց, այնուամենայնիվ, հնարավոր) տրանսպորտային տերմինալներ:

Քանի դեռ ԱՄՆ-ն զուտ ներքին շուկայի կարիքներն էր այս կերպով հոգում, Գազպրոմն առանձնապես անհանգստանալու կարիք չուներ, բայց կա մի նրբություն. սլանցային գազի պաշարներ կան տարբեր տեղերում և ոչ միայն ԱՄՆ-ում, իսկ դրա արդյունահանման տեխնոլոգիան արդյունահանմամբ թույլ է տալիս զբաղվել անգամ բնակելի վայրերում: Մյուս նրբությունը այն է, որ սլանցային գազի հսկայական պաշարներ կան նաև Արևելյան Եվրոպայում՝ Լեհաստանում ու Ուկրաինայում, ու հենց այդ Լեհաստանի ու Ուկրաինայի պաշարների վրա էլ աչք են դրել ամերիկացիները (ամերիկյան արդեն 22 ընկերություն է գրանցվել Լեհաստանում ու գազի արդյունահանման 68 լիցենզիա է տրվել), և այժմ բազմաթիվ հորատանցքեր են փորում, որոնք գրեթե միաժամանակ կգործարկվեն արդեն այս տարի, իսկ քիչ ավելի ուշ նրանց պետք է միանան նաև ուկրաինական հանքավայրերը:

Սա իրականում շատ վատ նորություն է Ռուսաստանի համար, որի ողջ տնտեսությունը հանգուցված է նավթի ու գազի գնի վրա, իսկ միջին վիճակագրական ռուսաստանցու եկամուտի զգալի մասը գոյանում է հենց այդ նավթա ու գազադոլարներից, որոնք առատ գետով հոսում են դեպի Ռուսաստան: Արդյունքում ռուս ալարկոտ ու միշտ շիշը մոտը աշխատողը ստանում է այնքան, որ կարող է գնել իրեն դուր եկած, ասենք թե, հեռուստացույցը, իսկ նույն այդ հեռուստացույցը արտադրող գործարանում աշխատող չինացին պետք է օրական 14 ժամ տքնի, որպեսզի կարողանա մի կտոր հացի փող վաստակել: Կենսամակարդակի հենց այս տարբերությունն էլ գոյացնում են նավթագազային փողերը, իսկ վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստանը ավելի ու ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում հումքի առևտրից գոյացող եկամուտներից:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի տնտեսական աճը, որը գրանցվել է վերջին 10-15 տարիների ընթացքում, պայմանավորված է հենց էներգակիրների գների շեշտակի աճով: Օրինակ՝ նավթը 1999 թվականին արժեր 20 դոլար, իսկ հիմա դրա գինը հարյուր դոլարից ավել է:

Այդ իսկ պատճառով Գազպրոմի ֆիասկոն կարող է աղետալի հետևանքներ ունենալ Ռուսաստանի տնտեսության համար, որովհետև անկախ նրանից, թե ինչ է աշխատում ռուսաստանցին՝ վարսավիր, դիզայներ, հանքափոր, թե բանկիր, նրա եկամուտները նվազելու են, որովհետև բոլոր ռուսաստանցիներն էլ հավելավճար են ստանում նավթագազային եկամուտների հաշվին: Իհարկե, ռուսաստանցին ավելի շատ կարող էր վաստակել, եթե նավթագազային միլիարդները ներդրվեին սեփական տնտեսության մեջ, ինչպես դա անում է, օրինակ, Միացյալ Արաբական Էմիրությունները, այլ ոչ թե միլիարդավոր դոլարներ դուրս բերվեին երկրից ու տեղափոխվեին անձնական օֆշորներ, ինչպես դա անում են Ռուսաստանում, բայցևայնպես, կրկնում եմ, ռուսաստանցու բարեկեցությունն ուղղակիորեն կախված է նավթի ու գազի գնից:

Ի՞նչ կարող է անել Գազպրոմն այս իրավիճակում: Մեծ հաշվով՝ ոչինչ, որովհետև սլանցային գազի պաշարները Ռուսաստանում չնչին են:

Օրինակ՝ Լեհաստանի սլանցային գազի պաշարները կազմում են մոտավորապես 5,3 տրիլիոն խորանարդ մետր, և սրանք այն պաշարներն են, որոնք սկսվելու են արդյունահանվել արդեն 2014 թվականից, և կդառնան Գազպրոմի գազի հիմնական մրցակիցը: Համեմատության համար կարելի է նշել, որ Բարենցի ծովում գտնվող Շտոկմանյան հանքի պաշարները կազմում են 3,7 տրիլիոն, բայց Գազպրոմն արդեն խաչ է քաշել այդ հանքից տնտեսական օգուտ քաղելու հույսի վրա: Մնում է միայն «զսպել» և «կարգավորել» գազի շուկան, ինչը նշանակում է ամեն կերպ խանգարել նոր տեխնոլոգիայի տարածմանը:

Ու իմաստ էլ չկա հույսեր փայփայելու, որ գազի գների անկման դեպքում գոնե նավթի գինը բարձր կմնա: Գազի ու նավթի գինն իրար հետ փոխկապակցված են, ու եթե մեկը աճում կամ անկում է ապրում, նույնն անում է մյուսը: Ռուսաստանի պարագայում, իհարկե, բնական այլ ռեսուրսների հույսին էլ կարելի է մնալ՝ նիկել, ալյումինիում, ոսկի, ադամանդ... բայցևայնպես, դրանք չեն կարող կոմպենսացնել տնտեսական այն կորուստները, որոնք առաջ կգան գազի գնի անկման պարագայում:

Այնպես որ, սլանցային գազի արդյունահանումը անկասելիորեն կբերի հեղափոխության էներգակիրների շուկայում ու խաչ կքաշի Գազպրոմի և դրա ավանդական մենաշնորհի վրա, ինչպես նաև այն գերշահույթների, որոնք առկա էին մինչ օրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել