Համարենք, որ այս անգամ էլ քեսաբահայերին փրկեցինք, մինչև տեսնենք հաջորդ գուժը, ո՞ր գաղութի, ո՞ր համայնքից ենք լսելու: Տասնամյակներ շարունակ Միջին Արևելքի ու Պարսկաստանի հայությանն ենք «փրկում», Ռուսաստանինը համարվում է «փրկված», մինչդեռ նրանց բոլորի լավագույն փրկությունը կլիներ սեփական հայրենիքում ապրելը: 
Ավաղ, հայի բախտն այնպես է դասավորվել, որ մեկը լինի հայրենաբնակ հային փրկի: «Անկախություն» հռչակած և սեփական հայրենիքում խուժանի ձեռքը գերի ընկած, սոված, ծարավ, թափառական հային փրկի: Աշխարհով մեկ ցիրուցան, ամեն տեղում հոգսաշատ, համ իր գլուխը, համ երկրի քյասիբին պահող հային փրկի:
Ամբողջովին «աղետի գոտու» վերածված հայրենիքում մի խումբ ագահ ստահակներ, իրենց տեղական ու սփյուռքյան մանկլավիկների հետ միասին տնօրինում են համայն հայության ճակատագիրը՝ իրենց ձեռքն առնելով իշխանության և ազդեցության գրեթե բոլոր լծակները: Պարզ, սովորական հայ մարդը լրիվ զրկված է սեփական երկրի, սեփական ճակատագրի տնօրինման որևէ հնարավորությունից: Ուր էլ գնա՝ ներսում, թե դրսում, նա ձայնազուրկ է, ազգային հարցերում իր փոխարեն որոշումներ են կայացնում, իրեն նվաստացողները, իրեն ստորացնողները, հուսալքության մատնողները:
Ստացվում է այնպես, որ մենք աշխարհով մեկ ցրված, մեկս մյուսին փրկելով ենք զբաղված, մինչդեռ մեր փրկության բանալին մեր բոլորի ՄԻԱԿ ՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆՆ Է ...
1 մլն. երկրում, 9 մլն. դրսում: Ո՞վ է նման բան լսել, սա ցնորք է, խելագարություն: Որքա՞ն պետք է իրար «փրկենք», որքան պետք է իրար խափենք: Քյասիբահայերը՝ «փրկեցին» քեսաբահայերին: Քեսաբահայերը իրենք էլ դարձան քյասիբահայ՝ անտուն թափառական, հավասարվելով նախորդ «փրկվածներին»: Հաջորդ «փրկվողները» կանգնեն հերթի, հաջորդ կայարանը գժանոցն է ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել