Ինչպես է հեշթեգը կեղծ լուրեր տարածելու գործիք դառնում. #SaveKessab-ի դեպքըMedia.am-ը գրում է.
«Կեղծ տեղեկատվությունը, լուսանկարները եւ տեսանյութերը արագ են տարածվում, քանի դեռ օգտատերերն ուղղակի ժամանակ չեն ծախսում դրանք ստուգելու համար: Անգամ խմբագրություններն են սխալվում եւ առանց փաստերը ստուգելու օգտագործում սոցիալական մեդիայով տարածվող կեղծ բովանդակությունը»

#SaveKessab անունով տեղեկատվական արշավն աշխարհին պատմում է թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ շրջանի հայության խնդիրների մասին:

Մարտի 21-ի առավոտյան Սիրիայի ապստամբները ներխուժել էին Քեսաբ, տեղի հայերը լքել էինբնակավայրը եւ տեղափոխվել էին Լաթաքիա: Քեսաբահայերը դեռ հույս ունեն վերադառնալ իրենց տները: Աշխարհը հետեւում է Սիրիայի այդ հատվածում իրադարձությունների զարգացմանը: #SaveKessab հեշթեգը կարծես թե այդ իրադարձությունների՝ հայությանը վերաբերվող կողմին ուշադրություն դարձնելու նպատակ պետք է ունենար:

#SaveKessab արշավը թափ էր առնում աստիճանաբար: Հիմնական հարթակներն էին Twitter-ը, Facebook-ը եւ Instagram-ը: Արշավին միացել են հայտնի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը եւ Յուրա Մովսիսյանը: Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Քիմ Քարդաշյանը Twitter-ում #SaveKessab գրառումներ կատարեց

Լիանան ճիշտ է նկատել՝ #SaveKessab հեշթեգով հատկապես կեղծ տեսանյութերը տարածվում են արագ եւ մեծ համառությամբ: Զանգվածային գնդակահարության տեսարաններ, որ Քեսաբի հետ ոչ մի կապ չունեն (կեղծ տեսանյութը տարածել էր ռուսական LifeNews-ը, սակայն սկզբնաղբյուր տեսանյութը YouTube-ում տեղադրվել էր մարտի 20-ին, մինչեւ Քեսաբի գրավումը), խաղարկային ֆիլմերից կտրված կադրերով պատրաստված տեսանյութեր:Քեսաբում բնակվող հայերի մի մասը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության ժամանակներում են արտագաղթել Սիրիա: 1915-ի դեպքերի հետ զուգահեռները եւ այն, որ ըստ տարբեր աղբյուրների՝ սիրիացի ապստամբները Քեսաբը գրավել են Թուրքիայի կողմից, առիթ դարձան, որպեսզի #SaveKessab հեշթեգի կողքին օգտագործվի նաեւ #ArmenianGenocide հեշթեգը: Ավելին՝ այդ զուգահեռները սոցիալական մեդիա արշավում դոմինանտ դեր են կատարում: Ու ստացվում է, որ 1915թ.-ի ցեղասպանության ու Քեսաբում հայզգի զոհերի մասին կեղծ լուրերի միջեւ հավասարության նշան է դրվում: Ամերիկահայ լրագրող Լիանա Աղաջանյանը շատ դիպուկ գրառում էր կատարել այս թեմայով իր Twitter-ում:

Այս տեսակի կեղծ տեղեկատվությունը տարածողները հաճախ հասարակ օգտատերեր են, որ ուղղակի ուզում են սոցիալական մեդիան օգտագործել իրենց հայրենասիրությունը ցույց տալու կամ պարզապես քեսաբահայերի խնդրի լուծմանը իրենց կարողացածի չափով օգնելու համար:

Խնդիրն այն է, որ տեղեկատվությունը Քեսաբից, որպես այդպիսին, շատ սուղ է: Առաջին աղբյուրից տեղեկատվությունը գրեթե բացակայում է: Իսկ երբ տեղեկատվություն չկա, շատ հեշտ է այն փոխարինել ապատեղակատվությամբ:

Առաջինն «Ապարեզ»-ն էր, որ գրեց 80 զոհերի մասին՝ առանց տեղեկատվությանը որեւէ հղում անելու: Նրանց ազգության մասին տեղեկատվություն նույնպես չկար: Հայ զոհերի մասին տեղեկատվությունը ընդհանրապես պաշտոնապես չի հաստատվել: Նույն սոցիալական մեդիայի օգնությամբ Քեսաբում հայազգի զոհերի մասին լուրերը հերքվել են:

Կեղծ տեղեկատվությունը, լուսանկարները եւ տեսանյութերը արագ են տարածվում, քանի դեռ օգտատերերն ուղղակի ժամանակ չեն ծախսում դրանք ստուգելու համար: Անգամ խմբագրություններն են սխալվում եւ առանց փաստերը ստուգելու օգտագործում սոցիալական մեդիայով տարածվող կեղծ բովանդակությունը: Եվ #SaveKessab-ն այստեղ բացառություն չէ:

Խնդրի լուծումը լրագրողների համար սոցիալական մեդիայից նորությունների ստուգման մեխանիզմների կիրառումն է: Համապատասխան ձեռնարկն էլ արդեն հասանելի է ցանցում: Այն կիրառելի է նաեւ հասարակ օգտատերերի համար, եթե նրանք share, like կամ retweet կոճակը սեղմելուց առաջ մի քանի րոպե ծախսեն իրենց կողմից տարածվող տեղեկատվությունը ստուգելու համար:

Գեղամ Վարդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել