Այսօր ինձ համար առօրյայից հաճելի և հետաքրքրական շեղում էր, երբ հանդիպեցի աշխարհահռչակ ճարտարապետ Միշել Մոսեսյանին: Միշելը ծնվել է Փարիզում: Նրա գրասենյակը Լոնդոնում է, իսկ հռչակավոր գործերը տարածված են աշխարհով մեկ՝ Դոհա, Դուբայ, Շանհայ, Լոնդոն: Նա նաև հեղինակն է Բրյուսելում կառուցվող ՆԱՏՕ-ի նոր կենտրոնակայանի: Միշելն առաջին անգամ էր այցելում Հայաստան: Դեռ վաղ էր հարցնել տպավորությունների մասին, որովհետև ընդամենը երեկ երեկոյան էր ժամանել նա:
Զրույցը ինձ տարավ իմ ուսանողական տարիներ, երբ գլխավոր հետաքրքրությունս ճարտարապետությունն էր: 
Միշելը այն ճարտարապետներից է, որ սկզբունքային մոտեցում ունի իր գործի նկատմամբ: Նա համոզված է, որ յուրաքանչյուր կառույց պետք է իր միջավայրի և մշակույթի հետ դիալոգի արդյունքը լինի: 
Ես համոզված եմ, որ Միշելը մեծ օգտակարություն կարող է ունենալ Հայաստանի համար՝ այստեղ բերելով իր փորձն ու գաղափարները: Նա ինքն ասաց, որ եթե այս այցի ընթացքում զգա, որ իր մոտեցումներն ընկալելի և ընդունելի են, կուզենա որևէ ձևով ներգրավվածություն ունենալ Հայաստանում:

Լուսանկարում՝ բազմահարկ բնակելի շենք Դուբայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել